Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Հովհաննիսյան. օպերային ժանրով հոգեւոր երաժշտություն չեն երգում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2012 14:50

Այսօր «Տեսակետ» ակումբում «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը խոսեց երգչախմբի 20-ամյա գործունեությունից և խնդիրներից:

«20-ամյա երգչախումբը համառորեն չի ուզում ետ նայել եւ ջանում է լինել այնպիսին, ինչպիսին կա` կատարելով իր առաքելությունը: Մեր կենսագրությունը ներառում է բազմաթիվ համագործակցություններ եւ միջազգային մրցույթներ»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ 20-ամյա տարեդարձի շրջանակում օրեր առաջ «Հովերը» ներկայացրել է նոր` «Բախ-Բիթլզ» ծրագիրը, իսկ այսօր հերթական անգամ մեկնում է Փարիզ: Արդեն սեպտեմբերի 24-ին «Հովերը» Երեւանում հանդես կգա ավանդական կոմիտասյան ծրագրով, իսկ հոկտեմբերին կկրկնի «Բախ-Բիթլզը»:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ «Հովերն» ունի փորձարարական ուղղվածություն` կարեւորելով Վ. Այգեկցու առակների բեմադրությունը խմբերգային լուծումներով. «Առաջիկայում կլինեն հինգ հայտնի գրքի, այդ թվում` «Ալիսան հրաշքների աշխարհում», «Փոքրիկ իշխանը», «Գուլիվերի ճանապարհորդությունը», վրա հիմնված խմբերգային ներկայացումներ: Անդրադառնում ենք նաեւ հայ ժամանակակից հեղինակների գործերին»:

Խոսելով Հայաստանի պետական երեք երգչախմբից` Երեւանի կամերային երգչախումբ, Հայաստանի պետական կամերային երգչախումբ եւ «Հովեր», Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ պետական կոլեկտիվների միջեւ լուրջ մրցակցություն է ընթանում, ինչը տալիս է հետաքրքիր արդյունքներ. «Մեր առաջնային խնդիրն է ` դրսում ըստ պատշաճի ներկայացնել Կոմիտասի հոգեւոր եւ աշխարհիկ ժառանգությունը: Առհասարակ, ոլորտում արված աշխատանքը բավարար չեմ համարում, քանի որ պատրաստվում են ոչ թե կոնկրետ հոգեւոր ուղղվածության երգիչներ, այլ` վոկալիստներ: Համարում եմ, որ օպերային ժանրով հոգեւոր երաժշտություն չեն երգում, դա առանձնահատուկ ուղղվածություն է»:

Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական խմբերգային երգեցողության ժանրը մեծ ավանդույթներ չունի, ինչպես եվրոպականը, սակայն հայկական երգչախմբերը միջազգային փառատոներին առանձնանում են ինքնատիպությամբ. «Ավանդապաշտ չեմ, բայց գտնում եմ, որ մեր ետեւից կենսագրություն պետք է թողնել: Մշակույթը մեր անցյալն է եւ ներկան, սակայն պետք չէ գերի լինել ավանդույթներին: «Գերբարոյականացված» հասարակությունը խեղդում է մեզ, հետեւաբար՝ պետք է համատեղել առաջադիմությունը եւ ավանդապաշտությունը»:

Անդրադառնալով «Հովերի» խնդիրներին՝ Հովհաննիսյանն ասաց. «Ֆինանսական խնդիրներից ելնելով՝ դիմեցի վարչապետին այն մասով, արպեսզի մշակվի օրենք՝ ֆինանսապես ապահովված կազմակերպությունների կողմից մշակութային կառույցները հովանավորելու մասին: Առաջարկը չօրինականացվեց, բայց պետությունն է կապող օղակը մշակութային կառույցի եւ հովանավորի միջեւ. ես չունեմ մեծահարուստների շրջապատ: Միաժամանակ նշեմ, որ պետությունը ներածին չափով օժանդակում է «Հովերի» բոլոր նախագծերին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930