ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով սահմանադրության մասին, ասում է.
«Անկախության հռչակագիրը պետք է պաշտպանել`օրենքով սահմանված բոլոր հնարավորություններով: Խորհրդարանական ընդդիմությունն այս պահին ունի մեկ հիմնական առաքելություն` որեւէ պարագայում կողմ չքվեարկել հանրաքվեի մասին օրենքին: Որեւէ պարագայում չպետք է թողնել հանրաքվեի գնալ: Ես, ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության, ոչ միայն ալիեւյան սահմանադրությանն ու Ալիեւի պահանջների կատարմանն եմ դեմ, այլեւ` օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրին:
Կան ընդդիմադիրներ, ովքեր կողմ են դրա վավերացմանը, բայց ինչո՞ւ: Մի կապիտուլյացիա էլ դա է: Եթե վավերացնում եք, մի ասեք խաղաղություն, ասեք` հերթական կապիտուլյացիա, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, ինչո՞ւ եք խաբում:
Բաքվում հայ գերիներ կան, ՀՀ սուվերեն տարածքն օկուպացված է, արցախահայությունը վտարվել է իր երկրից եւ էթնիկ զտման է ենթարկվել: Ես գնում եմ Մոսկվա՝ 72 երկրների ներկայացուցիչների մոտ Արցախի էթնիկ զտումից ու ինքնորոշման իրավունքից եմ խոսում, սրանք էստեղ Արցախի էջը փակում են: Ինձ էդ սահմանադրության տեքստը հետաքրքիր չէ, թող էդ կտերը պահի իրեն: Մեր պրոբլեմը սահմանադրությունը չէ, մեր պրոբլեմն ինքն է ու իր իշխանությունը»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նախատեսում է մեկնել ՌԴ` դեկտեմբերին, 3 անգամ։ «Նրա այցերը մեր պետությանը ոչ մի լավ բան չեն կարող տալ: Փաշինյանի կառավարման արդյունքում հայ-ռուսական ամուր դաշնակցային հարաբերությունները դադարել են գոյություն ունենալ: Հայաստանը ՀԱՊԿ-ում զրկված է ձայնի իրավունքից: ԵՄ գնալու մասին օրենք են ընդունում, ինչին ես դեմ եմ: Մեր խմբակցությունը միակն է եղել, որ դեմ է քվեարկել դրան: 1991-2018 թվականների Հայաստանն է իմ տեսլականների մեջ, երբ ունեինք երկու հայկական պետություն, երբ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված էր մի շարք երկրների կողմից, երբ կար արցախյան հիմնախնդիր` ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայն այդ ժամանակ գլուխը բարձր էր ապրում, այլ ոչ թե ասֆալտ էին անում եւ կուտ տալիս ու բղավում «խաղաղություն», որն իրականում կապիտուլյացիա է: Նիկոլ Փաշինյանը պատմական փաստերը խեղաթյուրում է:
Ասում է` 19-րդ դարի 70-ականներին արտաքին ուժերի ներգործության արդյունքում «թուրքը» դարձավ հայհոյանքի նման մի բան, բայց արտաքին ուժերն ի՞նչ կապ ունեն, երբ թուրքը հային ընդամենը համայնք ունենալու կարգավիճակում էր ուզում տեսնել: 1870 թվականին քանի՞ միլիոն հայ էր ապրում Թուրքիայում, քանի՞ հազար եկեղեցի ենք ունեցել, եւ հիմա քանի՞ հայ է ապրում այնտեղ, ու քանի՞ հայկական եկեղեցի կա: Ի՞նչ կապ ունեն օտար պետությունները, երբ 300 հազար հայ Աբդուլ Համիդի ժամանակ է սպանվել, միլիոնուկեսից ավելի՝ երիտթուրքերի ժամանակ: Մի հատ հայկական հարցը նայի, տես՝ ինչ վիճակում են եղել հայերը: Անգամ զենք ունենալու հնարավորություն չեն ունեցել: Ես թուրքերի հետ թշնամանալու կոչ չեմ անում այսօր, բայց այս մարդն անկախությունը պաշտպանելը համարում է հակաթուրքականություն: Սրա համար Հայկ Նահապետից մինչեւ Գարեգին Նժդեհ՝ կոնֆլիկտ ստեղծողներ են»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում



















































