Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական դպրոցն ու նրա «Հույսը»

Մարտ 25,2012 15:59

 Հայ մեծ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցն արդեն 54 տարի է` իր ներդրումն է ունենում մեր հասարակության երաժշտական արվեստի զարգացման գործում: Այն քաղաքի կետրոնական դպրոցներից չէ. գտնվում է ծայրամասում, բայց միշտ եղել և մնում է Երևանի լավագույն երաժշտական դպրոցներից մեկը: Այստեղ դասավանդել և ուսանել են ճանաչված ու սիրված երաժիշտներ: Դպրոցի սաներն են եղել անվանի երաժիշտներ Կարեն Դուրգարյանը, Արմեն և Աշոտ Ճենտերեճյանները, Արթուր Գրիգորյանը, Նշան Չալիկյանը և այլք:

Դպրոցը հիմնադրվել է 1958 թվականի օգոստոսի 1-ին և հենց  այդ օրվանից էլ կոչվել է կոմպոզիտոր Տ. Չուխաջյանի անունով: Սկզբնական շրջանում գործել են դաշնամուրային, լարային, փողային և ժողովրդական գործիքների բաժինները, ապա ավելացել են վոկալ, իսկ վերջերս`դհոլի բաժինները: Իր սկզբնավորման տարիներից սկսած` դպրոցը համերգային կապեր է ունեցել ԽՍՀՄ հանրապետությունների երաժշտական դպրոցների հետ: Այդ ժամանակ դպրոցն ունեցել է 150 հոգանոց երգչախումբ, որը նույնպես հանրապետությունում լավագույններից էր: Մասնակցել է Տալլինում, Մոսկվայում, Թբիլիսիում և այլ քաղաքներում կազմակերպված համերգների: Դպրոցի կոլեկտիվի շնորհիվ 1978 թվականին ստեղծվել է դպրոցի պատմության և դպրոցի անունը կրող կոմպոզիտոր Տ. Չուխաջյանի թանգարանը: 1980-ական թվականները եղել են նրա վերելքի տարիները, երբ աշակերտների թիվը հասել է 750-800-ի: Իսկ այժմ այդ թիվը կիսով չափ, և նույնիսկ ավելի, կրճատվել է: Պատճառները շատ են ու տարբեր:

«1980-1990-ական թվականների համեմատ աշակերտների թիվը շատ է նվազել: Այսօր քչերն են, որ ուզում են և հնարավորություն ունեն երաժշտական կրթություն ստանալու: Բացի այդ, հոգևոր զարգացումից զատ, մեր հասարակությունում կան շատ այլ խնդիրներ` նյութական խնդիրներ: Մի կողմից էլ, հիմա շատերը կարծում են, որ երաժիշտ դառնալը այնքան էլ հեռնկարային չէ», – պատմում է երաժշտական դպրոցի տնօրեն Սուրեն Միրզոյանը: Նաև ավելացնում է, որ աշակերտների թիվը նվազել էր հատկապես ժող. գորիծիքների բաժնում` սանթուր, քանոն: Չնայած արդեն 2 տարի է գործում է պետպատվերը, բայց աշակերտների թիվը առանձնապես չի շատացել: Ամենաշատ աշակերտ կա դաշնամուրային բաժնում`99 հոգի, իսկ ամենաքիչը` քանոնի բաժնում` 2 հոգի: Սակայն այս վիճակը չի անդրադառնում դպրոցի ուսուցման մակարդակի և ուսուցիչների պահանջկոտության ու խստության վրա:

«Ամեն կիսամյակ աշակերտները հանդես են գալիս նոր ծրագրերով, հանձնում քննություն` գամմաներ, էտյուդներ: Իսկ երկրորդ կիսամյակում 3-4 նյութ են ներկայացնում և ակադեմիական համերգ են տալիս: Երեխան պետք է տարեվերջին նվագի հանձնաժողովի առջև և հնարավորինս լավ դրսևորի իրեն բարձր գնահատական ստանալու համար»,- նշում է ուսումնական գծով փոխտնօրեն Լարիսա Քյուրքչյանը և ավելացնում, որ դպրոցն  ամեն տարի տալիս է հաշվետու համերգներ Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում: Այդ համերգներին մասնակցում են դպրոցի աշակերտները և «Հույս» կամերային նվագախումբը: Վերջինս ստեղծվել է 2001 թվականին դպրոցի մանկավարժների համատեղ ուժերով և տնօրեն Ս. Միրզոյանի գլխավորությամբ, ով նաև նվագախմբի ղեկավարն ու դիրիժորն է: Նվագախումբը  կրում է դպրոցի նախկին շրջանավարտ, մեծ ճանաչում գտած  վաղամեռիկ ակորդեոնահար Մայքլ Գանյանի անունը: «Հույս»-ը համերգներով հանդես է եկել քաղաքի տարբեր համերգասրահներում և հանրապետության տարբեր քաղաքներում: Թողարկել է 5 ձայնասկավառակ: Իսկ 2006 թվականին  ամերիկյան ամենամյա Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում «Հույս»-ի «Noy’n arch» ձայնասկավառակն արժանացել է «Լավագույն երաժշտական ալբոմ» մրցականին:

«Բացի տարբեր մրցույթ-փառատոնների մասնակցելուց` նվագախումբը պարբերաբար հանդես է գալիս նաև համերգներով, իսկ ստացած հանգանակությունները ծախսվում են դպրոցի վերանորոգման աշխատանքի համար», – նշում է պարոն Միրզոյանը:

Դպրոցը վերանորոգման կարիք ունի: Շենքի պատերը ճաքճքում են:  Սա գլխավոր ու միակ անլուծելի խնդիրն է այժմ: Վատ վիճակում են եղել նաև դպրոցի սանհանգույցները, բայց 2011 թվականի ամռանը «Վիվա սել» ընկերության հովանավորությամբ այդ խնդիրը լուծվել է: Իսկ քաղաքապետարանի  օժանդակությամբ այս տարի լուծվել է նաև ջեռուցման խնդիրը, դպրոցը վերջապես կենտրոնացված ջեռուցում ունի:

Երաժշտական դպրոցը բարեգործական համերգներ էլ է կազմակերպում և մասնակցում մրցույթ-փառատոնների: Արդեն մի քանի տարի է դպրոցի սաները մասնակցում են «Վերածնունդ», «Ոսկե սրինգ» և այլ փառատոնների և բերում մրցանակներ: Բացի այդ, ամեն տարի ապրիլի 5-ից մայիսի 5-ը դպրոցը համերգներ է կազմակերպում շրջակա 12 հանրակրթական դպրոցների աշակերտների համար հենց դպրոցի դահլիճում:

«Հրավիրում ենք 150-200 երեխաների և ծանոթացնում դասական նվագարաններին: Դա նպաստում է դպրոցի` նոր աշակերտներով համալրմանը: Ամեն տարի 2000-2500 երեխաների համար թե´ հանրակրթական դպրոցների դահլիճում և թե´ Չուխաջյան դպրոցի դահլիճում հասարակական հիմունքներով բարեգործական համերգներ ենք տալիս: Իսկ անցյալ տարի թաղապետարանի առաջարկով 5-6 բակերում բացօթյա համերգներ են կազմակերպվել բակերում: Սա յուրահատուկ քարոզչություն է դպրոցի համար», – պատմում է տնօրեն Ս. Միրզոյանը:

Այս տարի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի «Հույս» նվագախումբը հատուկ հրավեր է ստացել Բաթումիում կազմակերպվող «Ոսկե դելֆին» մրցույթ փառատոնին: Հուլիսի 25-29-ին տեղի ունեցող այս մրցույթում մասնակցելու են տարբեր երկրներ: Սակայն ֆինանսական խնդիր կա, մասնակցելու համար երգչախումբը հովանավորության կարիք ունի: Տնօրեն Սուրեն Միրզոյանը վստահ է, որ գնալու դեպքում «Հույսը» բարձր մակարդաով կներկայացնի մեր երկիրը:

 

Տաթև Կարակաշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031