Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստի հետ շփումը հնարավորություն է տալիս գոնե մի քանի ժամով մոռանալ առօրյա հոգսերը». Արտթերապիա

Մարտ 06,2012 16:36

Բազմաթիվ դժվարությունների, ժամանակի սղության, լարվածության պատճառներով մենք հաճախ մոռանում ենք մեզ, սկսում ենք չճանաչել մեր«ես»-ը: Այն կարող ենք վերականգնել` դիմելով արվեստի թերապիայի օգնությանը:
2000 թվականից սկսած`«Արտթերապիա» կազմակերպությունը Հայաստանում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Սա նկարչության, պլաստիլինի, գույների, երաժշտության միջոցով կատարվող թերապիա է: «Արտթերապիա»-ի հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշում է. «Սթրեսից ազատվելու համար մարդ կարող է դիմել բազմաթիվ միջոցների (հոգեբանի օգնությանը, դեղորայքի օգտագործման, սպա միջոցների…): Երբեմն գույները կարող են ազդել մարդու տրամադրության վրա: Նյարդերը հանգստացնելու համար խորհուրդ է տրվում աշխատել բաց երանգի գույներով, իսկ տրամադրությունը բարձրացնելու համար առավել նախընտրելի են վառ գույները` կարմիր, դեղին, կանաչ, նարնջագույն…: Սակայն արվեստի թերապիան իրականացվում է նաև պլաստիլինի` չչորացող կավամոմազանգվածի, միջոցով: Այդպիսով կարելի է երեխաների միջից հանել վախի զգացողությունը: Եթե երեխան վախենում է օձից կամ շնից, ապա պլաստիլինով պատրաստում ենք այդ կենդանիների պատկերները, և երբ դա արդեն երեխայի առջև է, նա կարող է վարվել պլաստիլինով պատրաստած կենդանու հետ ինչպես ցանկանա (վառել, ջարդել և այլն): Այսպես արտթերապիայի շնորհիվ անձնավորությունն ազատվում է բացասական լիցքերից և դրական լիցքեր է ձեռք բերում: Սա անգիտակցական, ավելի շատ հոգեկան հանգստության թերապիա է:
Արմինեն ու իր փոքրիկն արդեն 2 տարի է, ինչ պարբերաբար հաճախում են «Արտթերապիա»-ի դասընթացների. «Հիմնականում փոքրիկիս` Լիլիթիկի համար սկսեցի հետաքրքրվել և գնալ այդ դասընթացներին, քանի որ աղջիկս վախենում էր տարբեր կենդանիներից, անգամ որոշ մարդկանցից: Շատ քչախոս էր ու չէր սիրում մարդկանց հետ շփվել: Այնուհետև նրան այնտեղ շատ հետաքրքրեց նկարչությունը: 4-5 ամիս հետո Լիլիթիկի մոտ ակնհայտ փոփոխություններ նկատեցի: Ամենակարևորը նա այժմ շատ մարդամոտ է դարձել. բոլոր ծանոթ-հարազատներին ցույց է տալիս իր նկարած նկարները, պլաստիլինով պատրաստած աշխատանքները: Ես ինքս էլ այստեղ գտա ներքին հանգստություն` համակվելով դրական լիցքերով: Արվեստի հետ շփումը հնարավորություն է տալիս գոնե մի քանի ժամով մոռանալ առօրյա հոգսերը»:

 

Ալվինա Սիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031