Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանի՝ փողով ձայներ գնող կուսակցությունն ամենատկարն է

Ապրիլ 17,2012 14:30

 «Շանսերը հաշվում են պոկերում և պրեֆերանսում»,- այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե ընտրողների ձայների մոտ քանի՞ տոկոսի ակնկալիք ունեն՝ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք աշխատում են հասարակության 30-35 տոկոսը կազմող այն խավի հետ, որոնք կարող են ինքնուրույն որոշում կայացնել և նրանց չեն կողմնորոշել դեպի այս կամ այն կուսակցություն: Aravot.am-ի դիտարկմանը, թե մի շարք կուսակցություններ, այդ թվում նաև «Ժառանգությունը» իր հույսը հիմնականում դրել է ընտրազանգվածի նշված  հատվածի վրա, ուստի ի՞նչ երաշխիք, որ հնարավոր  կլինի ապահովել 5 տոկոսի շեմը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Երաշխիքը մարդու գիտակցությունն է, թե ում օգտին կքվեարկեն, դա այլ հարց է»:

Պարոն Սարգսյանը ներկայացրեց նաև իրենց կուսակցության ծրագրային որոշ կարևոր դրույթներ՝ անդրադառնալով գիտության, կրթության, սոցիալական և այլ ոլորտներում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: Հետաքրքրվեցինք՝ ՀԴԿ ծրագրում գիտության ֆինանսավորման առումով կոնկրետ թվեր նշվա°ծ են, քանի որ այլ կուսակցություններ կոնկրետ նշել են, որ գիտության ֆինանսավորումը պետք է հասցնել ՀՆԱ գոնե 1 տոկոսի: Ա. Սարգսյանը պատասխանեց, որ իրենք կոնկրետ թիվ չեն նշել, սակայն դա պիտի լինի ոչ պակաս, քան ՀՆԱ 3 տոկոսը:

Դառնալով մեր իրականության կնճռոտ կողմերին՝ պարոն Սարգսյանը նկատեց, որ ժողովուրդն ահաբեկված է, այդ պատճառով էլ երբ նրանց փորձում ես ինչ-որ բան ասել, միանգամից նշում են, թե իրենց անձնագրերը վերցրել են: Ա. Սարգսյանը մտահոգված է, թե այդ դեպքում ինչպե°ս կարելի է խոսել արդար ընտրություններից: Իշխանության վարած քաղաքականության մասին էլ ՀԴԿ ղեկավարն ասաց. «Երկրի իշխանությունը վարում է իրավիճակային քաղաքականություն, իսկ այդպես պետություն կառավարել չի կարելի »:

Ներկայումս շահարկվում է այն հարցը, որ ՀԴԿ-ն համեստ է հանդես գալիս քարոզարշավին: Այս առիթով Ա. Սարգսյանն ասաց. «Համեստ, բայց ոչ մտավոր առումով: Դա վերաբերում է ֆինանսական ռեսուրսներին: Իսկ այն կուսակցությունը, որը փողով է ձայներ գնում, ամենատկար կուսակցությունն է»: Ա. Սարգսյանը նկատեց, որ շքեղությունները մինչև մայիսի 6-ը դեռ ավելանալու են: Իսկ իրենց կուսակցությունը հանդիպումներ է նախատեսում Շիրակում, Արարատում, Լոռու մարզում: Մայիսի 4-ին էլ Մատենադարանի մոտ հանրահավաք են կազմակերպելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30