Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցքի որոշ գյուղապետեր խոստացած ձայները չապահովելու պատճառով պարտքերի տա՞կ են ընկել

Մայիս 08,2012 17:55

Aravot.am-ի հետ զրույցում այս մասին բարձրաձայնեց թիվ 33 ընտրատարածքում ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի ընդդիմադիր մրցակիցը` 70 –ամյա ՀՀՇ-ական Շալիկո Զորյանը: «Գյուղապետեր կային, որ զզվել էին, գյուղերից էին փախնում, որ չհանդիպեն իրեն, չհանդիպեին ի սեր Աստծո, որովհետև եթե նրանք ձայն խոստանան ու չապահովեն, պարտքերի տակ են ընկնում: Չեմ արդարացնում, գյուղապետերը հանցագործություն են կատարում և մի օր պիտի կանգնեն օրենքի առջև, հո մշտապես էսպես չե՞ն կարող շարունակել: Բայց մյուս վտանգն էլ կա. գյուղապետին ամեն մի ձայնի համար տալիս են 10 հազար դրամ, և երբ ընտրություններից հետո հաշվում են՝ տեսնում են, որ էդ մարդիկ առել են գումարը ու իրենց ձայնը չեն տվել, էդ գումարը մնում է գյուղապետերի վրա: Նրանք համ հանցագործություն են կատարում իշխանական թեկնածուի օգտին, համ էլ ընկնում են նյութական ծանր հարվածների տակ », -թիվ 33 ընտրատարածքի մթնոլորտը այսպես ներկայացրեց մեր զրուցակիցը: Aravot.am-ի այն հարցին էլ , թե ինչպե՞ս է ավարտվում այս պատմությունը, գյուղապետը ստիպված իր գրպանի ՞ ց է վերադարձնելու չտված ձայների համար, պարոն Զորյանն ասաց. «Ըստ երևույթին, ես հեռվից լսել եմ, որ էդպիսի պատասխանատվության առաջ են կանգնեցնելու, ձայները չի եկել` գումարը բերեք: Էստեղ են խառնված դպրոցի տնօրենները, ուսումնական , կրթական օջախները:Մենք դարերով շարունակ մեր պատմությունը գիտենք, մենք գիրքը փրկելու առաքելություն ենք ունեցել, նվիրում ենք ունեցել, հիմա մեր կրթական օջախները, նրանց տնօրենները դարձել են գործիք խարդախության, խարդավանքի, կաշառառության ու կաշառատվության»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031