Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական դավաճանության գործով դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ

Դեկտեմբեր 25,2012 13:45

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը որոշել է վերադարձնել պետական դավաճանության հատկանիշներով հարուցված գործով արդեն իսկ դատապարտյալների բողոքները: Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, որոշումն ընդունվել է դեկտեմբերի 20-ին և օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, այն վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվել են մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանությունը, մեղադրվող Կարեն Մեհրաբյանի և Ռոմիկ Մաթևոսյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանությանը օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին չհայտնելը, մեղադրվող Կարեն Պետրոսյանի վերաբերյալ վճռաբեկ բողոքները, որոնք ներկայացվել էին ամբաստանյալներ Կ.Մեհրաբյանի, Կ.Պետրոսյանի, ամբաստանյալ Ռ.Մաթևոսյանի պաշտպան Ս.Ասլանյանի և ամբաստանյալ Ա.Չտրկյանի պաշտպան Հ.Բաղդասարյանի կողմից:

Ամբաստանյալները բողոքում էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ, որով անփոփոխ էր թողնվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) 2012 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Կարեն Մեհրաբյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 14 տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.175 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, Ռոմիկ Մաթևոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Աշոտ Չտրկյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Կարեն Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով։

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշման, բողոք ներկայացրած անձանց փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար կամ որ «վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31