Քննական կարգի համաձայն, երեկ հրապարակվեցին հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի հունիսի 5-ին կայացած պետական ավարտական եւ միասնական քննության արդյունքները: Իսկ այսօր նույն կարգի համաձայն, առավոտյան 9-ից մինչեւ 18-ը բողոքարկման գործընթացն է նախատեսված:
Փաստենք, որ այս քննաշրջանը նախորդներից տարբերվում է նրանով, որ հայոց լեզվի քննությունն ու բողոքարկումը անցնում են անաղմուկ:
Այս պահի դրությամբ, ԵՊՀ քննակենտրոնում բողոքարկել է 2 դիմորդ, թիվ 14 հիմնական դպրոցում ձեւավորված քննակենտրոնում՝ եւս 2-ը: ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն Aravot.am-ին հայտնեց, որ մարզերից դեռեւս տեղեկատվություն չեն ստացել՝ բողոքարկումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացանք թիվ 14 դպրոցի քննակենտրոնի բողոքներն ընդունող օպերատոր եւ ԳԹԿ ներկայացուցիչ Վահան Գառգալոյանից, 2 դիմորդներն էլ բողոքարկել են թեստ 1-ինի N 22-ի առաջադրանքի վերանայման պահանջով: Բանն այն է, որ շտեմարանում առաջադրանքը այլ պատասխան ունի, իսկ ԳԹԿ-ն քննության ավարտից հետո ուրիշ պատասխան է տեղադրել իր կայքում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ