Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյանը կապտուկ է ստացել, բայց տուգանում են ապամոնտաժողներին (Տեսանյութ)

Ապրիլ 19,2012 13:09

 Այս օրերին ոստիկանության ներկայացուցիչներն այցելում են Մաշտոցի այգում տաղավարների ապօրինի ապամոնտաժման աշխատանքներին մասնակցած ակտիվիստների տները ու արձանագրություններ կազմում` նրանց տույժի ենթարկելու համար: Արդեն արձանագրություններ են կազմվել ապամոնտաժող բրիգադի անդամներ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի, Կարեն Շիկոյանի մասով:

Մինչ այդ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել ու զգուշացրել, որ տաղավարների ապամոնտաժումը հանցագործություն է եւ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Սահմանված պատիժը կա’մ տուգանքն է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 100-ապատիկի չափով, կամ կալանքը` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկումը` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Մանվել Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Իրավապահ մարմինները կիրակի եկան, սկզբում գնացել էին մեր տուն, հետ եկել գործի տեղ: Արձանագրություն գրեցին, ասեցին վարչական պատասխանատվություն: Թե ինչքան` չեն ասել, ես սկի չեմ էլ ստորագրել ճիշտն ասած»: Մեր հարցին` տուգանքը մուծելո՞ւ եք` Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Մե՞նք խի պիտի տուգանքը մուծենք: Հլը պարզ չի ինչ են անում, ինչ պիտի լինի, ի՞նչ տուգանք: Իրենք իրենց գործն անում են, գտնում են, որ այդպես է` թող անեն, մենք պրոբլեմ չունենք: Երբ ձեռքվ խփում-գցում են մարդկանց` տուգանքը ո՞րն է ախր: Կանանց քաշքշում են, բացարձակ իրենց գործը չեն հասկանում: Լավ է, որ գոնե նոր հասկացել են, որ պետք է օրենքով գործեն: Մենք հազար անգամ իրենց ասել ենք` օրենքով գործեք, մարդկանց մի քաշքշեք: Իրենք սկսում են ոտքով-ձեռքով խփել, մարդկանց վնասել, ինչի՞ համար` չենք հասկանում»:

PrevPhoto
NextPhoto

Նշենք, որ կիրակի օրվա այգու դեպքերին մասնակցում էր նաեւ «Ժառանգության» ցուցակում ընդգրկված անկուսակցական Կարապետ Ռուբինյանը, որին ոստիկանները հրում էին այս ու այն կողմ: Իրեն տուգանե՞լ են, թե՞ ոչ`Կարապետ Ռուբինյանը դեռ չգիտի: Նա մեր զրույցում պատմեց, որ լուսադեմին է վերադարձել Սյունիքից. «Հնարավոր է ինձ էլ լինի, բայց կարծում եմ` եթե նման դեպք  լիներ` կզանգահարեին Սյունիք, եթե չեն զանգահարել, նշանակում է` հազիվ թե»: Կարապետ Ռուբինյանը նշեց, որ առանձնապես չի տուժել, բայց վնաս կրել է. «Մի փոքրիկ կապտուկ էր ձեռքիս վրա, որն արդեն անցնում է»:

Այսօր Մաշտոցի այգում ապամոնտաժում էին մանկական կարուսելները, որոնք տարիներ ի վեր դրված են եղել այդ այգում: Տարածքում էին նաեւ մի քանի բնապահպանական ակտիվիստներ, որոնք որոշում էին, թե ինչ լոգոյով ու ինչ շապիկով են հանդես գալու առաջիկայում` ակցիաների ժամանակ: Այսօր երեկոյան Մաշտոցի այգին նոր հյուր է ունենալու, Ֆրանսիայից այցելելու են շարժումով հետաքրքրված բնապահպաններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30