Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը նախատել է Քասախի գյուղապետին

Փետրվար 09,2013 00:29

«Ապահով Հայաստանի» շարֆով դրոշը փակելը ըստ մարզպետի, իրոք սխալ էր

Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավի ընթացքում «բռնացրել» էր Քասախի գյուղապետին, որը գյուղապետարանի նամակների բաժնում դրել էր Սերժ ՍՍարգսյանի բուկլետները, իսկ հայոց եռագույնը, որը դրված էր իր աշխատասենյակում, ծածկել էր «Ապահով Հայաստանի» շարֆով:

Այսօր այս առնչությամբ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում այսպես արդարացրեց գյուղապետին. «Մարդ ա, մի սխալ թույլ ա տվել: Զգուշացրել ենք, ինքը այդ պահին սխալ է թույլ տվել: Նույնիսկ եթե դա այս ընտրարշավի հետ էլ կապված չլիներ, վերջը երկրի դրոշն է: Չի կարելի երկրի դրոշը ծածկել: Դրա հետ համաձայն եմ եւ շատ խիստ էլ նախատել եմ համայնքի ղեկավարին»:

Այսօր էլ նկատեցինք, որ Եղվարդի արվեստի դպրոցի վրա փակցված է ՍԵրժ Սարգսյանի ցուցապաստառը, մինչդեռ օրենսգիրքն արգելում է պետական շենքերի վրա քարոզչական պաստառ փակցնել: «Արվեստի դպրոցը պետական չի»,- վստահեցրեց մարզպետը՝ ասելով, որ այն համայնքային է եւ վարձակալությամբ է տրվել. «Ի՞նչ կլինի, որ համայնքը մի քանի հազար դրամ եկամուտ ունենա»:

Պարոն Շահգալդյանը Րաֆֆի Հովհաննիսյանին վստահեցնում էր, որ Կոտայքում, Հրազդանում միշտ էլ ազատ, արդար, նորմալ ընտրություններ են անցկացվել: Ուստի մեր հարցին՝ Հրազդանի քաղաքապպետի ընտրություններն է՞լ են դրա մեջ մտնում՝ Արամ Դանիելյանի եւ Սասուն Միքայելյանի, մարզպետը պատասխանեց. «Այո, Արամ Դանիելյանի ընտրությունը մեր երկրի լավագույն ընտրություններից մեկն էր»: Հիշեցնենք, որ այդ ընտրություններին ընտրատեղամասերից մեկում մի հրազդանցի կին բացահայտ ասում էր, որ Արամ Դանիելյանն  ընտրակաշառք է բաժանել եւ իրեն չի հասել, ուստի ինքը պահանջում է իր բաժին ընտրակաշառքը: Երբ մարզպետին հիշեցրինք այս դեպքը՝ նա պատասխանեց. «Դրա համար մարդիկ տարբեր են լինում, էլի: Որ մեկին ասեք՝ ինչի՞ ինձ էլ ընտրակաշառք չեք տալիս ու ձայնագրեմ, դնեմ կայքերում, դրանից ի՞նչ»: Մենք հստակեցրինք՝ այսինքն, սարքա՞ծ էր, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց՝ «Իհարկե, սարքած էր: Բա մեկի ձեռքը բռնեցի՞ն: Մեկը եկա՞վ հայտարարեց, որ ընտրակաշառք է: Սա սարքած էր, ես նույնիսկ գիտեմ ով է սարքել: Ընտրություններն ավարտվեն՝ կասեմ»:

Կովալենկո Շահգալդյանը տեղեկացրեց, որ ինքն արձակուրդում է լինելու մինչեւ ամսի 19-ը, իսկ ամսի 20-ին «բարով-խերով» կգա աշխատանքի:

Մենք հետաքրքրվեցինք, թե  ինքը ինչո՞ւ չի կրում ապահով Հայաստանի շարֆերը: Մարզպետն ասաց, որ ինքը ձմեռ-ամառ ընդհանրապես շարֆ չի կրում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728