Լրահոս
Օրվա լրահոսը

«Երջանիկ լինելու համար հարկավոր է 250 եվրո». Երջանկության գումարային սահմանը՝ երիտասարդների պատկերացմամբ

Հունվար 08,2013 19:49

 «Ամենաերջանիկ մարդն այն է, ով կարողանում է երջանկացնել», – ասել է Բալզակը, սակայն յուրաքանչյուրը երջանկություն ասվածն ընկալում է յուրովի՝ սիրելիի ժպիտից մինչև մի կլորիկ գումար: Գումարն, իհարկե, անհրաժեշտ է ապրելու համար, իսկ թե երջանիկ ապրելու համար որքան գումար է անհրաժեշտ մեր երիտասարդներին՝ փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»:

22-ամյա Մարինա Ստեփանյանին երջանիկ լինելու համար հարկավոր է 250 եվրո, ասում է. «Այս պահին ինձ համար երջանկությունը iPad գնելն է, դա և՛ նպատակ է, և՛ ցանկություն…»:

Ի պատասխան իմ հարցի՝ 21-ամյա Ստելլա Հարությունյանն ասում է. «Շա՜տ փող, շա՜տ…դե գոնե  100000 եվրո»: Ցանկալի գումարն էլ կծախսեր մեքենա, տուն գնելու, ինչպես նաև հեռուստաընկերություն ստեղծելու համար:

«Երջանիկ ապրելու համար նախնական հարկավոր է 2000000 դոլար, հետո կերևա», – ժպիտով պատասխանեց 26-ամյա Հովո Աղայանը:

25-ամյա Սերոբ Մարտիրոսյանն էլ անկեղծորեն ասում է. «Այնքան ունենամ, որ առանց հաշվելու ծախսեմ»:

Եղան նաև երիտասարդներ ովքեր, այնուամենայնիվ, հրաժարվեցին երջանկությունը կապել գումարի հետ, և մի գեղեցիկ, աչք ծակող թիվ ասել:

«Ես երջանկությունը երբեք էլ գումարի հետ չեմ կապել, ես ունեմ բավարար գումար ապրելու համար, իսկ երջանիկ լինելու համար ինձ սերն է պակասում», – անկեղծանում է 23-ամյա Գրիգոր Վարդանյանը:

20-ամյա Հասմիկ Սարգսյանը նույնպես այդ կարծիքին է, ասում է. «Երջանկությունը գումարի հետ կապ չունի, մարդ կարող է գումար ունենալ, բայց երջանիկ չլինել»:

Ամերիկացիներն էլ երջանիկ լինելու համար ունեն գումարի իրենց չափը: Գիտնականները պարզել են, որ որքան ցածր է ամերիկացու տարեկան եկամուտը, նա այնքան ավելի նվազ չափով է հակված զգալու երջանկության պահերը առօրյա կյանքում, նրան ավելի հաճախ է համակում տխրությունը եւ նա ավելի է ենթակա ընկճախտի: Աղքատությունը նույնպես ուժեղացնում է հուզական ցավը կյանքի ձախորդություններից` ծանր հիվանդություններից, ամուսնալուծությունից, միայնությունից, դժբախտ պատահարից և այլն: Ամերիկացու տարեկան եկամտի չափի մեծանալու համեմատ կայունորեն աճում է երջանիկ ապրումներ զգալու նրա ընդունակությունը, սակայն դա տեղի է ունենում միայն մինչեւ տարեկան մոտավորապես 75 հազար դոլար եկամտի մակարդակ, այս մասին հայտնել է Proceedings of the National Academy of Sciences հանդեսը:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031