Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածու. «Սոցիալիստական գաղափարներով Դեմիրճյանն ու լիբերալ Տեր-Պետրոսյանը ի՞նչ երկիր են կառուցելու, հայտնի չէ»

Նոյեմբեր 29,2012 13:05

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն արդեն հայտարարել է ՀՀ նախագահական ընտրություններում իր առաջադրման ցանկության մասին: Aravot.am-ը նրան խնդրեց գնահատել իր շանսերը: Մեզ տրամադրված գրավոր պատասխանում պարոն Հայրիկյանը նշում է. «Նախագահական ընտրութիւններում հաղթելու համար երկու անհրաժեշտ են երկու նախապայմաններ՝ դրանք իսկապէս պէտք է ընտրութիւններ լինեն եւ ես պէտք է ոչ միայն մտածեմ դրանց մասնակցելու մասին, այլ իսկապէս մասնակցեմ։ Երկուսն էլ միայն ինձնից եւ իմ ցանկութիւնից չեն կախուած, սակայն իմ վճռականութիւնը կարող է շոշափելի դերակատարութիւն ունենալ՝ ինչպէս 1996 թուականին։ Ցաւօք որոշ արկածախնդրական դրսեւորումներ մեզ թոյլ չտուեցին մինչեւ վերջ հասցնել գործը։ Մարդկային՝ առաջին հերթին քաղաքական եւ քաղաքացիական պատասխանատւութեամբ օժտուած մտաւորականութեան մտաշխարհում՝առայժմ միայն մտաշխարհում, ընթացող խմորումները, լաւատեսականօրէն տրամադրուելու լուրջ հիմքեր են տալիս։ Որոշ շրջանակների համար կողմնորոշիչ են իմ ծրագրային ելոյթները՝ մանաւանդ արտաքին քաղաքականութեան կայացման, քաղաքացիների իրաւունքների ամրագրման եւ ճշմարիտ ժողովրդավարութեան հաստատման ուղղութեամբ։ Այսօր այդ նիւթերը համացանցով, մասնաւորապէս իմ՝ hayrikyan.com կայքէջով սփռելու հնարաւորութիւնները էապէս փոխում են իրավիճակը։ Այս ամենով հանդերձ կարճ ժամանակում յաջողութեան հասնելու գլխաւոր նախապայմանը միաւորիչ առաքելութեամբ հանդէս գալու կարողականութիւնն է։ Կկարողանա՞մ այդ ոլորտում դրսեւորել ինձ, կմեծացնեմ յաջողութեան հաւանականութիւնը։ Չե՞մ կարողանայ, մենք միասին կպարտուենք»։

Իսկ այն հարցին, թե բազում առաջադրումները չե՞ն փոշիացնի ընդդիմության ձայները, Պ. Հայրիկյանը պատասխանել է. «Ես չեմ բացառում, որ բոլոր նախաթեկնածուները, նաեւ նորերը առաջադրուեն, սակայն իմ 1996 թուականի փորձը ինձ յուշում է, որ եթէ կարող մի քանի ուժեր յայտարարի գան, կփոշիանան հենց այդ, հիմնականում անհասկանալի նպատակադրումներով ասպարէզ իջնող նախաթեկնածուների ձայները։ Ինչո՞ւ ասացի՝ հիմնականում եւ ոչ բոլոր, որովհետեւ երբեք չի կարելի բացառել, որ ի դէմս նախկինում անյայտ եւ այժմ ասպարէզ իջնող մարդկանց թւում կարող են լինել եւ ապագայ նշանակալի ազգային-քաղաքական դէմքեր։ Նախագահական ընտրութիւնների արդիւնքում, ի տարբերութիւն խորհրդարանական ընտրութիւնների, մէկ թէկնածու է ընտրւում եւ քաղաքական բազմերանգութեան պայմաններում ճիշտ չի լինի, որ այդ ընտրուած անձը լինի ազգի ինչ-որ յատոածի՝ մանաւանդ Հայաստանի պայմաններում խիստ կասկածելի ընդդիմութեան նախագահը։ Իմ յաջողութեան դէպքում դա կլինի բոլոր քաղաքացիների, բոլոր կուսակցութիւնների նախագահը, սակայն Հայաստանի վերջին նախագահը։ Հայաստանի նախագահ պիտի լինի Հայաստանի քաղաքացին, բոլոր քաղաքացիներն իրենց պիտի նախագահ զգան։ Նրանք իմ առաջարկած համակարգի պայմաններում կունենան իրենց համար աշխատող խորհրդարան (ընդամենը միջնորդ-ներկայացուցիչների հաւաքականութիւն) եւ իրենց կողմից նշանակուած՝ ընտրուած վարչապետ։ Ամենաուշը երկու տարուայ ընթացքում (սահմանադրական բարեփոխումների արդիւնքում) մենք կվերացնենք նախագահի պաշտոնը, կկրճատենք խորհրդարանականների քանակը եւ մեր պատմութեան մէջ առաջին անգամ կիրականացնենք վարչապետի ու լիարժեք ներկայացուցչական խորհրդարանի իսկապէս արդար ընտրութիւններ: Ես էլ կանցնեմ ստեղծագործական (գիտական եւ գեղարուէստական) աշխատանքների»։

Ժամանակի էություն սոցիալիստական շարժման կոորդինատոր, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն հայտնած Ռոբերտ Ահարոնյանն էլ նույն հարցերի կապակցությամբ ասաց. «Չեմ համարում, որ ՀՀ-ում կա ընդդիմություն: Ընդդիմություն չի կարող լինել անձերի միջև, այն պիտի գաղափարների միջև լինի: Սոցիալիստական գաղափարներով Ստեփան Դեմիրճյանը լիբերալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ի՞նչ երկիր են կառուցելու, հայտնի չէ: Մեր ցանկությունն է, որ սոցիալիստական ուժերին հասկացնենք, որ պետք է միավորվել սոցիալիստական դաշտում, այ դա կլինի ընդդիմություն: Իհարկե, մեր շանսերը շատ քիչ են, քանի որ ժողովրդի մեջ տարածված է, որ ընդդիմությունը Տեր-Պետրոսյանն է, սարքում են Ծառուկյանին իբր թե ընդդիմություն: Նրանց ու իշխանության մեջ է պայքարը: Բայց եթե ժողովրդին բացատրենք, որ ընդդիմադիր դաշտում կա սոցիալիզմ, դա կլինի 100 տոկոսանոց հաղթանակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930