
«Ինտերնյուսի» տնօրեն Նունե Սարգսյանը ներկայացնելով «Հայ-թուրքական մեդիա երկխոսություն» ծրագիրը՝ նշեց, որ այն սկսվել էր 2010 թվականին եւ բաղկացած է մի քանի մասից: «Ծրագրի առաջին մասում իրականացվեց հայ եւ թուրք լրագրողների փոխանակում, վերջինները հնարավորություն ունեցան այցելել հարեւան երկիր, ծանոթանալ տեղի հասարակական-քաղաքական կյանքին, պատմությանը, եղան շատ տեսարժան վայրերում, հանդիպելով տարբեր բնագավառի մարդկանց: Ապա իրականացվեց հայ եւ թուրք լրագրողների ավտոբուսային շրջագայությունը՝ Թուրքիայից Հայաստան»,- տեղեկացրեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ ծրագրի երրորդ մասում Երեւանի մամուլի ակումբի եւ GPOT կազմակերպության պատրաստած թոք-շոուների հեռարձակումն էր, Հայաստանում՝ «Երկիր մեդիա», եւ Թուրքիայում՝ «IMS» հեռուստաընկերություններով: Իսկ ծրագրի չորրորդ մասում՝ հայ եւ թուրք ուսանողների համատեղ ֆիլմարտադրությունն էր, որը նաեւ կցված է «Մեդիա երկխոսություն. Հայաստան-Թուրքիա» գրքին. «Յուրաքանչյուր երկրից 6 ուսանող հնարավորություն ստացավ կյանքի կոչել իր գաղափարները՝ հայերը Թուրքիայում, թուրքերը՝ Հայաստանում», – ավելացրեց Սարգսյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































