Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլոբալ գոլդը» Նյու Յորքի արբիտրաժային դատարանում «մաքուր դուրս եկավ»

Ապրիլ 04,2012 13:17

Կանադական «Կալդերա Ռեսուրսիզ» ընկերությունը ապօրինաբար իրենով արած բաժնետոմսերը կվերադարձնի

Հայաստանյան «Գլոբալ գոլդ մայնինգ» եւ կանադական «Կալդերա Ռեսուրսիզ» ընկերությունների դատական պայքարը տեղափոխվել է միջազգային ատյաններ: «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունը, որը զբաղվում է ոսկու եւ պղնձի արդյունահանմամբ եւ հանքավայրերի շահագործմամբ, մոտ 1 տարի հայաստանյան դատարաններում պայքարում էր, որպեսզի անվավեր ճանաչվեր «Կալդերայի» կողմից «Մարջանի» հանքավայրի բաժնետոմսերի 100%-ով իր անունով գրանցումը: Ըստ «Գլոբալ գոլդի»՝ պետական ռեգիստրում այդ գործարքը կատարվել է ապօրինաբար եւ խախտումներով, քանի որ «Կալդերան» այդ գրանցման համար օգտագործել է այս 2 ընկերությունների միջեւ կնքված համատեղ ձեռնարկության պայմանագիրը, որը «Կալդերան» խախտել է՝ սահմանված վճարումները չկատարելով: Ուստի պայմանագիրը համարվել է անվավեր: Դատական երկար քաշքշուկներից հետո վճիռ կայացվեց հօգուտ «Գլոբալ գոլդի» եւ որոշվեց, որ «Մարջանի» 100% բաժնետոմսերը պետք է վերադարձվեն ընկերությանը:

«Առավոտը» իր մի քանի հրապարակումներում (05.08.2011, 25.01.2011) անդրադարձել է այս երկու ընկերությունների «հակամարտությանը» եւ լուսաբանել դատական նիստերը:

Մինչ հայաստանյան դատարաններում քննվում էր խնդիրը, «Կալդերա» ընկերությունը 2010 թվականին «Գլոբալ գոլդի» դեմ հայցով դիմել էր Նյու Յորքի միջազգային արբիտրաժային դատարան՝ պահանջելով համատեղ ձեռնարկության պայմանագիրը «Գլոբալ գոլդի» հետ ճանաչել վավեր ու ուժի մեջ:

Երկարատեւ ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո միջազգային դատարանն էլ «հիասթափեցրեց» կանադական ընկերությանը: Ներկայումս միջազգային դատարանի դատավորի մարտի 29-ին կայացրած վճիռը մեր ձեռքի տակ է, եւ ըստ այդմ՝ դատարանը որոշել է, որ «Մարջանի» հանքավայրը պետք է վերադարձվի «Գլոբալ գոլդին»՝ վճռի կայացման օրվանից հաշված 30 օրվա ընթացքում: Թե 30 օրից «Գլոբալ գոլդը» ետ կստանա՞ իր «բաղձալի» հանքավայրը՝ ցույց կտա ժամանակը: Նշենք, որ Նյու Յորքի դատարանը նաեւ որոշել է, որ եթե «Կալդերան» «Գլոբալ գոլդին» փաստացի որեւէ գումար է վճարել երբեւէ, ապա այն պետք է վերադարձվի՝ դարձյալ 30 օրվա ընթացքում: «Առավոտը» «Գլոբալ գոլդի» հայաստանյան ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդոք կանադական ընկերությունը որեւէ վճար կատարե՞լ է մինչ պայմանագրի անվավեր ճանաչելը: Պարոն Պողոսյանի տեղեկացմամբ՝ «Կալդերան» իրենց վճարել է $50 հազար, որն իրենք պատրաստ են վերադարձնել:

Միջազգային արբիտրաժային դատարանի որոշման մեջ կա եւս մեկ ուշագրավ կետ, ըստ որի՝ դատարանը կանադական ընկերությանը թույլ է տալիս հանքավայրից ստանալ ռոյալթի (հանք շահագործողը ստացված շահույթից լրացուցիչ վճարումներ է կատարում), բայց մի պայմանով՝ «Կալդերան» իրավունք ունի հանքավայրի վրա փաստացի ծախսված յուրաքանչյուր $1 միլիոնի դիմաց ստանալ 0.5% ռոյալթի»: Եվ քանի որ «Գլոբալ գոլդի» հայաստանյան ընկերությունը պարբերաբար դժգոհում էր, որ կանադական ընկերությունը պայմանավորված ներդրումները չի կատարում, ինչի արդյունքում ընկերությունն էլ բավականին պարտքեր էր կուտակել, մենք պարոն Պողոսյանից ճշտեցինք՝ «Կալդերայի» փաստացի վճարած գումարը հասնո՞ւմ է $1 միլիոնի: Աշոտ Պողոսյանի խոսքերով՝ կանադական ընկերությունն ընդամենը մոտ $300 հազարի վճար է կատարել, ուստի «Կալդերան» «ռոյալթիի երես» չի տեսնի: Այս առնչությամբ դատարանը նաեւ հավելել է, որ եթե կողմերը վճարումների շուրջ համաձայնության չգան, կարող են կրկին իրենց դիմել, եւ խնդրի վերաբերյալ կկայանա դատական գործընթաց: Ընդ որում, դատարանը նաեւ տեղեկացրել է, որ ընկերությունների կողմից կրած վնասների խնդրի վերաբերյալ գործը հետագայում եւս կքննեն:

Ճիշտ է, «Կալդերայի» հայցը հօգուտ «Գլոբալ գոլդի» վճռվեց, սակայն 21 օրից այդ նույն դատարանում այս անգամ քննվելու է «Գլոբալ գոլդի» հակընդդեմ հայցը, որը ընկերությունը ներկայացրել էր «Կալդերայի» հայցից մի քանի օր անց: «Առավոտի» հարցին՝ չէ՞ որ արբիտրաժային դատարանի վճիռը հօգուտ «Գլոբալ գոլդի» է, եւ հակընդդեմ հայցի նպատակը ո՞րն է, պարոն Պողոսյանն ասաց, որ այդ հայցով մեղադրում են, որ «Կալդերան» պայմանագրով չի կատարել վճարումները, աշխատակիցներին լարել է իրենց դեմ, հատուկ կայքէջ է պատրաստել, որտեղ հակաքարոզչություն է տարել «Գլոբալ գոլդի» դեմ, բացի այդ՝ բաժնետոմսերի գների իջեցման ուղղությամբ դիտավորյալ գործողություններ է կատարել:

Իսկ մինչ այդ կանադական «Կալդերա» ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում «իրենով» արած գույքն ու բաժնետոմսերն ինքնակամ վերադարձնել «Գլոբալ գոլդին»: Հակառակ դեպքում դա կիրականացնեն Կանադայի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողները: Սա պարտադրում է «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման վերաբերյալ» Նյու Յորքի կոնվենցիան, որը վավերացրել են նշված 3 երկրները:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30