Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների գործը Վճռաբեկ դատարանը դեռ վարույթ չի ընդունել

Հունվար 09,2013 11:43

Երեկ հայտնի դարձավ, որ 2-6 տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների գործով վճռաբեկ բողոքը մակագրվել է դատավորներ Դավիթ Զաքարի Ավետիսյանին եւ Ելիզավետա Ռոմիկի Դանիելյանին։

Ի սկգբանե լուրեր տարածվեցին, թե դա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանը այդպիսով վարույթ է ընդունել երիտասարդների գործով վճռաբեկ բողոքը, սակայն ավելի ուշ երիտասարդների պաշտպան Վահե Գրիգորյանը մեզ հայտնեց, որ վերոնշյալ փաստը դեռեւս ոչինչ չի նշանակում, գործը դեռեւս վարույթ ընդունված չէ։

Առաջին ատյանի դատարանը երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը կայացրել էր հուլիսի 20-ին, նրանց դատապարտել էր 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ կարմիրբերետավորների նկատմամբ իբր բռնություն գործադրելու եւ իբր խուլիգանություն կատարելու համար, մինչդեռ հենց ոստիկաններն էին նրանց նկատմամբ բռնություն գործադրել։ Վերաքննիչ քրեական դատարանը նեյեմբերի 14-ին մերժել էր վերաքննիչ բողոքը, ինչից հետո ակտիվիստները դիմել էին Վճռաբեկ դատարան։ Ե՛վ Առաջին ատյանի, ե՛ւ Վերաքննիչ քրեական դատարանում դատաքննությունը ընթացել էր բազմաթիվ խախտումներով։

Ինչպես հայտնի է, միջադեպի օրվանից կալանավայրում է գտնվում ակտիվիստներից միայն Տիգրան Առաքելյանը, իսկ Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը եւ Դավիթ Քիրամիջյանը այժմ ստորագրությամբ ազատության մեջ են եւ կկալանավորվեն միայն այն դեպքում, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չընդունի, կամ ընդունելուց հետո ուսումնասիրի եւ մերժի այն, ինչից հետո առաջին ատյանի դատավճիռը կմտնի ուժի մեջ։

Նշենք, որ դատավոր Դավիթ Ավետիսյանր ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերի պալատի նախագահն է, նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2008 թ-ից։ Նրա անվան հետ են կապվում բազմաթիվ վճռաբեկ բողոքների մերժումներ։ Ի դեպ, նա ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան է, որը ամսական ստանում է շուրջ 1 մլն 700 հազար դրամ աշխատավարձ։

Ելիզավետա Դանիելյանը եւս «լուրջ» աշխատավարձ ստացողների թվում է։ Նրա ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 1 մլն 320 հազար դրամ։

Իսկ թե ինչքանով նրանք օբյեկտիվ կգտնվեն եւ արդյոք վարույթ կընդունեն երիտասարդների գործով վճռաբեկ բողոքը՝ պարզ կդառնա մի քանի օրից։ Մեկամսյա ժամկետը, որի ընթացքում Վճռաբեկ դատարանր որոշում կկայացնի ընդունել այս գործը վարույթ, թե ոչ, կլրանա հունվարի 14-ին։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031