
Այսօր Aravot.am-ն ահազանգ ստացավ, որ երեկ Լեռնիկ Աբրահամյանը ընտրակաշառք է բաժանել, ընդ որում, բավականին յուրօրինակ ընտրակաշառք: Նա իրեն պատկանող ֆերմայի անասուններին է բաժանել: Aravot.am-ի հետ զրույցում Լեռնիկ Աբրահամյանն ասաց, որ նման բան չի եղել. «Չի էլ կարա լինի»: Մեր դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ խոսում այդ մասին` հակադարձեց. . «Բամբասանքները շատ են: Դուք չգիտե՞ք»: Հարցին` համապատասխանո՞ւմ են այդ լուրերն իրականությանը, վերջինիս մրցակից Գեւորգ Միսակյանը պատասխանեց. «Ժողովրդին հարցրեք: Ինձ հարցնում եք եք ես ի՞նչ ասեմ»:
Ի դեպ, առավոտից Ակնալիճում ընտրությունները անցել են ոստիկանների հսկողության ներքո: Բավականին շատ ոստիկաններ են ներգրավվել կարգ ու կանոն պահպանելու գործին: Լեռնիկ Աբրահամյանը ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչո՞ւ են այդքան շատ թվով ոստիկաններ եղել համայնքում: Գեւորգ Միսակյանն էլ ասաց, որ ինքն, իբրեւ գործող գյուղապետ, լրացուցիչ ոստիկաններ չի հրավիրել ընտրությունների ընթացքը վերահսկելու համար: Թե ո՞վ է հրավիրել` տեղյակ չէ. «Մեր կողմից նման ահազանգ չի եղել, մտավախություն չի եղել»:
Ժամը 21-ի դրությամբ որեւէ արտառոց միջադեպ չէր գրանցվել: Երկու թեկնածուներն էլ գոհ էին ընտրությունների ընթացքից եւ հույս ունեին, որ ամեն ինչ խաղաղ կավարտվի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































