Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժային կառույցները գրաքննություն են իրականացնում

Մարտ 22,2012 15:30

Բլոգեր Հովհաննես Իշխանյանն իր «Ուվալնյատի օրը» գրքի համար վերջերս կանչվել է Ռազմական ոստիկանություն, իսկ այսօր՝ ոստիկանություն: Aravot.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնեցին Հովհաննեսն ու նրա փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

«Հովհաննեսին հեռախոսազանգով հրավիրել էին Ռազմական ոստիկանություն: Երբ ներկայացանք, տեղում տվեցին ծանուցագիր, որտեղ ասվում էր, թե անհրաժեշտ է իր հեղինակային հրատարկությամբ տպագրված «Ուվալնյատի օրը» պատմվածքներում մատնանշված դեպքերի վերաբերյալ գրավոր բացատրություն տալ: Դեռ քրեական գործ հարուցված չէ, բայց ենթադրվում է, որ կհարուցվի: Դա նորմալ չենք համարում, ըստ էության, գրաքննություն է իրականացվում գեղարվեստական խոսքի նկատմամբ: Բազմաթիվ գրքեր կան, որոնցում ավելի բաց տեսարաններ են նկարագրված, բայց դրանց համար քրեական հետապնդում չի իրականցվում»,- զարմացած է Ռոբերտ Ռեւազյանը:

Հովհաննես Իշխանյանն էլ պատմեց. «Այսօր ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին էին կանչել, մի քանի շաբաթ առաջ էլ՝ Ռազմական ոստիկանություն: Երկու դեպքում էլ խոսակցությունն այն մասին էր, որ գործը գեղարվեստական է, կերպարները հորինված են, նման բացատրություն եմ գրել»: Հովհաննես Իշխանյանն ու իր փաստաբանը գրաքննություն են որակում կատարվածը: Հովհաննեսը հավելեց, որ բանակում խնդիրներ չի ունեցել:

Քանի որ Ռազմական ոստիկանությունը նամակ էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ակնկալելով մասնագիտական եզրակացություն՝ Հովհաննես Իշխանյանի 2011-ին տպագրված գրքի վերաբերյալ, մեկնաբանություն խնդրեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Շողիկ Ասոյանից: Տիկին Ասոյանը նշեց, որ կառավարության մի շարք որոշումների համաձայն, իրենց կառույցն իրավասու չէ նման փորձաքննություն իրականացնել, եւ այդ մասին պատրաստվում են գրավոր պատասխանել ուժային կառույցին: «Կառավարությունը սահմանել է այն չափորոշիչներն ու ոլորտները, որտեղ պարտավոր ենք փորձաքննություն իրականացնել: Կոնկրետ գրականության պարագայում դա վերաբերում է հնատիպ գրականությանը, ձեռագիր գրական ժառանգությանը: Մեզ է վերապահված նաեւ 75 տարվա վաղեմություն ունեցող հրատարակված գրքերի վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու իրավասությունը»,- Aravot.am-ին փոխանցեց մասնագետը:

Կապվեցինք նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի Կենտրոնականի  քննչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանի հետ: Նա ասաց, որ խնդրից տեղյակ չէ, եւ այդ թեմայով նյութեր իրենց մոտ չեն նախապատրաստվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031