Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի Ազգային Ակումբը 15 տարեկան է

Մայիս 21,2012 11:26

     Տասնհինգ տարի առաջ` 1997թ. մայիսի 20-ին, Հայաստանի մի խումբ առաջատար գործող լրագրողներով հիմեցինք Մամուլի ազգային ակումբը, որի հիմնադիր ժողովի ընդունած հայտարարությունը ընդգծում էր. «Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի երրորդ Հանրապետության առջև կանգնած է արժեքային նոր համակարգի կայացման խնդիրը, որն անքակտելի է չորրորդ իշխանության նոր սերնդի կայացումից: Այդ առաջնային նպատակի իրագործման համար անհրաժեշտ է Հայաստանի գործող լրագրողների համախմբումը ազգային, ժողովրդավարական, մասնագիտական արժեքների շուրջ: Ըստ այդմ մենք հիմնում ենք Մամուլի ազգային ակումբը, որի հիմնարար խնդիրներն են՝ 1.ազգային, ժողովրդավարական արժեքների ամրակայումը, 2.մասնագիտական շահերի պաշտպանությունը, 3.ազատ խոսքի և մամուլի կայացման աջակցումը, 4.լրագրողական նոր սերնդի ձևավորման սատարումը, 5.լրագրողական մասնագիտացման խորացումը  տարբեր ուղղություններով, 6.Սփյուռքի և արտերկրի լրագրողների հետ գործուն կապերի հաստատումը»:

Ձևավորվելով և գործելով հարափոփոխ և տենդագին ժամանակներում՝  Մամուլի ազգային ակումբը ստիպված էր վերապրել ժամանակների հևքը` մերթընդմերթ հայտնվելով իրադարձությունների կիզակետում: Հյուրընկալելով և ամբիոն տրամադրելով տարաբնույթ հասարակական-քաղաքական ուժերի՝ Մամուլի ազգային ակումբը երբևէ չի եղել և չի լինի որևէ քաղաքական հոսանքի,  ուժի, իշխանության ազդեցության ներքո: Անկախությունը, ազատությունը, հրապարակայնությունը, բազմակարծությունը կազմակերպության գործունեության հիմարար սկզբունքներն են:

Ժողովրդավարական և ազգային արժեքները Հայաստանում հաճախ են տարաբնույթ վերաձևումների ենթարկվել, սակայն Մամուլի ազգային ակումբը,  վստահ լինելով այդ արժեքների կենսունակությանը, փորձել է այդ վստահութունը փոխանցել հասարակական հարաբերությունների ոլորտ: Մենք մեր ընտրությունը կատարել ենք հօգուտ ազատ, անկախ մամուլի,  որի կայացման հանդեպ այսօր էլ մեր պահանջն ու հավատն  անսասան է մնացել:

Ետխորհրդային լրագրություն ոտք դրած լրագրողների մեր սերունդը դարձավ ճանապարհ բացող, իսկ ճանապարհ բացողների գործը միշտ էլ դժվար է լինում: Այդ սերնդի ներկայացուցիչներն են նաև ՄԱԱ անդամները, որոնք իրենց անառարկելի ներդրում ունեն Հայաստանում ազատ խոսքի և մամուլի, տեղակատվական դաշտի ձևավորման,  մասնագիտական արժեքների  պաշտպանության մեջ:

Այս 15  տարիների ընթացքում Մամուլի ազգային ակումբը կազմակերպել է ավելի քան 1200 հանդիպումներ հասարակական, քաղաքական, պետական, տնտեսական, քաղաքական, մշակութային գործիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա պետությունների դեսպանների հետ, քննարկումներ հասարակական, քաղաքական, տնտեսական թեժ թեմաների շուրջ, լրագրողական այցեր Լեռնային Ղարաբաղ և Ջավախք, մասնագիտական բողոքի և անհամաձայնության ակցիաներ, հանդես եկել բազմաթիվ հայտարարություններով` ի պաշտպանություն գործընկերների, մասնագիտական ազատությունների և ընդդեմ  գրաքննության փորձերի: «Հրատապ թեմա», «Աշխարհը և մենք», «ԶԼՄ-ները և ժողովրդավարությունը», «Սփյուռք», «Տնտեսական ուղեծիր», «Հայաստանը և ընտրույթյունները», «Հոգևոր Հայաստան»`  այս ծրագրերի շրջանակներում են կազմակերպվել ՄԱԱ հանդիպումները` բացառապես կազմակերպության նախաձեռնությամբ, ուժերով և միջոցներով:

Մամուլի ազգային ակումբը ստեղծվեց որպես անկախ կազմակերպություն, և այդպիսին է այն այսօր: Մենք գիտակցում էինք, որ մեր կազմակերպության անկախությունը պահպանելու համար պիտի վճարեինք մեր ինքնանվիրումով, մեր ջանքերը, ժամանակն ու երիտասարդությունը ներդնելով  կազմակերպության կայացման մեջ:

Հիմնադրման 15-ամյակի առթիվ շնորհավորելով ՄԱԱ անդամներին`  մասնագիտական արժեքների պահպանման և դրանց կենսունակության հանդեպ  հավատի մաղթանքներն եմ փոխանցում մեր բոլոր գործընկերներին` Հայաստանում և Սփյուռքում:

Մենք համոզված ենք, որ մեր երկրի ապագան ազատ, անկախ մամուլն է, տեղեկատվության ազատությունը, բազմակարծությունը, սեփական տեսակետն  արտահայտելու և այն պնդելու մասնագիտական և քաղաքացիական  իրավունքը:

Նարինե Մկրտչյան

ՄԱԱ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031