Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքուր ջուրը» կդիմի՞ դատարան

Ապրիլ 05,2012 13:06

Այսօր «Մաքուր ջուրը» պաշտոնապես կհայտարարի՝ դիմելո՞ւ է դատարան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, թե՞ ոչ: Մոտ մեկ շաբաթ առաջ ՄԳԱ Վոթըր ընկերությունը, որը հայտնի է իր «Մաքուր ջուրը» ապրանքանիշով, տուգանվել է անբարեխիղճ մրցակցության համար՝ 5 միլիոն դրամով: «Առավոտի» հետ զրույցում «Մաքուր ջրի» ներկայացուցիչն ասաց, որ իրենք հանձնաժողովի որոշման մի շարք կետերի հետ միանշանակ համաձայն չեն:

Նշենք, որ հանձնաժողովը «Մաքուր ջրին» տուգանել էր սպառողներին մոլորեցնելու համար, քանի որ հայտնաբերել էր, որ այդ ջուրը շշալցնում է քաղաքային ջրամատակարարման ցանցից, այլ ոչ թե Գառնու սառնորակ աղբյուրից, ինչպես որ մակնշված է ընկերության պիտակի վրա: Սրան էլ ի պատասխան՝ ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանում շշալցված բնական աղբյուրի խմելու ջրի վերաբերյալ տերմիններ եւ ցուցանիշներ (քիմիական կազմը) սահմանող ազգային ստանդարտներ չեն գործում: Ուստի իրենք հումքային ջրի ծագման մասին միշտ տվել են ճշգրիտ տեղեկություններ: «Այն, որ ասում են ծորակի ջուր, դա այլ հասկացություն է: Մենք ֆիլտրացրած ջուր ենք լցնում»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչը: Մեր այն դիտարկմանն էլ, որ այդ դեպքում մակնշեիք ծորակի ֆիլտրացած ջուր, որպեսզի սպառողն էլ տեղյակ լիներ, թե ինչ է օգտագործում, ընկերությունից ասացին. «Այսօր մանրամասն տեղեկություններ կտարածենք մեր հետագա քայլերի մասին»: «Մաքուր ջրից» նաեւ հավելեցին, որ ջրի ստանդարտների կամ ծորակի ջուր սահմանման վերաբերյալ այդ բոլոր հարցերը դատական կարգով կպարզվեն:

Երեկ հանձնաժողովից մեզ վստահեցրին, որ ընկերության բողոքարկման վերաբերյալ վարչական բողոք չեն ստացել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30