Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալներ Սեյրանն ու Մանվելը պաշտպանության կարի՞ք ունեն

Փետրվար 07,2013 13:36

Էջմիածնի քաղաքապետը նրանց համեմատեց Նժդեհի եւ Անդրանիկի հետ

«Ինչի՞, սկսենք էն ժամանակներից, որ մարդիկ փախան, իսկ սովորական ռամիկ ժողովուրդը պաշտպանվում էր: Բո ո՞վ պիտի լիներ. է՞ն, որ փախավ Ֆրանսիա, թե՞ էն, որ փախավ Ամերիկա. էն պիտի՞ լիներ գեներալ»,- «Առավոտի» հետ զրույցում վրդովվեց Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: «Առավոտը» փորձում էր պարոն Գրիգորյանին հարցնել՝ որքա՞ն է լինելու տեղացի գեներալների ազդեցությունն առաջիկա ընտրական գործընթացներում, այն պարագայում, երբ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավային բոլոր հանդիպումներում հորդորում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնել: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը մշտապես «ազդել» են այդ տարածքում ընտրական գործընթացների վրա: Կարեն Գրիգորյանը հարկ համարեց նաեւ բարոյախրատական դասեր տալ. «Մենք 100 տարի առաջ Նժդեհին ստիպեցինք հեռանալ երկրից, Անդրանիկին ստիպեցինք՝ հեռացավ: Ե՞րբ ենք սովորելու իրականում մեր չարչարվածին գնահատել ժամանակին եւ ոչ թե մահանալուց հարյուր տարի անց: Ե՞րբ ա գալու էդ ժամանակը, ինձ կասե՞ք»:

Խորհրդարանական ընտրություններից առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ Մանվել Գրիգորյանն իր որդուն՝ Կարենին է ցանկանում պատգամավոր դարձնել: Հետո մի հարցազրույցում Մանվել Գրիգորյանն ասաց, որ իր ընտանիքից որեւէ մեկը քաղաքականությամբ չի զբաղվելու: Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչը փոխվեց, որ իր հայրը որոշեց քաղաքականությամբ զբաղվել: «Ես մի բան գիտեմ՝ ով մի բան ուզում է ասի, ասում է՝ ժողովուրդն էր ասում: Կոնկրետ հասցեատեր չկա: Ո՞վ էր ասում: Ես նման բան չեմ լսել»: Հարցը՝ ինչո՞ւ Մանվել Գրիգորյանը որոշեց քաղաքականությամբ զբաղվել, խորհրդարանն իր տե՞ղն էր, նա, կարծես, ավելի շատ զինվորական գործի մասնագետ է եւ կարող էր իր ներդրումն այլ ոլորտում անել, վրդովեցրեց Կարեն Գրիգորյանին: Այնուհանդերձ, ասաց. «Այդ հարցի պատասխանը պարոն Գրիգորյանից կարող եք ստանալ»: Ապա հարցին հարցով հակադարձեց. «Որպես հասարակ քաղաքացի՝ կիսո՞ւմ եք էդ մոտեցումը: Դուք ի՞նչ եք մտածում, էդ զինվորականները կամ ազգի պաշտպանները իրավունք չունե՞ն օրենքով պաշտպանված լինելու»: Դիտարկմանը, որ օրենքով պաշտպանված լինելը եւ օրենսդիր աշխատանքով զբաղվելը տարբեր բաներ են, Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Տարբեր բաներ են այն առումով, որ մինչեւ այսօր չկա օրենսդիր մի մարմին, որ պատերազմի մասնակիցներով մի հատ օրենք մշակած լինի, որ իրանք պաշտպանված լինեն, հավասար իրավունքներ ունենան: Կա՞ նման օրենք: Ես վստահ եմ, որ պարոն Գրիգորյանը նման թերությունների առումով, համենայնդեպս, լրացում կանի նման օրենքներում, եւ այդ օրինագիծը, նախագիծը պատրաստվում ա»: Թե ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ Մանվել Գրիգորյանը, ի՞նչ առաջարկներ եւ նախաձեռնություններ են լինելու, Կարեն Գրիգորյանն ասաց, որ երբ դա կլինի, այնժամ էլ խորհրդարանում կտեղեկանանք ու հնարավորություն կունենանք բոլոր հարցադրումները բարձրաձայնելու:

Ի դեպ, Կարեն Գրիգորյանը երեկ նախագահի հետ հանդիպմանը եկել էր իր 4-ամյա որդու՝ Հապետի հետ: Որդուն Կարենն անվանակոչել է ի հիշատակ Ղարաբաղյան պատերազմում զոհված քեռու:

«Առավոտը» Կարեն Գրիգորյանից փորձեց պարզել, թե ի՞նչ սկզբունքով են մարդկանց հրավիրել մասնակցելու ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Ի պատասխան՝ Էջմիածնի քաղաքապետը հարց հնչեցրեց. «Ես ժողովո՞ւրդ եմ, թե՞ ոչ: Տարանջատելը ո՞րն է»: Նկատեցինք, որ սովորաբար դահլիճային հանդիպումներին ներկա են լինում տեղական ինտելիգենցիայի ներկայացուցիչները, իսկ այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն նախագահին ներկայացնելու, չեն կարողանում ներս մտնել: Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Ոնց որոշենք, միեւնույն է՝ նեղացողներ լինելու են: Շենքային պայմաններն այնպիսին են, որ բոլոր ցանկացողներին չենք կարող ընդգրկել: Փառք Աստծո, ես վստահ եմ մեր երկրի վրա, որ վաղը-մյուս օրը այնքան հարուստ երկիր կլինենք, որ դահլիճները կլինեն ոչ թե 500, այլ 500-600-1500 տեղանոց: Էդ ժամանակ էլ նեղացողները քիչ կլինեն»: Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ խնդիրներ ունի Էջմիածինը, նախագահի առջեւ ի՞նչ հարցեր են բարձրացվելու, արդյոք նախապես հարցե՞ր են բաժանվել հավաքվածներին, քանի որ սովորաբար բոլոր դահլիճային հանդիպումներում պատվիրված հարցեր են հնչում, շատ դեպքերում մարդիկ նույնիսկ կմկմալով են դրանք կարդում: Քաղաքապետը հակադարձեց. «Մենք նման բանով չենք զբաղվում: Հարցերը կտան՝ կլսեք»: Քաղաքապետի ասելով՝ խնդիրները շատ են, բայց երեկ նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցին միայն միջքաղաքային տրանսպորտի եւ ավտոկայան ունենալու մասին մտահոգություններ:

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ավելի լավ է սս-ին հարցեր տվեք,՝ ԼՂ-ի հարցի կարգավորման մասին; Անգիր գիտի՝ ազգրի ինքնո-
    րոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում: Վերջինը պարզ է, իսկ առաջինը ի՞նչ
    կապ ունի երկրորդի հետ: Այսինքն մնացած հարցերը,՝ կարծես կապ ունեն իր հետ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728