Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք է ոչ թե շատերից կախված, այլ շատերի հետ համագործակցող Հայաստան»

Նոյեմբեր 21,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նոր Սահմանադրության ընդունմանը դիմակայելը դեռևս պետական զարգացման այլընտրանքային ծրագիր չէ։ Սակայն նրանց համախմբումը կարող է հստակեցնել քաղաքական դաշտը՝ հնարավորություն ստեղծելով երկու համակարգերն էլ մերժողների համար»,- «Առավոտի» զրուցակիցն է հասարակական գործիչ Նարեկ Այվազյանը։

–Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում հարսանիքը եղավ Շուշիում, բայց ինքը լռեց Շուշիի հանձնման ժամանակ, հետո համաձայնեց՝ «Արցախը Ադրբեջան է, եւ՝ վերջ», հոդված է գրել։ Հայաստանը Եվրոպա առաջնորդող ՔՊ-ի առանցքային նախկին պաշտոնյան, պաշտոնից անդին զգուշացնում է՝ սին պատրանք է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությունը եւ դա տանելու է ՌԴ-ից կախվածության մեծացման։ Ինչո՞ւ հանկարծ պայծառացավ ՔՊ-ական նախկին պաշտոնյայի միտքը։

-Հայաստանն անկախությունից ի վեր որդեգրել է ժողովրդավարացման ու զարգացած աշխարհին ինտեգրվելու ուղին։ ԵՄ անդամակցությունը չպետք է լինի ինքնանպատակ, ոչ էլ՝ ի հակադրություն այլ պետությունների։ Սակայն եվրոպական ինտեգրումը նաև դիմակայության ռեսուրս է, երբ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունները սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանն ու կենսական շահերին։ Տարածաշրջանային պետությունների «աջակցությունը» տեսել ենք Հայաստանի սահմաններին և Արցախում։

ԵՄ-ն Հայաստանին զգալի տնտեսական ու ինստիտուցիոնալ աջակցություն է ցուցաբերում։ ԵՄ դիտորդական առաքելությունը, իմ գնահատմամբ, կարևոր զսպող գործոն դարձավ ադրբեջանական հետագա ոտնձգությունների կանխման գործում։

Սակայն ի՞նչ է Հայաստանն առաջարկում ԵՄ-ին։ Ի՞նչ ընդհանուր շահեր ենք ձևակերպել, ի՞նչ պարտավորություններ ստանձնել։ Հայաստանը պետք է լինի վստահելի գործընկեր, ոչ թե մշտապես օգնություն ակնկալող, հումքի մատակարար կամ հակամարտությունների հարթակ։

Եթե եվրոպական ինտեգրումը կարող է մեծացնել Ռուսաստանից կախվածությունը, ապա ի՞նչ է արվել այն նվազեցնելու ուղղությամբ։ Կախվածության առկայությունը պետք է լինի այն հաղթահարելու, այլ ոչ թե պահպանելու հիմնավորում։ Անընդունելի է անկախության իշխանական սահմանումը՝ քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը։ Համագործակցությունը, ինտեգրումը և դաշնակցային հարաբերությունները չպետք է նույնականացվեն կախվածության հետ։ Մեզ անհրաժեշտ է ոչ թե շատերից կախված, այլ շատերի հետ համագործակցող և սեփական շահերը պաշտպանելու կարողություն ունեցող Հայաստան։

Չեմ բացառում, որ վարչակազմն իր նախկին պաշտոնյայի միջոցով շոշափում է հանրային տրամադրությունները՝ արտաքին քաղաքական խոսույթն ավելի սահուն վերափոխելու համար, քան դա արեց Սերժ Սարգսյանը 2013 թվականին։ ԵՄ-ի հետ համաձայնագրերի բանակցություններն ավարտված էին, իսկ նախկին դիվանագետի հրապարակային գնահատմամբ՝ դոնորների համաժողովից ակնկալվում էր շուրջ երկու միլիարդ եվրոյի ֆինանսավորում, սակայն Մոսկվայում մեկ հանդիպումից հետո հայտարարվեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին։

Գործող իշխանություններն իրենց կառավարումը ստանձնելուց ի վեր դեմ չեն եղել այդ վեկտորին։ Արցախի հարցում ևս նրանց դիրքորոշումը փոխվեց՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությունից մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը։ Այս փորձը, և ոչ միայն, ձևավորել է այս իշխանությունների խոսքի նկատմամբ անվստահությունը։

Անվտանգության քաղաքականության պատասխանատուներն ունեցել են լիազորություններ ու ռեսուրսներ։ Ի՞նչ են արել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու, տնտեսական, էներգետիկ, անվտանգության ու ենթակառուցվածքային կախվածությունները նվազեցնելու ուղղությամբ։ Արդյո՞ք սեփական քաղաքականության անարդյունավետությունը չեն պատրաստվում ներկայացնել որպես եվրոպական ինտեգրման անհնարինության հիմնավորում՝ արդարացնելով արտաքին կախվածությունների պահպանումը։

-Արմեն Գրիգորյանն առաջարկում է, որ Հայաստանը լինի արտադաշինքային պետություն, Անգլիայի օրինակով։ Ի՞նչ հեռահար նպատակ ունի այս առաջարկը, քննարկումների առանցքը ո՞ւր է տեղափոխվում։

-Հայաստանը ԵԱՏՄ անդամ է՝ չունենալով ընդհանուր ցամաքային սահման դրա անդամ որևէ պետության հետ։ Ինչո՞ւ նույն հանգամանքը պետք է խոչընդոտ համարվի եվրոպական ինտեգրման պարագայում։ Հայաստանը կարող է ինտեգրվել եվրոպական համակարգերին, ներկայացնել ընդհանուր շահեր տարածաշրջանում ու համագործակցել հարևանների հետ՝ առանց ռազմական հակամարտությունների հարթակ դառնալու։ Հայաստանը չի կարողացել դիմակայել Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային, Ռուսաստանի և Թուրքիայի պատմականորեն ձևավորված, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական հարաբերությունների պայմաններում առաջացած մարտահրավերներին։ Նրանց գործողություններից կամ անգործությունից Հայաստանը կրել է տարածքային, տնտեսական, անվտանգության ու մշակութային վնասներ։ Ինչպե՞ս ենք դիմակայելու այդ մարտահրավերներին՝ ապավինելով նրանց հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եթե Հայաստանը նրանց ցանկություններին համապատասխան խաղաղ ճանապարհով բաժանվի նրանց միջև, գուցե խնդիրներ չունենա, բայց նաև որպես ինքնիշխան պետություն գոյություն չի ունենա։ Չեմ պնդում, որ դա նրանց նպատակն է, բայց անվերապահ հարմարվելը կարող է այդպիսի հետևանք ունենալ։

Մեծ Բրիտանիան արտադաշինքային պետություն չէ, այլ ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ։ Հայաստանի պաշտպանունակության հիմքում պետք է լինեն սեփական ուժերը՝ զորացված ուժեղ ու պատասխանատու դաշնակիցների հետ հարաբերություններով։

Քննարկումների առանցքը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումից տեղափոխվում է տարածաշրջանային ուժերի շահերին հարմարվելու դաշտ։ Աշխարհագրությունը փոխել չենք կարող, բայց կարող ենք փոխել մեր կարողություններն ու դերակատարությունն այդ աշխարհագրության մեջ։

– Կդառնա՞ Արմեն Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի երազած՝ կառուցողական ընդդիմության առաջնորդ։

-Հարցն այն է, թե ինչ է վարչակազմը հասկանում պետականակենտրոն ընդդիմություն ասելով, ոչ թե ով կառաջնորդի այն։ Ընդդիմությունը կարող է լինել ապակառուցողական ընդդեմ վարչակազմի, բայց չպետք է լինի հակապետական ընդդեմ պետության։ Իշխանությունն ու պետությունը նույնական չեն։

Զարմանալի է, երբ կառավարման բոլոր լծակներն ունեցող իշխանությունն ընդդիմադիրներից շատերին համարում է հակապետական, բայց համագործակցում հենց նրանց հետ։ Նույն ղեկավարությունը մարդկանց մեղադրել է պետական դավաճանության և դասալքության մեջ, սակայն քաղաքական որոշ իրադարձություններից հետո առանձին անձանց նկատմամբ սահմանափակումները վերացվել են։

Ըստ դատախազության՝ 2023 թվականին հրապարակված տվյալների՝ պատերազմի և ռազմական դրության ժամանակահատվածում նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ։ Քանի՞ մեղադրանք է հիմնավորվել, քանի՞ անձ դատապարտվել, քանի՞ վարույթ կարճվել։ Քանիսն են բացահայտվել ու դատապարտվել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և մի քանի տասնյակ քաղաքական սպանությունների համար։ Զրո։

Պետական դավաճանությունն ու դասալքությունը չպետք է լինեն իրավիճակային քաղաքական բնորոշումներ։ Ժողովրդի հույզերի վրա խաղացողները չեն կարող իրական քաղաքականություն վարել միջազգային հարթակներում։

Խոսքի և գործողությունների անհամապատասխանությունն է ձևավորում անվստահությունը։ Խոսքի արժեզրկումը բնորոշ է նաև ընդդիմությանը՝ չնայած իշխանության անհամեմատ մեծ պատասխանատվությանը։

Քաղաքական խոսքը Հայաստանում կորցրել է պարտավորություն ստեղծելու իր նշանակությունը։ Պետականակենտրոնության չափանիշները պետք է հավասարապես կիրառելի լինեն իշխանության և ընդդիմության նկատմամբ։

-Հայաստանում ընդդիմությունը միավորվեց՝ ութ տարվա գործադրված բազում ջանքերից հետո․ օրակարգը հայտարարված է, որոշ գործողություններ՝ նոր Սահմանադրության չընդունման հետ կապված, իրականացվում են։ Դիտարկումները, վերլուծություններն ի՞նչ են հուշում։

-Որոշ ուժերի միավորումը դեռևս ընդդիմության միավորում չէ։ Ես նույնպես ընդդիմադիր եմ, բայց նրանց անցյալն ու առաջարկվող ապագան վստահություն չեն ներշնչում։ Նրանց քաղաքականությունը ներկայիս վարչակազմի ձևավորման ու պահպանման պատճառներից է։ Որոշներն աջակցել են նաև 2018 թվականի իշխանափոխությանը։ Ութ տարի հանրությանն էականորեն նոր բան չեն առաջարկել՝ բացի իրենց վերադարձից։ Հասարակության զգալի մասը մերժում է վերադարձը կոռուպցիայի, թալանի, անպատժելիության ու օլիգարխիկ կառավարման ժամանակաշրջանին։ Կասեք՝ հիմա է՞լ այդ երևույթները չկան։ Այո՛, կան և, իմ գնահատմամբ, որոշ ուղղություններով ավելի մասշտաբային են դարձել։ Վարչակազմի հեռացման անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն արտաքին քաղաքական ձախողումներով, Արցախի կորստով, ազգային ու մշակութային խնդիրներով, այլև տնտեսական, ֆինանսական, սոցիալական քաղաքականությունների հետևանքով կուտակված խնդիրներով ու կոռուպցիայով։ Գործող իշխանության ձախողումը նախկինների քաղաքականությունը չի արդարացնում և հակառակը։

Ռուսաստանում խոշոր կապիտալ և Հայաստանում ռազմավարական ենթակառուցվածքներում շահեր ունեցող գործարարը կարճ ժամանակում հայտնվեց ընդդիմադիր դաշտի կենտրոնում՝ նաև վարչակազմի քաղաքականության հետևանքով։ Նոր Սահմանադրության ընդունմանը դիմակայելը դեռևս պետական զարգացման այլընտրանքային ծրագիր չէ։ Սակայն նրանց համախմբումը կարող է հստակեցնել քաղաքական դաշտը՝ հնարավորություն ստեղծելով երկու համակարգերն էլ մերժողների համար։ Ես կողմնակից եմ Հայաստանի ժողովրդավարացմանը, զարգացած երկրների հետ ինտեգրմանը, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, ազգային ու մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը։ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե նախկինի վերադարձ նոր տեսքով կամ ներկայի պահպանում հին շարժիչով, այլ զարգացման որակապես նոր քաղաքական բովանդակություն։ Հակառակ դեպքում, նախկինների վերադարձի վտանգը կշարունակի մնալ գործողների իշխանության պահպանման ռեսուրսը, իսկ գործողների ձախողումները՝ նախկինների քաղաքական գոյատևման ռեսուրսը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել