Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականները խաբեցին ինձ

Հունվար 11,2012 13:36

Եվ 1702թ. Ամստերդամում տպագրված շարակնոցը գնեցին «ջրի գնով»

Նեղ օրերից մի օր գնացի Էջմիածին: Հետս գիրք էի վերցրել վաճառելու համար, 1702թ. Ամստերդամում տպագրված շարակնոց, հրաշալի պահպանված:

Տեր հայրը (անունը չեմ ուզում նշել), ում երկու օր առաջ արդեն մոտեցել ու ասել էի գրքի մասին, ինձ ուղեկցեց պահակի սենյակ, զանգահարեց գրադարան, ասաց գրքի մասին, ապա ինձ դիմեց՝ ինչքա՞ն եք ուզում:

Ես շփոթվեցի. էդպես միանգամի՞ց: Էդ պահին վիրավորված զգացի եւ ինձ, եւ գրքիս համար: Ես այլ բան էի սպասում. գիրքը ակնածանքով կվերցնեն ձեռքիցս, կհանձնեն գրքագետ-մասնագետներին, որոնք կուսումնասիրեն, կգնահատեն, կասեն մոտավոր գինը:

Գիրքս Էջմիածին բերելը պատահական չէր, կարող էի եւ Մատենադարան տանել, որ տանս մոտ է: Լավ իմանալով գրքի բարձրարժեք լինելը՝ ցանկացա մի բան անել հօգուտ եկեղեցու: Զիջումների էլ էի գնալու, ինչքան որ հարմար կգտնեին: Բայց հիմա, պահակի սենյակում կանգնած, թերթով փաթաթած գիրքս ձեռքիս, ինձ լավ չէի զգում:

Ես ասացի. «Ես մասնագետ չեմ… 3000 դոլար»: Տեր հայրը անչափ զարմացավ, լսափողը ինձ փոխանցեց, եւ գրադարանի աշխատակցուհին սկսեց եռանդով համոզել ինձ, ասելով, որ այդ գրքից Հայաստանում 17 օրինակ կա, եւ այն ամենաշատը 300 դոլար արժե, եւ որ գրադարանի տնօրենը դասախոսության է, կարող եմ սպասել նրան, համոզվելու համար:

Գրքի մեջ, թղթիկի վրա հայրս գրել էր. երեք օրինակ՝ Հանրային գրադարան, Գրական թանգարան, Պատմության թանգարան: Ճիշտ է, դա գրված էր ավելի քան 30 տարի առաջ, բայց թեկուզ միայն շատ լավ պահպանված լինելու առումով եզակի էր եւ հետեւաբար թանկ արժեր:

Տեր հորը հայտնեցի իմ մտահոգությունը: Այլեւս չսպասելով տնօրենին, որի հետ հեռախոսով կապվել էր եւ պարզել, որ արդեն գալիս է, նա որոշեց, որ պետք է մտնենք Վեհափառի մոտ, որովհետեւ, միեւնույն է, առանց նրա համաձայնության ոչ մի գիրք չեն գնում:

Ես դրսում էի սպասում: Քիչ հետո Վեհափառը դուրս եկավ եւ ասաց ինձ. «Եթե մեր փորձագետը 300 դոլար է ասել, ուրեմն այդքան է, եթե համաձայն չեք՝ կարող եք տանել»:

Ի՞նչ փորձագետ: Կամ մի՞թե հեռախոսով գրքի գին են որոշում: Գիրքը մինչ այդ միայն տեր հայրն էր տեսել եւ, իհարկե, գիտեր նրա իրական արժեքը:

Ինչեւէ, ես գիրքը տվեցի իրենց ասած գնով (հանած եւս 10 տոկոս), ու երեւի չանդրադառնայի էլ այս պատմությանը, եթե վերջերս բուկինիստական խանութում չտեսնեի 1794թ. Կ. Պոլսում տպագրված շարակնոց, գնահատված 750 000 դրամ:

Վերջում ուզում եմ ասել՝ Կոտայքի Մայրավանքի հանգանակությանը ես էլ մասնակցեցի 10 000 դրամով: Սա՝ որ պարզ լինի իմ ոչ անտարբեր վերաբերմունքը մեր եկեղեցու հանդեպ:

ԱՐՓԻԿ ԻՆՃԻԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031