Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն Դավիթ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը

Հունիս 29,2012 22:03

Առաջիկա օրերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհաստատի էթիկայի հանձնաժողովի կազմը և կնշանակի հանձնաժողովի նախագահին ու նրա տեղակալին:

Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ԱԺ քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը, խորհրդարանական բոլոր 6 խմբակցություններն արդեն իսկ ներկայացրել են Էթիկայի հանձնաժողովում իրենց ներկայացուցիչների անունները: Ըստ այդմ` «ՀՀԿ» խմբակցությունը կներկայացնի Դավիթ Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը` Մերուժան Սիմոնյանը, «Հայ ազգային կոնգրես»-ը` Նիկոլ Փաշինյանը, «Օրինաց երկիր»-ը` Հովհաննես Մարգարյանը, «ՀՅԴ»-ն` Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն»-ը` Զարուհի Փոստանջյանը:

Էթիկայի հանձնաժողովը մշտական չէ. այն կազմավորվում է ԱԺ-ի յուրաքանչյուր հերթական նստաշրջանում` խմբակցությունների ներկայացմամբ: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին: Տվյալ դեպքում` այդ իրավունքը համապատասխանաբար կվերապահվի ՀԱԿ-ին և ՀՀԿ-ին:

ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է, որ հանձնաժողովը ԱԺ-ին եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ, ինչպես նաև որոշում է կայացնում պատգամավորի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու և պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու կանոնակարգով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ:

Մասնավորապես, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում շահերի բախում առաջանալու  դեպքում պատգամավորը պարտավոր է համապատասխան նիստում իր ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ  հանդես գալիս, Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագիծ կամ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել  շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը, ներկայացնելով շահերի բնույթը: Այդ դեպքում պատգամավորը կարող է նաև հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը: Այդ դեպքում նրա բացակայությունը համարվում է հարգելի:

Օրենքը սահմանում է նաև պատգամավորի էթիկայի կանոնները: Դրանք են` հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, պահպանել ԱԺ-ի և նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ  նպաստել ԱԺ-ի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Էթիկայի հանձնաժողովի նախագահը Էթիկայի հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները հրապարակում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվում են Ազգային ժողովի ինտերնետային կայքում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել