Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն առանց կրկեսի նույնն է, ինչ թագավորն առանց խեղկատակի

Փետրվար 01,2012 13:56

Օրերս Մարզահամերգային համալիրում կայացած Հայոց բանակի 20-ամյակին նվիրված համերգին Գերմանիայից հրավիրված էին նաեւ կրկեսի արտիստներ՝ աճպարարներ, Գինեսի քառակի ռեկորդակիրներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները: Միջազգային մի շարք մրցույթների հաղթողները անցյալ տարի իրենց պարգեւներն ավելացրին եւս մեկով՝ Գերմանիայում կայացած «Սուպեր տաղանդ» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակով:

«Առավոտը» հանդիպեց կրկեսային ճանաչված Պետրոսյան ընտանիքի անդամների հետ: Վերջին անգամ Սոսն ու Վիկտորյան հայ հանդիսատեսին ներկայացել են 2008թ., երբ նշվում էր ընտանիքի հոր՝ անվանի ձեռնածու, Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի ծննդյան 60-ամյակը:

Հարցին՝ ինչո՞ւ հաճախ չեն լինում Հայաստանում, կրտսեր Սոս Պետրոսյանը նախ ուրախությամբ հայտնեց, որ այս այցելության ժամանակ ստացել է ՀՀ անձնագիր, հետո էլ հավելեց. «Շուրջ 20 տարի բնակվելով Գերմանիայում, մասնակցել ենք 11 միջազգային մրցույթների՝ արժանանալով գլխավոր մրցանակների, ելույթներ ունեցել 60 երկրում: Սա մեծ պատասխանատվություն է, երբ ամբողջ մի ազգ ես ներկայացնում: Մյուս կողմից՝ կրկեսի արտիստը չի կարող մի քանի տարի աշխատել նույն օջախում: Կրկեսը թատրոն չէ, որ ունենա հիմնական արտիստների խումբ: Օրինակ, ես եւ կինս ընտրել ենք աճպարարական ժանրի ամենաբարդ ձեւը՝ զգեստներն արագ փոխելը: Գրանցվեցինք Գինեսի ռեկորդների գրքում՝ 1 րոպեում 13 զգեստ: Հիմա աշխատում ենք նույն ժամանակում 15 զգեստ փոխելու ուղղությամբ: Բայց նույն համարը, ինչքան էլ այն ռեկորդակիր լինի, տարիներ շարունակ չես ցուցադրի նույն վայրում: Կարճ ասած՝ մենք ժանրը պահպանում ենք՝ անընդհատ այն կատարելագործելով ու հանդես ենք գալիս տարբեր կրկեսներում: Մինչեւ 2017թ. պայմանագրեր ունենք կնքած տարբեր կրկեսների հետ»:

Մեր զրուցակիցները ուրախությամբ նշեցին, որ 1962թ. հիմնադրված Երեւանի կրկեսի հիմնանորոգումից հետո՝ 2013թ. հոկտեմբերին, պարտավորվում են Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի իրենց ճանաչված կոլեգաների հետ ներկայանալ հայ հանդիսատեսին: «Հուսով եմ՝ 2014թ. մայիսին կիրականանա իմ ու հորս երազանքը՝ Երեւանում առաջին անգամ կանցկացվի կրկեսային արվեստի միջազգային փառատոն: Կրկեսային արվեստի միջազգային ասոցիացիան (Կենտրոնական գրասենյակը Լոնդոնում է) արդեն տվել է իր համաձայնությունը»:

Հանրահայտ բրիտանական՝ «Պետությունն առանց կրկեսի նույնն է, ինչ թագավորն առանց խեղկատակի» ասացվածքի առիթով Վիկտորյան փաստեց, որ կան կրկեսի՝ աշխարհով մեկ սփռված տաղանդավոր հայ արտիստներ, սակայն Երեւանի կրկեսի եւ ոչ մի արտիստ վերջին 30 տարում չի արժանացել որեւէ կոչման կամ պարգեւի: Հավելեց նաեւ, որ հետեւելով հայաստանյան ԶԼՄ-ներին ու TV-ներին, նկատել է, որ հազվադեպ են հանդիպում կրկեսի այս կամ այն արտիստին կամ հայկական կրկեսին նվիրված անդրադարձներ: «Հայաստանում չկան կրկեսային տեսաբաններ: Փաստորեն, միայն սկեսրայրս է, ով Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր է եւ 1993թ. պաշտպանել է գիտական միակ թեզը՝ «Հայկական կրկեսի գեղարվեստական ավանդույթները»: Անդրադառնալով 2011թ. մոսկովյան հեռուստատեսությամբ «Փառքի րոպե» հաղորդման եզրափակիչ փուլին իրենց որդու՝ դարձյալ Սոս Պետրոսյանի մասնակցությանը, որտեղ նա հաղթող չդարձավ, ծնողները հպարտորեն նշեցին, որ Սոսը հենց անցյալ տարի ԱՄՆ-ում արժանացավ կրկեսային «Օսկարի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829