Այսօր առավոտյան Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրեց նաև Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, ով 2002 թվականին մեկ անգամ ևս ձգտել էր այս պաշտոնին, սակայն նրա ջանքերը ապարդյուն էին անցել:
Aravot.am-ը ՀՅԴ –ի թեկնածուից հետաքրքրվեց, թե Սփյուռքի դաշնակցությունը պատրաստվո՞ւմ է, արդյոք, ֆինանսապես կամ այլ ձևով օժանդակել իրեն քարոզարշավի ընթացքում, որին ի պատասխան՝ պարոն Սիմոնյանն ասաց. «Դաշնակցությունը էսօր շատ ավելի լուրջ խնդիր ունի, քան Գյումրի քաղաքի քաղաքապետի ընտրություններն են: Քաղաքապետի ընտրությունը Հայաստանի Հանրապետության և ուղիղ մեր գյումրեցիների խնդիրն է, ովքեր որ էստեղ հաշվառված են, իսկ Դաշնակցությունը շատ ավելի լուրջ խնդիր ունի, և ես գտնում եմ, որ առաջին խնդիրը պետք է լինի սիրիահայության խնդիրները լուծելը, քան ինչ-որ ձևով Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցություն ունենալը: Ես հույս ունեմ, որ քաղաքապետի ընտրությունները ձեր` լրագրողների միջոցով մենք ի վիճակի կլինենք լուծել, դաշնակցութան ուժը էդքան այստեղ պետք չէ, թող մեր հայրենակիցների խնդիրները կարգավորեն»:
Aravot.am-ի այն հարցին էլ, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն քիչ քանակությամբ ձայներ հավաքեց Գյումրիում, հիմա ո՞ վ ձայն կտա Դաշնակցության թեկնածուին, Հովսեփ Սիմոնյանն ասաց. «Ես մի օրինակ բերեմ, երբ որ վերլուծություններ են կատարվում, հնարավոր է՝ շատերը չգիտեն դաշնակցականների թվաքանակը Գյումրիում, Գյումրիի կառույցը էսօր 95 ընկեր ունի, և մենք ԱԺ ընտրությունների ժամանակ տարել ենք շուրջ 300 ձայն, մեկ ընկերոջը, մեկ կուսակցականին, մեկ դաշնակցականին ընկնում է 30 ձայն, եթե դուք կկարողանաք Հայաստանի Հանրապետության մեջ և Գյումրի քաղաքում ցույց տալ մի կուսակցություն, որն ի վիճակի էր իր մեկ անդամով բերել 30 ձայն, ես կասեմ, որ մեզ որևէ մեկը հաղթել է: Չունենալով որևէ լծակներ, բնական է՝ մենք ընտրակաշառքներ չենք տվել, քաղաքակիրթ պայքար ենք տարել, չենք փորձել մեր սեփական ժողովրդին նսեմացնել, չենք փորձել ժողովրդի սոցիալական վիճակը օգտագործել Ազգային ժողովում տեղեր ունենալու համար: Երեք դաշնակցականներն էլ ի վիճակի են կուսակցության տեսակետը ներկայացնել ԱԺ-ում, 6-ն էլ, 10-ն էլ, խնդիրը մի քիչ ուրիշ է, իհարկե, եթե մեծամասնություն լինեինք, էնտեղ կգար կառավարության խնդիր և այլ, և այլն»:
Կարդացեք նաև
Ըստ Հովսեփ Սիմոնյանի, ՀՅԴ-ն ամենաուժեղ կուսակցությունն է Գյումրիում: Զրույցի ավարտին մարզպետարանի պաշտոնյան «Կովկասի գերուհի» ֆիլմից մեջբերում արեց` ասելով. « Կովկասի գերուհու մեջն է, չէ՞, որ ասում է` էդ քո սեփական բուրդը պետական բրդի հետ մի խառնի, ուզում եմ, որ Ազգային ժողովի ձայները որոշ մարդիկ չսխալվեն, չխառնեն քաղաքապետի ձայների հետ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































