Լրահոս
Օրվա լրահոսը

Black Sabbath-ի նոր ձայնասկավառակը լույս կտեսնի հունիսին

Հունվար 17,2013 14:26

Հունվարի 13-ին Black Sabbath լեգենդար բրիտանական խմբի պաշտոնական կայքում հրապարակվեց հայտարարություն, որը լույս սփռեց երկար սպասված նոր ձայնասկավառակի վրա: Այսպես, խումբը հայտարարեց, որ ձայնասկավառակը կկոչվի 13 եւ լույս կտեսնի 2013-ի հունիս ամսին: Սա կլինի խմբի առաջին նոր ալբոմը 1995թ. Forbidden-ից, ու առաջինը՝ վոկալիստ Օզզի Օսբորնի մասնակցությամբ 1978թ. թողարկված Never Say Die-ից հետո:

Օսբորնը, կիթառահար Թոնի Այոմին եւ բաս կիթառահար Գիզեր Բաթլերը ձայնագրման աշխատանքները սկսել էին 2012-ին Լոս Անջելեսում՝ 7 Grammy մրցանակների արժանացած (որոնցից երկուսը՝ տարվա պրոդյուսեր անվանակարգում) հանրահայտ պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ միասին: Ցավոք, նոր ալբոմը չդարձավ 1978-ից ի վեր առաջինը, որում մասնակցություն կունենային խմբի «դասական» կազմի բոլոր անդամները, քանի որ, չնայած ավելի վաղ արված հայտարարություններին, 2012-ի մայիսին հարվածահար Բիլ Ուորդը իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարեց, որ նա մասնակցություն չի ունենա Black Sabbath-ի վերամիավորմանը, քանի որ առաջարկված պայմանագիրն «անստորագրելի» է:

Խմբի հայտարարությունից հայտնի դարձավ նաեւ, թե ով է փոխարինել Բիլ Ուորդին հարվածայիններ գործիքների դիմաց ձայնագրության ժամանակ. այդ մարդը Rage Against The Machine-ի հարվածահար Բրեդ Ուիլքն է:

Մինչեւ ձայնասկավառակի թողարկումը՝ խումբը 8 համերգից բաղկացած շրջագայություն կունենա Նոր Զելանդիայում, Ավստրալիայում եւ Ճապոնիայում: Այս համերգների ամսաթվերն ու վայրերն արդեն հայտարարված են խմբի կայքում: Առաջիկա ամիսների ընթացքում խումբը նաեւ կհայտարարի այլ երկրներում շրջագայության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ:

Այոմին, Օսբորնն ու Բաթլերը NME.com-ին տված հարցազրույցում, քննարկելով նոր ալբոմի վրա տարվող աշխատանքները, մասնավորապես պատմեցին, թե ինչպես է Ռիք Ռուբինն ազդել նրանց՝ կրկին միասին ստեղծագործելու մոտեցման վրա: Բաթլերն ասում է. «Նա մեզ նստեցրեց, միացրեց մեր առաջին ձայնասկավառակն ու ասաց՝ լսեք սա, պատկերացրեք, թե 1969 թիվն է, դուք հենց նոր եք սա արել, ի՞նչը կլիներ ձեր հաջորդ անելիքը»:

«Վերցրել է մեր հին գործերի «համն ու հոտը» այն առումով, թե ինչպես ենք մենք գործերն ի մի բերում, բայց այդ ամենը նոր հայացքով»,- ավելացնում է Այոմին: Բաթլերի խոսքերով՝ 2012-ի օգոստոսին խումբը 15 նոր երգ է ձայնագրել, որոնցից 12-ը կներառվեն նոր ձայնասկավառակում, իսկ մնացած երեքը կծառայեն՝ որպես բոնուսային նյութ՝ ձայնասկավառակի տարատեսակ հատուկ թողարկումների համար:

Ավելի վաղ Այոմին, Օսբորնն ու Բաթլերը միասին նվագել էին առաջին անգամ 7 տարվա ընթացքում 2012թ. մայիսի 19-ին 3800 տեղանոց O2 Academy դահլիճում՝ Black Sabbath-ի հայրենի քաղաք Բիրմինգհեմում: Այդ համերգը, որը նաեւ առիթ էր նախապատրաստվելու հաջորդ ամսվա խմբի հեդլայներային ելույթին Download փառատոնի ժամանակ, չափազանց հուզական էր, քանի որ դա Թոնի Այոմիի առաջին ելույթն էր՝ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերելուց հետո: Սա առիթ հանդիսացավ մտավախությունների, թե Black Sabbath-ը ստիպված կլինի հրաժարվել համերգային նախագծերից, սակայն 2012թ. դեկտեմբերի 22-ին իր պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ Այոմին գրում է. «Ինչ տարի էր: Հաստատապես ոչ այնպիսին, ինչպիսին ես սպասում էի: Շնորհակալություն բոլորիդ հսկայական օգնության եւ աջակցության համար, դա շատ քաջալերող էր: Ես դեռ աշխատում եմ ալբոմի վրա, եւ ինձ հաջողվեց երեք համերգ նվագել, ինչը վատ չէ, հաշվի առնելով անցած տարվա նորությունը: Ես անհամբեր սպասում եմ հաջորդ տարվան՝ տեսնելու, թե ինչ եք դուք մտածում ձայնագրության մասին եւ այնքան համերգներ նվագելու, որքան ի վիճակի կլինենք»: Ի դեպ, քաջալերող նամակ, ի թիվս միլիոնավոր Black Sabbath-ի սիրահարների, Թոնի Այոմիին գրել էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ երեւույթին, նոր սկավառակի ձայնագրությունը դեռ ընթացքի մեջ է, քանի որ անցած շաբաթ Օզզի Օսբորնը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակեց մի լուսանկար, որը վերնագրված էր «վերադարձել ենք աշխատելու Black Sabbath-ի ալբոմի վրա. իմ տեսարանը վոկալային խցիկից»:

Black Sabbath-ի 2013թ. շրջագայության առաջին համերգը տեղի կունենա Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքում՝ ապրիլի 20-ին:

Հայկական ռոք ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031