Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն երեկ համալրվեց մեկ երգչով ու անկախ պատգամավորով

Մարտ 15,2012 13:15

Կամ՝ երգիչներն ու «դիջեյնե՞րն» են, որ պիտի զարդարեն քաղաքական ուժի համամասնական ցուցակը

Երեկ հայտնի դարձավ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հենց նախաշեմին ՀՀԿ-ն համալրվել է եւս մի քանի՝ մեր հանրությանը քիչ թե շատ հայտնի  անդամներով. ՀՀԿ անդամներ են դարձել ԱԺ անկախ պատգամավոր, մինչ այս ընդգծված ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ենթադրվում է նաեւ, որ ՀՀԿ համամասնական ցուցակում են լինելու երգչուհի Շուշան Պետրոսյանն ու նաեւ «դիջեյ» «Վակցինան»: «Առավոտը» փորձեց ճշտել, թե արդյոք միայն իշխանական կուսակցություննե՞րն են, որ դեպի իրենց են ձգում մասնավորապես երգիչներին, «դիջեյներին» ու ընդհանրապես արվեստագետներին, եւ արդյոք վերջիննե՞րս են, որ իրենց ներկայությամբ «զարդարելու» եւ գրավիչ են դարձնելու, օրինակ՝ ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը:

«Նախընտրական շրջանում՝ ընտրություններից անմիջապես առաջ, «Ժառանգությունում», եթե ստացվում են անդամակցության դիմումներ, դրանց ընթացք չի տրվում»,- մեզ հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ դա կուսակցության կողմից գիտակցված քայլ է, որովհետեւ ընտրությունները, որոնք, պատգամավորի ասելով, սպասարկում են լայն հասարակության շատ այլ սպասելիքներ, ընտրությունների նախաշեմին որոշ մարդկանց համար շատ գայթակղիչ են դառնում, եւ նրանք փորձում են իրենց այդ հավակնությունները բավարարել ընտրություններին մասնակցող կուսակցության անդամության միջոցով: «Բնականաբար, «Ժառանգությունն» ընտրություններից առաջ գիտակցաբար անցած տարիների ընթացքում էլ է այդպես արել՝ դադարեցնում է անդամակցության հարցերի քննարկումը՝ ցույց տալով, որ մենք մի կուսակցություն ենք, որի միակ արժանիքը ոչ թե իշխանության գալն ու խորհրդարան մտնելու հեռանկարն է, այլ գաղափարախոսությունը»:

«Ճիշտն ասած, երբ հիշում եմ ՀՀԿ-ի բարձրագոչ հայտարարությունը երկրորդ սերնդի բարեփոխումներ անելու մասին՝ ինքս ուզում եմ հասկանալ,  թե ի՞նչ կապ ունեն այս անդամակցողները՝ երգիչ-երգչուհիները կամ արվեստի գործիչները երկրորդ սերնդի բարեփոխումների հետ, եւ ցավոք, այդ կապը չեմ գտնում»,- ասաց Սաֆարյանը, ով հավելեց, թե անցած ընտրությունների ժամանակ «Ժառանգությունում» նրանց հնարավոր անդամակցության մասին խոսք եղել է, եւ «բավականին որակյալ մարդիկ, մտավորականներ, արվեստի ներկայացուցիչներ, նաեւ լրագրողներ ու հրապարակախոսների մասին էր խոսքը, բայց մենք չենք կարծում, որ նախընտրական ցուցակները նրա համար են, որ այդ անձանց անվան տակ խորհրդարան մտնես»:

Այնուամենայնիվ, կարծիք կա նաեւ, թե՝ ավելի լավ է այս մի խորհրդարանում երգիչներ ու արվեստագետներ լինեն, քան մականունավորներ: «Խնդիրը ո՛չ մականունի մեջ է, ո՛չ սոցիալական կարգավիճակի: Խնդիրն այն է, որ երեկ ու  այսօր էլ խորհրդարաններում չեն եղել այն մարդիկ, ովքեր պիտի լինեին: Այսինքն՝ եղել են մարդիկ, ում համար դա աշխատանքի վայր չէր, դա պատասխանատվություն չէր կամ օրենք գրելու հանձնառություն չէր: Ես ՀՀԿ-ին նոր անդամակցողներին լավ կամ վատ տեսանկյունից չեմ նայում: Միանշանակ կարող եմ ասել՝  եթե այնպիսի դեմքեր, ինչպիսին, ասենք՝ Սամվել Ալեքսանյանը կամ ուրիշներն են, կարող են իրենց թույլ տալ առաջադրվել մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով, ապա ինչո՞վ է նրանցից վատը Շուշան Պետրոսյանը կամ մյուսը: Ես վստահ եմ, որ մարդկային տեսակի առումով Շուշան Պետրոսյանն ավելի վատը չէ եւ միգուցե ավելի շատ արժանիքներ ունի խորհրդարանում լինելու, բայց դա դեռ չի նշանակում, թե այն, ինչ անում է ՀՀԿ-ն՝ իր այս ցուցակային խաղի միջոցով, ու դրանում «աստղեր» ներառելով, որեւէ կապ ունի խորհրդարանը բարեփոխելու փորձի հետ»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031