Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղեղներից փուլ է եկել խնամատարի տունը

Հունիս 14,2012 19:52

Գավառ քաղաքի բնակչուհի Ծաղիկ Վարդանյանն այսօր «Առավոտի» թղթակցին տեղեկացրեց, որ անձրեւներից ու հեղեղներից հունիսի 9-ին փուլ է եկել իր տան հետնապատը:

Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 48 տունը կառուցվել է շուրջ 40 տարի առաջ՝ Ծաղիկի հանգուցյալ ամուսնու կողմից:

Ըստ տանտիրուհու՝ երկարատեւ կարկուտի ու անձրեւի դադարից հետո իրենք բարձր աղմուկ են լսել, մինչեւ դուրս են վազել, արդեն հարեւաններն հավաքված են եղել: «Տանս պատը փլվել էր գազատար խողովակի վրա, պատը խոնավացել էր ու ներսից փոր էր տվել: Ահաբեկված էի. ինձ ավելի շատ մտահոգում էր խնամյալիս՝ Ալլայի վիճակը: Ես զգում էի, որ այդ պահին առավել քան պատասխանատու եմ նրա համար: Մինչեւ այսօր էլ ես ահով եմ քնում ու վեր կենում՝ վախեցած, որ կարթնանամ ու տանս պատը ներսից փլված կլինի»:

Ծաղիկը Գեղարքունիքի մարզի խնամատար ընտանիքներից մեկն է, ով արդեն 4 տարի խնամում է Ալլային:

Ծաղիկը նշում է, որ պատերի փլվածքն իրեն այնքան էլ վախեցրել, որ Ալլային առաջարկել է հետ տանել մանկատուն: Սակայն աղջիկը մերժել է, նշելով, որտեղ էլ մայրը՝ Ծաղիկը քնի, աղջիկը կմնա նրա հետ, նույնիսկ եթե դա լինի հավաբուն:

Ծաղիկի հարեւանը՝ Ալիկը, նշում է, որ հարեւանուհին շատ վախեցած ու հուսահատված էր: Հարեւաններով տան ներսի պատի տակ ամրաններ են տեղադրել՝ խուսափելով մոտալուտ վտանգից:

Ծ. Վարդանյանը պատմեց, որ իր տունը երկսենյականոց է, երկուսի պատերն էլ փլման վտանգի տակ են, ստիպված անկողինները տեղափոխել է լուսամուտների տակ եւ այս օրերին գիշերում են ընդհանուր սենյակում, որ հանկարծ չվտանգի Ալլայի կյանքը:

Ծաղիկը չի աշխատում, չի օգտվում ոչ մի պետական աջակցությունից: Իր եւ խնամատարի ապրուստը վաստակում է գյուղատնտեսական ծանր աշխատանքով: Նա նշում է, որ ամռանը նաեւ վաճառում է իր բակի ծառների կեռասն ու մորին, սակայն կարկուտը հիմնովին ավերել է պտղատու ծառերը: Ծաղիկը կատարում է նաեւ վարձու աշխատանք, սակայն համոզված է, որ առանց օժանդակության չի կարող ամուր տանիք ստեղծել Ալլայի համար:

 Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930