Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» Երեւանի կենտրոնում երկար տարիներ ի վեր սկսել ու չի ավարտում 1857 քմ տարածք զբաղեցնող իր շինարարությունը

Սեպտեմբեր 25,2012 10:51

Անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցավ իրադարձություն, որը կարծես թե այնքան էլ չընկալվեց կամ չլուսաբանվեց զանգվածային լրատվամիջոցներում, սակայն իր բնույթով բացառիկ էր, որովհետեւ առաջին անգամ պետությունը խոսեց ոչ թե աղքատից ունեցվածք խլելու ու հերթական օլիգարխին տալու, այլ հենց օլիգարխի մասնավոր սեփականությունը բացառիկ գերակա շահ ճանաչելու մասին: Խոսքը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ասուլիսի մասին է, որտեղ վերջինս ներկայացրեց այն տնտեսվարողների ցանկը, ովքեր սկսել եւ չեն ավարտում քաղաքի կենտրոնում սկսած կառուցապատումը` շինարարությունը, այդ կերպ ավելի խաթարելով քաղաքի կենտրոնի առանց այդ էլ խաթարված տեսքը: Ընդ որում, կառուցապատող ընկերությունների մեջ կան այնպիսի անձանց պատկանող ՍՊԸ-ներ, որ ժամանակին քաղաքային իշխանությունները ոչ թե ռիսկ չէին անի ճանաչել նրանց տարածքը բացառիկ գերակա շահ, այլ անգամ կվախենային մի ստուգող ուղարկել` պարզելու, թե ինչպես են պահպանվում քաղաքաշինական նորմերը: Նման վախենալու գիգանտներից է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը: Ընկերությունը քաղաքի կենտրոնում երկար տարիներ ի վեր սկսել ու չի ավարտում 1857 քմ տարածք զբաղեցնող իր շինարարությունը` չնայած վերցված պարտավորություններին: Իհարկե, դեռ հարց է, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում ավարտել իր հերթական էլիտար շենքը, սակայն փաստ է, որ քաղաքային իշխանությունները նրան ու մի քանի նմանատիպ այլ գործարարների, որոնց կանդրադառնանք հետագայում, զգուշացրել են, որ շինարարությունը պետք է ավարտել, եթե ոչ` կառավարությանը կխնդրեն այդ տարածքները ճանաչել բացառիկ գերակա շահ:

Զուտ սոցիալական արդարության տեսանկյունից ազնիվ է, որ պետությունը սկսում է սեփականության վերաբաշխման գործընթաց: Գաղտնիք չէ, որ ֆինանսական միջոցների 99 տոկոսը Հայաստանում կուտակված է մի քանի օլիգարխների ձեռքում, ովքեր ոչ միայն չեն ցանկանում հրաժարվել իրենց` նախկինից ժառանգած բիզնես լգոտաներից, այլ նաեւ մեծ հաշվով սաբոտաժի են ենթարկում ձեռք բերված պայմանավորվածությունները, խախտում են պայմանագրերը` այս կերպ ցույց տալով իրենց ամենակարողությունը: Որքանո՞վ է արդար, երբ վերջին 15 տարիներին պետությունը սկսեց խլել աղքատի ունեցվածքը` Դալմայի այգիները, Հյուսիսային պողոտայի տեղում գտնվող տարածքները, Բուզանդի կամ Արամի փողոցի շենքերը` այդպես էլ չտալով պատշաճ փոխհատուցում` թողնելով նրանցից շատերին դրսում, իսկ նույն այդ երկարուձիգ տարիների ընթացքում ռիսկ չարեց կամ չուզեց նեղացնել գեթ մեկ օլիգարխի` չնայած վերջիններիս կատարած բազմաթիվ տնտեսական հանցագործություններին, որոնց մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է մամուլում ու մնացել անարձագանք:

Պարզ է, որ այս նախազգուշացումից հետո օլիգարխներին սպասարկող լրատվամիջոցները եւ խոսափողները կսկսեն բարձրաձայնել աղաղակող անարդարության, անազնիվ կերպով մասնավորից խլելու փորձի մասին, կքաղաքականացնեն խնդիրը: Բայց լինենք անկեղծ. եթե այս ամենի մեջ կա անգամ քաղաքական մասնաբաժին, ապա մեր երկրի վարքուբարքի չգրված կանոնների համաձայն անգամ արդար է: Նրանք էլ են ժամանակին շատերից շատ բան խլել, ուստի մեկ անգամ էլ թող ճաշակեն այդ նույն զգացումը նաեւ սեփական մաշկի վրա: Համենայն դեպս, եթե օլիգարխների սեփականությունը ճանաչվի բացառիկ գերակա շահ` ոչ սոված կմնան, ոչ էլ դրսում կհայտնվեն այնպես, ինչպես դրսում են նրանց հարստահարման հետեւանքով անտուն մնացած անձինք:

 

Նաիրա ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930