Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ժառանգությունը» միշտ եղել է ժողովրդի կողքին

Ապրիլ 16,2012 12:35
«Ժառանգությունն» այցելեց Արմավիրի մարզ

 Երեկ ուշ երեկոյան ավարտվեց  «Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունները Արմավիրի մարզի Արշալույս, Քարակերտ, Դալարիկ, Մյասնիկյան, Հոկտեմբեր, Նոր Արմավիր, Արմավիր, Մեծամոր, Էջմիածին բնակավայրեր, ուր տեղի ունեցան հանդիպումներ ընտրողների հետ:

Հանդիպումների ընթացքում ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» ցուցակի այլ անդամներ՝ նախկին արտգործնախարար եւ քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, քաղաքագետ Թեւան Պողոսյանը եւ վերլուծաբան Անուշ Սեդրակյանը, «Ժառանգության» Կենտրոն ստորաբաժանման ղեկավար Սուսաննա Մուրադյանը:

Նոր Արմավիրում Սուրբ Դավթի եւ Արշալույսում Սուրբ Կարապետի տոնի կապակցությամբ մասնակցեցին ուխտագնացություններին, ապա մի շարք գյուղերում «քաղաքական զբոսանք» ունեցան:

Դալարիկ գյուղում Ալեքսանդր Արզումանյանը ժողովրդին կոչ արեց չհավատալ կեղծ բարերարներին ու կեղծ ընդդիմադիրներին, ովքեր մի ձեռքով ստորագրում են համաձայնագրեր` մյուս ձեռքով ընտրակաշառք բաժանում, եւ կոչ արեց մոլորության մեջ չհայտնվել: Նա բարձր գնահատեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության աշխատանքը անցած 5 տարիների ընթացքում` նշելով. «Այս փոքրաթիվ խմբակցությունը նոր մշակույթ ներմուծեց Հայաստանի խորհրդարան եւ, ընդհանրապես, քաղաքական դաշտ»:

Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ եթե անցած տարիներին «Ժառանգությունն» է իր ունեցած թեկուզ փոքր իշխանության շրջանակներում ուժեղացրել քաղաքացուն` միշտ լինելով նրա կողքին եւ հոգալով նրա խնդիրների լուծումը, ապա  այսօր «իշխանությունը քաղաքացունն է՝ մայիսի 6-ին զորակցելու եւ ուժեղացնելու «Ժառանգությանը», այսինքն՝ օգնելու Նոր Հայաստանի կերտմանը»: Իր հերթին Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես ձեզանից մեկն եմ, ով ապրելու է ազատ եւ արդար Հայաստանում»:

Մեծամորում «Ժառանգության» հետ հանդիպելու համար հավաքվել էին հարյուրավոր քաղաքացիներ: Նրանք իրենց երախտագիտությունն էին հայտնում Անահիտ Բախշյանին` 2001թ.-ից ի վեր կառավարության կողմից իրենց չվճարված հավելավճարների խնդիրը լուծելու համար: «Խորհրդարան անցնելով ես լուծելու եմ Մեծամորի բնակչության բոլոր մնացած խնդիրները` կապված պոլիկլինիկայի վերականգնման, ավագ դպրոցի հիմնանորոգման, Մեծամորով անցնող Արմավիրի մարզի հիմնական կոյուղագծի կարգավորման, այգեգործական տնտեսությունների սեփականաշնորհման հետ»,- հանդիպման ժամանակ հայտարարեց Անահիտ Բախշյանը:

Էջմիածնում դիմելով ընտրողներին` Անուշ Սեդրակյանը նշեց. «Իրական պատգամավորը չի գնում խորհրդարան` թիկնապահներով շրջապատված, իրական պատգամավորը չի ներկայանում իբրև ընդդիմություն եւ հետո մոռանում իր առաքելությունը, իրական պատգամավորը կրում է իր ուսերին պատասխանատվությունը սեփական երկրի եւ իր ժողովրդի առջեւ», իսկ Սուսաննա Մուրադյանը հավելեց. «Գործազուրկին` արժանապատիվ աշխատանք, աշխատողին` արժանապատիվ աշխատավարձ, կենսաթոշակառուին` արժանապատիվ կենսաթոշակ. նաեւ սա է լինելու «Ժառանգությունից» ընտրվող պատգամավորի կարեւորագույն գործերից մեկը, որ մենք ստանձնում ենք»:

Թեւան Պողոսյանն իր խոսքում մասնավորապես շեշտեց. «Շատերն ասում են, որ «Ժառանգությունից» ոչինչ կախված չէ, քանի որ ԱԺ-ում փոքրամասնություն ունի, բայց այդ փոքրաթիվ թիմն իր օրենսդրական նախաձեռնություններով ու հանձնաժողովներում լայնածավալ աշխատանքով օրուգիշեր հանգիստ չէր տալիս կառավարությանը եւ իշխանություններին: Ու եթե «Ժառանգության» թիվը բազմապատկվի խորհրդարանում, ապա հիրավի հնարավոր կլինի սարեր շարժել եւ ապահովել ժողովրդի իրական ներկայությունն օրենսդիր մարմնում»:

Մյասնիկյան գյուղում, ի զարմանս «Ժառանգության», պատվիրակությանը դիմավորել են ԱԱԾ աշխատակիցները` բնակիչների իսպառ բացակայության պայմաններում, եւ ինչն ավելի զավեշտալի է` փորձել են գյուղում շրջելիս ուղեկցել «Ժառանգության» ցուցակի անդամներին՝ դա պատճառաբանելով, իբր, վերջիններիս անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:

 

«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30