Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ընտրություններին անդրադարձը ԵԽԽՎ-ում

Հունիս 25,2012 19:07

ԵԽԽՎ բյուրոյի զեկույցը ներկայացնում էր պրն Ամարալը

ԵԽԽՎ նստաշրջանի այսօրվա նիստում քննարկվեց Բյուրոյի զեկույցը: Այն ներկայացնում էր Ջաո Բոսկո Մոտա Ամարալը, որի զեկույցում անդրադարձ կար նաեւ ԵԽ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին:

Այս զեկույցից հետո ծավալված քննարկումների ընթացքում, Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների համատեքստում, ժողովրդավարական զարգացումները բավականին դինամիկ եւ ընդհանուր առմամբ նորմալ գնահատեց ֆրանսիացի պատգամավոր Պոզզո դը Բորգոն: Նա անդրադարձավ բացառապես հայաստանյան ընտրություններին եւ կարծիք հայտնեց, որ այդ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցը` իր խստությամբ, ոչ այնքան օբյեկտիվ է եւ հավասարակշռված, որքան կրում է Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ազդեցությունը: «Ես կասկածի տակ կառնեի զեկույցի խստության օբյեկտիվությունը, եւ որպես ֆրանսիական պատվիրակության ներկայացուցչի համար, շատ է երեւում ամերիկյան ազդեցությունն այդ զեկույցի վրա»: Ֆրանսիացի պատգամավորն ասաց, թե իրականում Հայաստանում ոչ փոքր առաջընթաց կա, ու եթե այն երկրներում, որտեղ 100 տարի են սպասում այդ առաջընթացին, ապա Հայաստանում, որտեղ տասնամյակներ եղել է մեկ կուսակցության դիկտատուրա, ռեալ առաջընթաց կա եւ դա չպետք է կանգնեցնել:Նա կոչ արեց եվրոպական երկրներին, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնում, որեւէ երկրում չկորցնեն անկողմնակալությունը, գործեն սկզբունքայնորեն եւ չտրվեն այլ երկրների աշխարհաքաղաքական շահերին կամ ազդեցությանը|:
Այս ելույթին հաջորդեց ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը, որն, ըստ էության, տրամագծորեն հակառակ պնդումներ էր պարունակում:
Ռուստամյանը նախ կարծիք հայտնեց, թե սխալ է, երբ ԵԽԽՎ զեկույցը ընտրությունների վերաբերյալ քննարկվել է առանց հայաստանյան ընդդիմության ներկայացուցչի ներկայության, ինչը, ըստ նրա, թույլ կտար, որ այդ զեկույցն առավել անկողմնակալ եւ հավասարակշռված լիներ: Ահա այդ բացը լրացնելու համար էլ Ռուստամյանը հարկ համարեց շեշտել, որ հայաստանյան ընտրությունների ժամանակ չհաջողվեց ձերբազատվել ընտրակեղծիքներից, որոնք. նրա ասելով, Հայաստանի համար այլեւս խրոնիկական են դարձել: Նա մանրամասնեց, որ իշխանությունները մինչեւ ընտրությունները մերժեցին ընդդիմության` ընտրողների ստորագրությամբ ցուցակները հրապարակելու առաջարկը, արձանագրեց, որ ընտրացուցակներում ընդգրկված եւ իրականում ընտրություններին մասնակցածների թվի միջեւ ահռելի տարբերություն է եղել, որ եղել են ձայները գնելու դեպքեր եւ այլն:

Ռուստամյանն ասաց, որ Հայաստանում փետրվարին կայանալու են նաեւ նախագահական ընտրություններ, իսկ եթե նկատի ունենանք անցած խորհրդարանական ընտրությունները, ապա պետք է ասել, որ Հայաստանում իրական ընտրությունների մասին խոսք լինել չի էլ կարող: Նա նկատեց, որ ավելի լավ ընտրություններ անցկացնելու համար, հարկ է, որ վերականգնվի ընտրողների վստահությունն ընտրությունների նկատմամբ:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930