Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն փորձում է գրոհել նաեւ Շիրակի մարզի գյուղերը

Օգոստոս 08,2012 13:26 Share

Այս կուսակցությունը իշխանափոխություն է իրականացնում ոչ միայն Գյումրիում, այլեւ Մարմաշենում ու Գուսանագյուղում

Ռազմիկ Վարոսյան

Գյումրիում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ դառնալու հարցերը լուծելուց հետո այս կուսակցությունը սկսել է հավակնել նաեւ գյուղապետերի պաշտոնին: Գագիկ Ծառուկյանի կուսակիցները Գուսանագյուղում ամեն կերպ փորձում են գահընկեց անել ՀՅԴ-ական Վասակ Ղազարյանին՝ նրան փոխարինելով ԲՀԿ-ական Ռոբերտ Բալաբեկյանով: Իսկ սա կարծես թե այնքան էլ անիրականանալի ծրագիր չէ, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ այս գյուղում ԲՀԿ-ն զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ավելին, բոլոր գյուղացիները՝ ահել, թե ջահել, անդամագրվել են այս կուսակցությանը: ԲՀԿ-ն թեժ պայքարի մեջ է մտել նաեւ Գյումրիին հարակից գյուղերից մեկում՝ Մարմաշենում: Այստեղ հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել. միմյանց դեմ պայքարի են դուրս եկել միանգամից երկու ԲՀԿ-ականներ ու երկու ՀՀԿ-ականներ, ընդ որում՝ կան մարդիկ, որոնք հավերժ թեկնածուներ են, օրինակ՝ նախկին գյուղսովետի նախագահ Համլետ Տիգրանյանն ու գործող գյուղապետ Աշոտ Եղոյանը: Նշենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ այստեղ եւս ԲՀԿ-ն չնչին ձայներով է զիջել ՀՀԿ-ին. իշխող կուսակցությունը հավաքել է 309 ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 257: Շիրակի մարզի մոտ 1300 ընտրող ունեցող գյուղը վաղուց ի վեր ղեկավարում է Աշոտ Եղոյանը, ով գյուղացիների բնութագրմամբ՝ տարբեր ժամանակներում եղել է տարբեր կուսակցություններից՝ եւ ՀՀՇ-ական, եւ ՀՅԴ-ական, իսկ վերջին շրջանում՝ ՀՀԿ-ական:

Գյուղացիները ՏԻՄ ընտրությունների հետ կապված առանձնապես հույսեր չեն կապում, քանի որ նրանց ասելով՝ ընտրությունների խերը չեն տեսել, գյուղում տղամարդ չի մնացել, բոլորը Ռուսաստանում են, արտերում միայն կանայք են աշխատում, գյուղացին էլ օր օրի սնանկանում է. խոտի թանկացման պատճառով այս օրերին ստիպված է համատարած մորթել բոլոր անասուններին ու վաճառել: «Ով էլ լինի՝ մեզ համար մեկ է: Ասենք՝ գյուղապետը փոխվեց, դրանից մեզ ի՞նչ, մենք էլի վարկերի տակ չպիտի՞ ճռռանք, գնում ես բանկ, ոսկի ես դնում, էլ ոսկուդ տերը չես: Ահա գյուղացու վիճակը, գնանք ուրիշի ընտրենք, գյուղապետը պիտի հետներս թարսվի: Ճիշտ է, ասում են՝ փակ քվեարկություն է, բայց դա սուտ է, հանձնաժողովում հազար հսկիչ կա, ոտքդ դուրս չդրած՝ բոլորն անգիր գիտեն, թե ում ես ձայն տվել: Էս գյուղապետը գոնե խղճով մարդ է, որ գնաս տեղեկանք ուզելու, պոչ չի խաղացնի, ով էլ գա, ժողովրդական մի խոսք կա՝ ասում են՝ կրակն իր բաղարջի տակ է քաշում, երբ որ հերթը հասնում է գյուղի սոցիալապես անապահով մարդկանց, տակի աստատկեն էլ չի հասնում»,- ասաց կանանցից մեկը: Նրանց մեծ մասը հիասթափված էր ու խիստ անտարբեր: Գյուղապետին հանդիպել ու զրուցել չհաջողվեց՝ նա գործերով Գյումրիում էր:

Այցելեցինք ԲՀԿ-ական թեկնածուներից մեկին՝ Ռազմիկ Վարոսյանին, ով ներկայացրեց ԲՀԿ ծրագիրն այս գյուղում: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն մեծ ծրագրեր ունի իրականացնելու Մարմաշենում, այդ պատճառով էլ որոշել է անպայման առաջադրել իր թեկնածուներին, մեկին՝ պաշտոնապես, իսկ մյուսին, այսպես ասած, ձեռքի հետ: «96 թվականից մեր գյուղապետը Աշոտ Եղոյանն է, լավ մարդ է, լավ տղա է, բայց գործեր չի անում, գյուղը քանի գնաց՝ հետ գնաց, կուլտուրայի տուն չունի, մանկապարտեզ չունի, հակակարկտային կայան չունի, գյուղապետարանը 95 թվից տնակի մեջ է, ճանապարհները չեն սարքվել: Մի խոսքով՝ գյուղի զարգացումը կանգ է առնում, ես էլ, որպես հին ժամանակների կադր, այսինքն՝ կոմունիստական կադր, սիրտս ցավում է, դրա համար էլ ուզում եմ գյուղապետ ընտրվել ու աշխատել, ԲՀԿ-ն էլ, ինչպես Հայաստանի մյուս վայրերում, այնպես էլ այստեղ, իշխանափոխության ու բարեփոխումների է ձգտում»,- անկեղծացավ թեկնածուն: Նա նեղսրտեց, որ գյուղերում շատ դեպքերում ոչ թե գյուղապետեր են ընտրում, այլ ցեղապետեր: «Գյուղերում ով շատվոր է, արժանի լինի, թե չլինի, պիտի անցնի»,- իր միտքն այսպես մեկնաբանեց պարոն Վարոսյանը: Ըստ նրա՝ գյուղերում ընտրություններից հետո չի բացառվում նաեւ վրեժխնդիր լինելն ու քեն քշելը: Այս գյուղացիները ընտրությունների հետ կապված մի զավեշտալի պատմություն են հիշում. տարիներ առաջ գյուղապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել շիրակցի օլիգարխներից մեկը՝ մարմաշենցի Գարեն անունով, սակայն երբ ընտրությունների ժամանակ համագյուղացիները նրան ձայն չեն տվել, նա յուրատեսակ վրեժ է լուծել՝ իրեն պատկանող Գյումրի-Մարմաշեն գծի միկրոավտոբուսից, այսպես ասած, դուրս է հրավիրել իրեն դեմ քվեարկած գյուղացիներին՝ չթույլատրելով նրանց տրանսպորտային իր միջոցով քաղաք տեղափոխել վաճառքի ենթակա կաթը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031