Լրահոս
Օրվա լրահոսը

Միլանի առաջին չվերթով 50 զբոսաշրջիկ ժամանեցին

Ապրիլ 20,2012 13:47

«Արմավիա» ավիաընկերությունը ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը

Միլան-Երեւան չվերթի առաջին ուղեւորները:

Երեկ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը կատարեց իր առաջին չվերթը Երեւանից դեպի Միլան եւ հակառակ ուղղությամբ: Սա ավիաընկերության թվով երրորդ թռիչքուղին է դեպի Իտալիա՝ Հռոմից ու Վենետիկից հետո:

Չնայած անձրեւային եղանակին՝ Միլանից եկող օդանավը բարեհաջող վայրէջք կատարեց՝ իր հետ Իտալիայից բերելով 50 իտալացի զբոսաշրջիկների: Օդանավի հրամանատար Արամ Եղոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ թռիչքը կատարվել է «Սուխոյ սուպեր ջեթ 100» ինքնաթիռով, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս անբարենպաստ եղանակային պայմաններում անվտանգ թռիչք ապահովել. «Այս ինքնաթիռն արդեն մեկ տարի շահագործում ենք, եւ սարքավորումները շատ հոյակապ են իրենց դրսեւորում»:

Օդանավի հրամանատարի խոսքերով՝ թռիչքը Երեւանից Միլան տեւում է 3 ժամ 55 րոպեից մինչեւ 4 ժամ, իսկ հետադարձը՝ 3 ժամ 30 րոպե: Նշենք, որ Միլանը հանդիսանում է խոշոր բիզնես-կենտրոն, եւ այս նոր թռիչքուղին հայ գործարարների համար բիզնեսի զարգացմանը նպաստող եւս մի հնարավորություն է: Ինչպես «Արմավիայի» պատասխանատուները հայտնեցին՝ չվերթը տեղի կունենա շաբաթը 1 անգամ՝ հինգշաբթի օրը:

Չվերթի ուղեւորներից մեկը՝ Աննա Մեսրոպյանը, որն արդեն 10 տարի է՝ ապրում է Միլանում եւ Հայաստան էր ժամանել իր փոքրիկի հետ, ասաց, որ մինչ այս ստիպված է եղել տարանցիկ՝ Պրահայով կամ Մոսկվայով Հայաստան գալ, ինչը մի շարք անհարմարություններ է առաջացրել ուղեւորների համար: Բացի այդ, ուղիղ չվերթով մոտ 2 ժամով էլ կրճատվել է թռիչքի տեւողությունը:

Բացի Միլանից՝ «Արմավիան» եւս մի քանի նոր ուղղություններ է բացել: Այսպես. հունիսի 6-ից ընկերության օդանավերը թռիչք կկատարեն Երեւան-Աման-Երեւան, Երեւան-Ստոքհոլմ-Երեւան, Երեւան-Ամրիստսար-Երեւան ուղղություններով: Արդեն գործող չվերթներն էլ, ամռան սեզոնով պայմանավորված, կվերաբացվեն: Հունիսի 24-ից ուղեւորները կարող են ուղիղ թռչել Երեւան-Բարսելոնա-Երեւան, մայիսի 6-ից՝ Երեւան-Լիոն-Երեւան, հուլիսի 1-ից ուղեւորները Երեւան-Փարիզ-Երեւան կարող են թռչել շաբաթվա 1-ին եւ 5-րդ օրերը, իսկ Երեւան-Մարսել-Երեւան ուղղությամբ մայիսի 12-ից սկսած թռիչքը կկատարվի շաբաթ օրերին, սակայն հուլիսի 4-ից արդեն կարող են Մարսել մեկնել շաբաթվա 3-րդ օրը:

Նոյեմբեր ամսից «Արմավիայի» համագործակցությունը ռուսական «Տրանս Աէրո» ավիաընկերության հետ հնարավորություն է տվել մի նոր թռիչքուղի էլ բացել: Ապրիլ ամսվա վերջին ուղեւորները նաեւ հնարավորություն կունենան թռչել Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես: «Տրանս Աէրո»-ի հետ մեր ազգային ավիափոխադրողը այլ թռիչքներ էլ է հարմարեցնելու, որոնք Հայաստանից տարբեր ուղղություններով թռչող ուղեւորներին հնարավորություն կընձեռեն առանց ավելորդ ժամանակ կորցնելու, օգտվելով ռուսական այդ ավիաընկերության ծառայությունից, հասնել իրենց ուզած վայրը:

«Արմավիայի» պատասխանատուների ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ  ընկերությունը թռիչքներ է կատարում 35 ուղղություններով, որոնց թվում են ԱՊՀ եւ եվրոպական երկրները, Մերձավոր Արեւելքը եւ այլն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30