Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան. «Մեկն էլ լինի՝ ՀՀ նախագահի վրա ջղայնանա» (տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2012 16:15

Թուխմանուկի ոսկու հանքավայրից ընդամենը 600 մետր հեռավորության վրա գտնվող Մելիք գյուղի մշակվող հողերը թունավորված են, տնամերձ հողերից վերցրած փորձանմուշների լաբորատոր հետազոտությունից պարզվել է, որ հողում քրոմի եւ ցինկի պարունակությունը գերազանցում է սահմանված շեմը: Այսօր «Ուրբաթ» ակումբում ասացին «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամները, որոնք եղել են տեղում եւ փորձանմուշներ վերցրել նաեւ պոչամբարից:

Խմբի անդամ Աննա Շահնազարյանի ներկայացմամբ՝ հանքը շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը 3-րդ պոչամբար կառուցելու համար բնապահպանության նախարարությանը ներկայացրած նախագծում ծանր մետաղների եւ թունավոր նյութերի առկայության մասին ոչինչ չի նշել, լեռնամետալուրգիայի ինստիտուտն էլ հերքել է թունավոր նյութերի գոյությունը, սակայն խմբի անդամները առկա պոչամբարներից մեկից վերցրած փորձանմուշները հանձնել են Էկոլոգանոոսֆերային կենտրոնին, որն էլ հաստատել է մկնդեղի, կադմիումի եւ կապարի առակայությունը պոչանքներում:

«Փաստորեն, «Մեգո գոլդի» տված տեղեկությունները սխալ են, սա մի մեծ սուտ է, որը փորձում են հանրության վզին փաթաթել»,-ասաց Աննա Շահնազարյանը, նշելով, որ պետք է բնապահպանության նախարարությանը պարտադրել, որպեսզի համալիր հետազոտություն անի:

Ասուլիսի մասնակիցներից մեկի՝ Թեհմինե Ենոքյանի խոսքերով էլ, դեկտեմբերի 4-ին բնապահպան ակտիվիստների հետ եղել են Կապանում եւ հայտնաբերել, որ Նորաշենիկ գետը, որտեղ թափվում են Արծվանիկի պոչամբարի ջրերը, այն աստիճանի աղտոտված վիճակում էր, որ ակտիվիստների ինքնազգացողությունը հոտից եւ միջավայրից տեղում վատացել է:

Խմբի անդամների խոսքերով, այն որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Արծվանիկ լցվող թափոնները 5-րդ կարգի են եւ վտանգավոր չեն, իրականությանը չի համապատասխանում: Ըստ խմբի անդամների, էկոլոգանոոսֆերային կենտրոնի հետազոտությունները ցույց են տալիս, որ Նորաշենիկ գետի շրջակա համայնքների գյուղմթերքը վտանգավոր է եւ սնվելու համար պիտանի չէ:

Ընդ որում, ինչպես նշեցին «Թեղուտի պաշտպանության» խմբի անդամները, դեկտեմբերի 1-ին «Դենո գոլդ» մայնինգում տեղի ունեցած վթարի հետեւանքով պոչանքները թափվել են Գեղանուշ գետը, չնայած այս փաստը ընկերությունից հերքել են, սակայն բնապահպան ակտիվիստները պահանջում են, որպեսզի իրավապահ մարմինները քննություն անցկացնեն եւ լիարժեք պատասխան տան:

Իրավաբան Արթուր Գրիգորյանի խոսքերով էլ՝ «Մենք գործ ունենք համակարգային կոռուպցիոն գործարքի հետ: Մենք մեր գրպանից սնուցում ենք չինովնիկական կառույցներին՝ առողջապահության, բնապահպանության, իրավապահ համակարգին, սա մի բազա է, որը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի հանրային շահերի վերաբերյալ ցանկացած իրավախախտում, ու պարզի՝ կա՞ արդյոք քրեական հանցագործություն եւ ըստ այդմ էլ համապատասխան գործողություններ կատարվեն: Մենք արդեն հոգնել ենք, բնապահպանության նախարարություն չկա, դա մի ֆիկտիվ գոյացություն է»: Ըստ Արթուր Գրիգորյանի, գլխավոր դատախազը, նախարարները, ոստիկանապետը, բոլորը հայտարարում են, որ լավ են աշխատում, իսկ նախագահը հավաքում է բոլորին ու մականուններով դիմում, մինչդեռ. «ՀՀ նախագահն անձամբ պարտավորություններ ունի, որ մեկն էլ լինի՝ իրա վրա ջղայնանա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31