Լրահոս
Օրվա լրահոսը

Նա գիտի, որ աշխարհը ԲԱԶՄԱԶԱՆ է

Մայիս 21,2012 23:42

Փոքր աղջիկս, որ դեռ 6 տարեկան չկա, 2-3 տարեկանից արբանյակային հեռուստատեսությամբ պարբերաբար դիտում է TiJi  եւ Jim Jam ալիքները: Դրանք նախադպրոցականների համար նախատեսված հեռուստաալիքներ են` մուլտֆիլմերով, հաղորդաշարերով:

Ես էլ, բնականաբար, նրա հետ դիտում եմ այդ հաղորդումները: Եվ հենց այն պատճառով, որ ես նախապես «փորձարկում եմ», թե ինչ է պետք երեխային, նա չի նայում բռնություն եւ քյարթիզմ քարոզող հայկական սերիալներ` ի տարբերություն իր տարիքի շատ երեխաների, չի դիտում նաեւ Nicoledeon, Jetix եւ այլ, էլի մանկական, բայց շատ ագրեսիվ եւ դաստիարակության համար անպիտան ալիքներ: Նրա բառապաշարում չկան սերիալային արտահայտություններ. եթե անգամ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկից ինչ-որ բան լսում է, տանը նրան բացատրում եմ, որ դա գեղեցիկ չի հնչում, ու, որքան էլ զարմանալի է, նա հասկանում է…

TiJi-ով եւ Jim Jam-ով տարբեր մուլտֆիլմեր կան, հիմնականում` բրիտանական, կանադական կամ ֆրանսիական արտադրության, սակայն դրանց բոլորին միավորում է մի բան. դրանք բոլորը քարոզում են ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ: Այդ մուլտիկների հերոսները կամ բազմագույն են, կամ տարբեր մոլորակներից են, նրանց մեջ կան որեւէ ֆիզիկական անլիարժեքություն ունեցող մարդիկ, նրանք խոսում են տարբեր լեզուներով… Դրանից բացի պարբերաբար երգերի կամ որեւէ պատմության միջոցով երեխաներին հիշեցնում են, որ աշխարհը ստեղծվել է բազմագույն, բազմապիսի մարդկանցով, բոլորը շատ տարբեր են, եւ հենց դրանում է աշխարհի հարստությունը… Անշուշտ, այդ մանկական ֆիլմերում միասեռականության մասին խոսք չկա, քանի որ ընդհանրապես որեւէ խոսք չկա սեռերի մասին, այսինքն` ոչ միայն միասեռականությանը, այլեւ հետերոսեքսուալությանը չեն անդրադառնում. ի վերջո, մանուկների համար են նախատեսված: Սակայն դա ժամանակի հարց է, կգա մի տարիք, եւ իմ բալիկը կդիտի նաեւ «Ֆիլադելֆիա» ֆիլմը` ե՛ս կառաջարկեմ նրան նայել այդ գլուխգործոցը:

Երբ մենք փողոցում, հատկապես` արտասահմանում, տեսնում ենք տարբեր ռասսաների, տարբեր գույնզգույն սանրվածքներով, ականջներին, քթերին կամ շրթունքներին օղեր կախած, փողոցում ոտաբոբիկ կամ գրեթե կիսամերկ շրջող, հարբած, ծխող մարդկանց, աուտիկների կամ դաունների, հսկաների կամ թզուկների, չափից դուրս գերերի կամ աննկարագրելի նիհարների, կույրերի կամ խուլուհամրերի, անվասայլակի օգնությամբ տեղաշարժվողների, մորուքավորների կամ հիջաբ կրողների, փողկապավոր եւ կոստյումավոր չինովնիկների, տղայի շորերով աղջիկների կամ կանացի շորերով տղամարդկանց, էմոների կամ գոթերի, բուդդայականների կամ ինդուսների, իմ աղջկա դեմքի արտահայտությունը ամենեւին չի փոխվում: Նա ոչ մի արտառոց բան չի տեսնում նրանում, որ աշխարհը բազմազան է, մարդիկ տարբեր են եւ իրար բոլորովին նման չեն: Նա չզարմացավ, անգամ ուշադրություն չդարձրեց, երբ Բարսելոնայում տեսավ գրկախառնված եւ համբուրվող կանանց… Նրա համար բոլորը ուղղակի ՄԱՐԴԻԿ են: Գուցե դեռ վաղ է ասելը, բայց այս պահի դրությամբ ես ուրախ եմ, որ ինձ հետ, իմ կողքին ապրում եւ մեծանում է մի մարդ, որը հետագայում չի տառապելու մեծամասնական լինելու բարդույթով, որը չի բռնանալու այլոց` իրենց ուզած ձեւով իրենց կյանքն ապրելու իրավունքի վրա, որն իրեն իրավունք չի վերապահելու մարդկանց դասակարգելու յուրայինի եւ խորթի` նրանց ազգային, կրոնական, ֆիզիկական, հոգեւոր կամ սեռական առանձնահատկություններից ելնելով: Նա այս աշխարհի մի մասնիկն է: Նա արդեն գիտի` «Մի՛ դատիր, որ չդատվես…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031