Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահին բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորի մայր` Նանա Մուրադյանից

Ապրիլ 16,2012 12:50

Բաց նամակ ՀՀ նախագահ` պարոն Սերժ Սարգսյանին

բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորի մայր`

Նանա Մուրադյանից

Որդիս`  Վալերի Մուրադյանը, զինծառայության է մեկնել ԼՂՀ-ի Ստեփանակերտ ք. Հայկազով զորամաս 2009թ. նոյեմբերի 25-ին: 2010թ. մարտի 15-ին որդուս անշնչացած մարմինը բերեցին տվեցին մեր ձեռքը: Նման իրավիճակում մենք ծանր և անդառնալի կորստին զուգահեռ տեսնում ենք նախաքննության ամենաթողություն և որդուս մահվան իրական հանգամանքները պարզելու տրամադրվածության բացակայություն:

Որդուս մարմնի վրա կային բազմաթիվ հետքեր: Պարանոցի վրա առկա են երկու պարանի հետքեր, մատի սեղմած հետք` պարանոցի աջ կողմում, քթի և բերանի վրա սեղմած հետքեր, թևերի բազուկների ներսային մասում` մատնահետքերի տեսքով կապտուկներ, բութ մատի եղունգը սևացած, ոտքի վրա հարվածի հետք:

Որդուս խեղդել են, հետո կախել, որ նմանվի ինքնասպանության: Նախաքննությունը սկզբում ընթանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մենք հասկացանք, որ առաջին քննիչ Ա. Ապրեսյանը քննությունը վարում էր միակողմանի և տանում փակուղի: ԼՂՀ-ից որդուս բերել էին մերկ վիճակում: Ամուսնուս հարցին, թե ինչու է մեր որդին մերկ, պատասխանեցին, որ հագուստը տարել են փորձաքննության, սակայն դա սուտ էր:4 ամիս անց, մեր բողոքներից հետո, գործը տեղափոխեցին ՀՀ ՊՆ քննչական վարչություն, որտեղ բացահայտվեց, որ որդուս հագուստը փորձաքննության չի ենթարկվել, և միայն 5-րդ ամսում ներկայիս քննիչ`Ա. Թամրազյանը, որդուս հագուստը ուղարկել է փորձաքննության: Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստը գտնվում է ամբողջովին բորբոսնած վիճակում: Մարզաձողի կողքը, որտեղ կախված են գտել որդուս` այն էլ ոտքերը գետնին`ծնկները ծալված վիճակում, աթոռ են հայտնաբերել, որի վրա, իբր, որդիս կանգնել է, սակայն քննիչ` Ա. Ապրեսյանը, այդ կարևոր իրեղեն ապացույցից ոչ մի հետքեր չի վերցրել: Պարանի վրա առկա է արյան հետք, որը տեսանելի է, սակայն մեր փորձագետները անունակ են արյան խումբը որոշել:

Դեպքից 4 օր առաջ, որդիս զանգահարեց և ասաց, որ ականատես է եղել վառելիքի գողության, որի ժամանակ տղաները վառելիք էին լցնում օֆիցերի մեքենան և նրան գումար են առաջարկել լռության համար, սակայն որդիս չի համաձայնվել`ասելով ոչ տեսել եմ, ոչ լսել:Որդուս սպանության օրը` օրվա հերթապահ սպան, երեկոյան անվանականչը չի կատարել` պատճառաբանելով, թե հեռուստացույց էր դիտում և  նրան ոչ մի տույժի չեն ենթարկել` իր պարտականությունները չկատարելու համար: Ես համոզվարծ եմ, որ որդուս սպանել են հենց այդ սպան և 4 զինվորները, որոնք այդ երեկոյան վեճ են ունեցել որդուս հետ` պայմանագրային զինծառայողների սենյակում:

Մեզ երկու անգամ ընդունել է ՀՀ Պաշտպանության նախարար` Ս. Օհանյանը, և խոստացել բացահայտել մեղավորներին և պատժել օրենքի ողջ խստությյամբ, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել:

ՀՀ  նախագահ` պարոն Ս. Սարգսյան, 2011թ-ի հունվարի 27-ին, Ձեր նստավայրի դարպասների մոտ դուք մեզ` բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողնորիս, ասացիք, որ  դուք բոլորից շատ եք ուզում բացահայտել մեր որդիների մահվան հանգամանքները և խոստացաք, որ կբացահայտվեն, սակայն, մինչ օրս ոչինչ չի արվել, և հակառակը քննիչները պնդում են այդ ենթադրյալ ինքնասպանության միակ և կեղծ վարկածը:

Ես չեմ հավատում, որ զինդատախազ Գ. Կոստանյանը կամ քննիչները ճիշտն են Ձեզ զեկուցում` բանակում կատարվող սպանությունների մասին, դրա համար ցանկանում եմ ինձ ընդունեք և լսեք, քանի որ ոստիկանները մեզ թույլ չեն տալիս մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին: Ոստիկանը` անարգելով որդուս հիշատակը, հարվածեց ինձ, ձեռքիցս խլեց որդուս նկարը և նենգաբար ճմրթեց այն: Այս քայլի համար ես դիմեցի ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին, սակայն նա ոչ մի տույժի չենթարկեց այդ ոստիկանին:

Այժմ Ձեր կարգախոսն է << հավատացեք, որ փոխվի >>: Արդեն մեկ տարի և չորս ամիս է մենք Ձեզ հավատում ենք, սակայն ոչինչ չի փոխվել:

Ու՟մ հավատանք, ո՟վ է պատասխան տալու բանակում կատարվող կոտորոցի համար, ի՟նչու չեք կանխում և կանգնեցնում բանակի սպանությունները, ու՟մ է ձեռնատու մեր տղաների մահը: Բանակում տիրող իրավիճակը ցեղասպանություն է:

Ես չեմ լռելու և չեմ հանգստանա, մինչև որդուս սպանողներին չպատժեն` օրենքի ողջ խստությամբ` ցմահ բանտարկությամբ:

Խաղաղ պայմաններում սպանված զինվոր`        

  Վալերի Մուրադյանի մայր`

 Նանա Մուրադյանից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30