Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». Ստեփան Սաֆարյանի ելույթները եւ հայտարարությունները Բաքվում

Ապրիլ 05,2012 11:09

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ակտիվորեն մասնակցեց վեհաժողովի երկրորդ լիագումար նիստի աշխատանքներին:

Ադրբեջանի փակ սահմանների քաղաքականության մերժումը եւ Հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստավորման ողջունումը էներգետիկ անվտանգության հանձնաժողովի զեկույցում

Ապրիլի  2-ին Ստյոպա Սաֆարյանը Նաիրա Զոհրաբյանի հետ միասին մասնակցեց Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին, որի փոխնախագահն է Եվրանեսթի արեւելյան բաղադրիչից: Հանձնաժողովում անխտիր ընդունվեցին հայկական պատվիրակության բոլոր առաջարկները, որոնք Սաֆարյանը պնդել էր Բրյուսելում տեղի ունեցած նախորդ նիստի ընթացքում, ապաեւ` դրանք պաշտպանել Թբիլիսիում մարտի 31-ին տեղի ունեցած ԵԺԿ քաղաքական ընտանիքի հավաքում: Չնայած բազմաթիվ դիմադրություններին, Սաֆարյանը հրաժարվեց որեւէ առաջարկի ետկանչից եւ, որ առավել անցանկալի էր ադրբեջանական կողմի համար, բացասական գնահատական տրվեց փակ սահմանների քաղաքականությանը, ինչպես նաեւ ողջունեց ԵՄ-ի հետ համագործակցված ու միջազգային չափանիշներով Հայկական ԱԷԿ-ի սթրես-թեստավորումը: Վեհաժողովի զեկույցում մասնավորապես արձանագրվեց. Վեհաժողովը «շեշտում է էներգետիկ մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումն ապահովելու անհրաժեշտությունը եւ, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փակ սահմանների քաղաքականության պրակտիկան արհեստականորեն բարձրացնում է էներգետիկ ցանցերի արժեքը, կանխում եւ խոչընդոտում է արդյունավետ համագործակցությունը էներգամատակարարման աղբյուրների եւ ուղիների դիվերսիֆիկացման գործում»: Սրանով փաստացի ուղղակի գնահատական տրվեց Ադրբեջանի փակ սահմանների եւ տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման քաղաքականությանը: Մեկ այլ կարեւոր խնդիր էր Հայկական ԱԷԿ-ին վերաբերող դրույթը: Ի սկզբանե ադրբեջանական պատվիրակության նպատակն է եղել շահարկել Ֆոկուսիմայի ատոմակայանի աղետը եւ նոր ուժգնությամբ դնել Հայկական ԱԷԿ-ի անհապաղ փակման հարցը: Եվրանեսթի ստրասբուրգյան նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը ձախողվեց դրանում, իսկ սույն զեկույցի նախնական տարբերակում փորձ էր արվել սթրես-թեստ անցնող ատոմակայանների թվում չհիշատակել Հայաստանի ԱԷԿ-ը: Հանձնաժողովում ընդունված զեկույցի վերջնական տարբերակում ամրագրվեց. Վեհաժողովը «ողջունում է Ուկրաինայի եւ Հայաստանի մասնակցությունը սթրես-թեստավորմանը եւ քաջալերում խնդրին առնչվող մյուս արեւելաեվրոպական գործընկերներին` հավաստել թեստավորմանն իրենց մասնակցության հանձնառությունը»: Ապրիլի 3-ին վեհաժողովի լիագումար նիստում զեկույցը հաստատվեց Հայաստանի համար շահեկան բոլոր առաջարկներով ու ձեւակերպումներով հանդերձ:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնքան օրինական է ապագաղութացել եւ ինքնորոշվել, որքան Հայաստանը եւ Ադրբեջանը: Ս. Սաֆարյանի պատասխանը Էլմար Մամեդյարովին

Ապրիլի 2-ի հետմիջօրեին Սաֆարյանը ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ միասին մասնակցեց Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ հրավիրված բանախոս էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Իր երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները ներկայացնելուն զուգընթաց Մամեդյարովը խոսեց նաեւ ԼՂ հիմնախնդրի մասին` վերստին շարադրելով «օկուպացիայի», «ագրեսիայի» վերաբերյալ բոլորին արդեն ձանձրացրած ադրբեջանական թեզերը, ինչին ի պատասխան նախ հայտարարությամբ հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը, որին հաջորդեց Ս.Սաֆարյանի հայտարարությունը եւ ապա հարցը. «Նախարար Մամեդյարովի ելույթը եւս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն ապրում է մեկ այլ իրականության մեջ, որտեղ այն, ինչը միջազգային ու եվրոպական իրավունքում կոչվում է իրավունք, այստեղ այլ կերպ են անվանում: Նախարարը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն անվանեց օկուպացիա, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնքան օրինավոր ու միջազգային իրավունքին համապատասխան է ապագաղութացել ու ինքնորոշվել, որքան Հայաստանը եւ Ադրբեջանը: Մենք խոսում են տարբեր լեզուներով, եւ եվրոպական ինտեգրումը, որի մասին ակնարկեց պարոն Մամեդյարովը, հենց միտված է նրան, որ Արեւելյան գործընկերության անդամ երկրներին, այդ թվում` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին ավելի մոտեցնեն ԵՄ-ին, ընդհանուր դարձնեն եվրոպական արժեքները` իրավունքի գերակայությունը, ինքնորոշումը եւ ժողովրդավարությունը: Այդպիսի արժեքներն ու դրանց նույնական ընկալումն են դառնալու գործընկերության, համագործակցության, ինչպես նաեւ խնդիրների ու փաստերի մասին նույն լեզվով խոսելու հիմքը: Պարոն նախարար, մեր հանձնաժողովին բնորոշ հարցերի` մարդու իրավունքների, ժողովրդավարության փոխարեն դուք խոսեցիք ավելի շատ կոնֆլիկտից ու արտաքին քաղաքական հարցերից, մինչդեռ վերջին տարիներին միջազգային կազմակերպությունները` Եվրոպական խորհրդարանը, ԵԽԽՎ-ն, ինչպեսեւ իրավապաշտպան կազմակերպությունները մեծ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատության, ազատ հավաքների եւ այլ հիմնարար իրավունքների խախտման կապակցությամբ: Կոնֆլիկտների մասին ձեր տեսակետի փոխարեն կցանկանայինք լսել, թե ինչ քայլեր է կատարել Ադրբեջանը այդ զեկույցներում հնչեցված մեծ մտահոգությունները վերացնելու, այն է` մարդու իրավունքներն ապահովելու ու փաստարկված խախտումները վերացնելու ուղղությամբ»:

Մամեդյարովը սոսկ արձագանքեց, թե իրեն հրավիրել են հանձնաժողով` իր տեսակետները լսելու համար, իսկ Սաֆարյանի հարցն ընդհանրապես շրջանցեց, թեեւ չկարողացավ խուսափել հայ պատգամավորների այլ սուր հարցադրումներից:

Որտե՞ղ է Մուսավաթը, որտե՞ղ են սոցիալիստները. Սաֆարյանը լիագումար նիստում

Ապրիլի 3-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքները մեկնարկեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձով, որի ընթացքում անբարեկիրթ, վեհաժողովի շատ պատգամավորների զայրույթը հարուցած որակումներ հնչեցին Հայաստանի ու նրա ժողովրդի հասցեին: Հայկական պատվիրակությունը դրան նախ արձագանքեց պատվիրակության ու նրա անդամների հայտարարություններով: Իսկ զեկույցների քննարկման շրջանակում Սաֆարյանը դարձյալ անդրադարձավ Ադրբեջանում ժողովրդավարության լուրջ պակասուրդի խնդրին, որը հանգեցնում է նման անցանկալի դրսեւորումների: «Ցավոք, երեկ հանձնաժողովներում զեկույցների քննարկման ընթացքում մենք ձախողվեցինք մի շարք արժեքավոր առաջարկների ընդունման հարցում, որոնք վերաբերում էին մեր երկրներում քաղբանտարկյալներ ունենալու, քաղաքական հետապնդումների, խոսքի,  հավաքների ու այլ ազատություններից մարդկանց զրկելու անթույլատրելիությանը: … Ես հարցնում եմ եվրոպացի լիբերալ գործընկերներիս. որտե՞ղ են Մուսավաթ կուսակցության ներկայացուցիչները: Որտե՞ղ են Ադրբեջանի սոցիալիստները: Ի՞նչ է լինելու քաղբանտարկյալների հետ: Ադրբեջանի իշխանությունները ԵԽԽՎ հատուկ զեկուցողին արգելեցին մուտք գործել Ադրբեջան` ծանոթանալու ու հետաքննելու իրավիճակը: Բազմաթիվ մարդկանց սեփականության իրավունքը զանգվածաբար խախտվում է այստեղ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին արգելված է համագործակցել Հայաստանի իրենց գործընկերների հետ: Սա է իրավիճակն այս երկրում»:

«Ժառանգության» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30