Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 105 ֆիլմ՝ 35 երկրից
Նոյեմբերի 4-11-ը կկայանա «ՄանուՖեստ» մանկապատանեկան ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Այն կընդգրկի Արագածոտնի, Լոռու և Սյունիքի մարզերը։
«ՄանուՖեստ» միջազգային մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի հիմնադիր տնօրեն, «Մանու Ֆոնդ» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ավելի քան 25 տարվա գործունեությունից հետո որոշում է կայացվել Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկովի ֆոնդ»-ը վերանվանել Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Մանու Ֆոնդի»՝ «մանու» անվանման հիմքում ունենալով մանուկ բառը։ Իսկ Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն այսուհետ կկրի «ՄանուՖեստ» անվանումը։
Տիկին Մանուկյանից տեղեկացանք, որ փառատոնի միջազգային աջակիցներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը։ «ՄանուՖեստն» այս տարի կանցկացվի «Մանուկն աշխարհին» խորագրով։ Նա նաև հայտնեց, որ փառատոնի ծրագրում ընդգրկվել է 105 ֆիլմ՝ 35 երկրից, և, չխախտելով ավանդույթները, բոլոր ծրագրերում ներգրավված կլինեն երեխաներ ոչ միայն Երևանից, այլև ՀՀ մարզերից, այդ թվում՝ մանկատներից, անապահով ընտանիքներից։ Կընդգրկվեն նաև սահմանափակ կարողություններով երեխաներ։ Մանկապատանեկան ժյուրին ևս կազմված է լինելու բացառապես երեխաներից և պատանիներից։
Կարդացեք նաև
«Լավագույն խաղարկային ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը ներկայացնում են «ԱՅԲ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը՝ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները, «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը՝ Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի սաները, և «Վիշեգրադի լավագույն ֆիլմ» անվանակարգը՝ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի աշակերտները։
Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված է «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացված են երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը՝ երեխաների համար։ «ԱՅԲ» դպրոցի աշակերտները ներկայացրել են «Ինքնության քարտեզ» ֆիլմը, որը պատմում է մեր արժեքների, ընտրությունների և ինքնության բացահայտման մասին, ինչպես նաև «ՖիլմՀարմոնիկ» ֆիլմը՝ նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին։ Միլենա Եդիգարյանը «Արմավիրի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից ներկայացրել է երկու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Գտնելով տունը» և «Երեկույթ»։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև Օն/Օֆֆ ստուդիայի 2 ֆիլմերը՝ «Սևանիկ»՝ 3 մասից բաղկացած անիմացիոն շարքը, որտեղ Սևանիկն ու իր ընկերները բախվում են բնությանը սպառնացող վտանգներին, և Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի հիման վրա ստեղծված «Վիշապն ու Վահագնը» մրցութային ֆիլմը, որը պատմում է ընկերության և միասնականության կարևորության մասին։ «Մանկապատում» ստուդիան էլ ներկայացնում է «Մանկապատումներ» ֆիլմաշարը, որը պատմում է դպրոցական առօրյայից վերցված ուսուցողական պատմություններ՝ խրախուսելով կարգապահությունը, ընկերասիրությունը և լավ սովորելը»,- մանրամասնեց «ՄանուՖեստ» միջազգային մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի հիմնադիր տնօրեն, «Մանու Ֆոնդ» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը։
Նրա տեղեկացմամբ՝ նոյեմբերի 3-9-ը Երևանում՝ «Նաիրի» կինոթատրոնում, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցում, տեղի կունենան ծրագրում ընդգրկված ֆիլմերի ցուցադրությունները։ Ինչպես արդեն նշվեց, ցուցադրություններ կլինեն նաև ՀՀ մարզերում։ Նախատեսված են նաև ստեղծագործական հանդիպումներ՝ տիկնիկային թատրոնում, «ԹՈՒՄՈ»-ում, Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցում։
Փառատոնի բացման ֆիլմերն են՝ «Մեծ երազաշխարհը» (Ֆրանսիա, Բելգիա, 2025), որն «Անսի» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Քրիստալ» մրցանակի, «Ձիու դիմանկարը» (Լեհաստան, 2023), որը նոմինացված է եղել «Անսի» միջազգային կինոփառատոնում՝ որպես «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», ինչպես նաև Լեհաստանի կինոգործիչների միության կողմից ճանաչվել է «Լավագույն հեղինակային ֆիլմ»։
Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև պրեմիերաներ, որոնց թվում են բացառիկ իրավունքով ցուցադրվող «Ռոբոտի երազանքները» (Ֆրանսիա, Իսպանիա, 2023), «Մեծ երազաշխարհ» (Ֆրանսիա, Բելգիա, 2025), ինչպես նաև «Իմ պապիկը Նիհոնջին է» (Բրազիլիա, 2025) ֆիլմերը։
Փառատոնի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 4-ին, ժամը 19-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական հիմունքներով։ Փառատոնի այս տարվա իմիջային նկարի հեղինակն է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի սան, 10-ամյա Կարինե Մելիքյանը։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.10.2026



















































