Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզպետը բանավիճեցին (տեսանյութ)

Փետրվար 09,2013 00:30

Մարզպետը ՀՀԿ-ի շտաբում էր

Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն էր անցկացնում Կոտայքի մարզում: Կանգառներում, խանութներում եւ ամենուր հրազդանցիներին բարեւելուց հետո նա որոշեց մտնել մարզպետարան՝ մարզպետ Կովալենկո Շահգալդյանին բարեւելու: Սակայն մարզպետարանի աշխատակիցներն ասացին. «Մեր մարզպետն այստեղ չէ: Իրան գտեք Հանրապետականի շտաբում»:

Րաֆֆի Հովհաննիսյանի զարմանքին՝ բա ո՞վ է իր պարտականությունը կատարում՝ աշխատակիցները պատասխանեցին՝ «Նրա տեղակալը, աշխատակազմի ղեկավարը: Ինքը արձակուրդ է վերցրել, որ աշխատի շտաբի համար»: Կովալենկո Շահգալդյանի տեղակալները ՀՀԿ-ի կրծքանշաններով իրենց աշխատասենյակում նստած էին:

Մարզպետին իսկապես գտանք ՀՀԿ-ի շտաբում: Րաֆֆի Հովհաննիսյանը նրանից հետաքրքրվեց՝ «ինչպե՞ս է վիճակը»: Մարզպետը ճշտեց՝ ո՞ր առումով: «Այն առումով, որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ նորմալ ընտրություններ պիտի լինեն Հայաստանում եւ Հրազդանում»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: Կովալենկո Շահգալդյանը պնդեց, թե Հրազդանում էլ, Կոտայքի մարզում էլ միշտ էլ նորմալ ընտրություններ են եղել: Նա հորդորեց չկուսակցականացնել ընտրությունները, հպարտացավ, որ անգամ ՍՍՀՄ ժամանակ, մեծ գործարանի տնօրեն լինելով, կուսակցական չի եղել, եւ ընդհանրապես մինչեւ 2006-ը ինքը որեւէ կուսակցության անդամ չի եղել. «Իհարկե, մենք մեր թեկնածուի հաղթանակի մեջ կասկած չունենք»,- ասաց նա: Րաֆֆի Հովհանիսյանն էլ արձագանքեց. «Իսկ ես կասկած չունեմ, որ մեր ժողովուրդը պիտի հաղթանակ տանի»:

Զրույցի վերջում Կովալենկո Շահգալդյանն ասաց, թե ամսի 19-ին պարոն Սարգսյանին կշնորհավորեք ու սկսեց կուշտ ծիծաղել: Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձրեց Կովալենկո Շահգալդյանի պատասխանը՝ եթե ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն, ես կարծում եմ, դրանում ոչ մի ողբերգություն չկա: Մարզպետը գլխով արեց ու անկեղծացավ, թե պարոն Հովհաննիսյան, հասկանում եք, մեր ժողովրդի մտածելակերպը չի հարմարվում շուկայական հարաբերություններին: Այնքան խնդիրներ կան բազմաթիվ, որ մենակ նախագահով չի:

Այդուհանդերձ, նա երաշխիք տվեց, որ Կոտայքի մարզում լիարժեք ընտրություներ են լինելու: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությանը, որ գիտենք, ինչ է կատարվում՝ ուսուցիչներ, տնօրեններ, ցուցակագրումներ են գնում, մարզպետը հակադարձեց. «Թողեք մի քիչ էլ մենք ասենք, դուք անընդհատ ձերն եք ասում: Էդ ռեսուրսը, որ միշտ ասում են օգտագործվում են, էդպես չի, պարոն Հովհաննիսյան: Ամեն մեկը իր խղճի մտոք է  քվեարկում: Երբ մարդը մտնում է քվեախցիկ, էդ վախտ է որոշում կայացնում ու ոչ մարզպետը, ոչ ոստիկանապետը, որեւէ մեկը չեն կարող նրա վրա ազդեցություն գործել»: Մարզպետը վստահեցնում էր, որ Կոտայքի մարզում պատվախնդրություն կա, որ հնարավոր չի կեղծվեն ընտրությունները եւ այլն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անդրեասյան says:

    Սովետական ժողովրդականության կապված է այս հին սերունդը: Սրանցից պետք է ձեռփացտվել, նրանք են կռծում ու հավատում թէ առանց Ռուսաստանի չի լինելու: Կարծում եմ ամէն ինչ կլինի թէ նրանով ,թէ մյուսներով եթէ լա Հայ քաղաքականութեուն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728