Լրահոս
Օրվա լրահոսը

Tool-ը կշրջագայի 2013-ին

Փետրվար 16,2013 17:10

 Բայց նոր ձայնասկավառակ, հավանաբար, չի թողարկի

Անցած շաբաթ եռակի Grammy մրցանակակիր կալիֆոռնիացի պրոգ-ռոքերներ Tool խումբը հայտարարել է նոր շրջագայության մասին Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Շրջագայությունը կսկսվի ապրիլի 27-ին Մելբուռն քաղաքում՝ Rod Laver Arena մարզադաշտում: Խմբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ «դադար վերցնելով խմբի անչափ սպասված հինգերորդ ալբոմի ձայնագրությունից՝ վոկալիստ Մեյնարդ Ջեյմս Քինանը, կիթառահար Ադամ Ջոնսը, հարվածահար Դեննի Քերին ու բաս-կիթառահար Ջասթին Չենսելորը այս մայիսին մի շարք համերգներով հանդես կգան Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում»:

Խմբի դեբյուտային ձայնասկավառակի՝ The Undertow-ի լույս տեսնելուց հետո անցած գրեթե 20 տարիների ընթացքում Tool-ը հասել է նշանակալի հաջողությունների ոչ միայն քննադատների շրջանում, այլեւ կոմերցիոն տեսանկյունից՝ ինչպես ստուդիական, այնպես էլ համերգային գործունեության համար:

Չնայած նրան, որ երկրպագուները սպասում էին, որ խմբի նոր ձայնասկավառակը լույս կտեսնի 2013-ին, խումբը Facebook-ում իր պաշտոնական էջում հայտարարել է. «ոչ մի նոր երգ, ոչ մի նոր ալբոմ 2013-ին»:

Ավելի վաղ, չիլիական Radio Futuro-ի հետ զրույցում խմբի վոկալիստ Մեյնարդ Ջեյմս Քինանն ասել էր. «Ոչ մի նոր սկավառակ: Ոչ այս տարի: Ես ոչ մի նոր երգ չեմ գրել, այնպես որ՝ ոչ, ոչինչ չկա»:

Սա անսպասելի նորություն էր երկրպագուների համար, քանի որ TheRockFM-ին տված իր հարցազրույցում խմբի հարվածահար Դեննի Քերին նոր ձայնասկավառակի վերաբերյալ ասել էր. «Ինչ-որ մի ժամանակահատվածում, այս տարի… միայն սա կարող եմ ասել: Որքան շուտ, այնքան լավ մեզ համար: Մենք աշխատում ենք ամեն օր, բայց երբեք չես կարող կանխագուշակել, ազնվորեն: Մենք իսկապես ոգեւորված ենք դրանով եւ, հուսով եմ, երկրպագուներն էլ նույնպես»:

Քերին նաեւ նշեց, թե խումբը հսկայական քանակությամբ համերգային նյութ ունի, որը կարող է ապագայում լույս տեսնել ձայնասկավառակի կամ համերգային DVD-ի տեսքով: Այս նորությունն, անկասկած, ուրախալի կլինի խմբի սիրահարների համար, քանի որ իր ամբողջ գոյության ընթացքում Tool-ը երբեւէ պաշտոնական համերգային տեսանյութ չի թողարկել: Այս կապակցությամբ Քերին հայտնել է. «Մենք մեծ քանակությամբ ձայնագրություններ ունենք: Հույս ունեմ, որ մենք դա մի օր կներկայացնենք: Մենք նաեւ ունենք մեծ քանակությամբ տեսանյութեր: Մենք կկարողանայինք մեկ կամ նույնիսկ երկու DVD թողարկել, ցանկացած ժամանակ եթե դրանով զբաղվեինք: Այս պահին մենք փորձում ենք նոր ձայնասկավառակի վրա կենտրոնանալ, այնպես որ, ավելի ուշ մենք դրան կանդրադառնանք:

Tool-ի նախորդ ձայնասկավառակը՝ 10,000 Days-ը, լույս էր տեսել 2006-ին: Նոր սկավառակի վրա աշխատանքները սկսվել էին 2009-ին, սակայն դրանք ընթանում էին դադարներով, քանի որ խմբի անդամները նաեւ զբաղված էին սեփական նախագծերով. մասնավորապես, Մեյնարդ Ջեյմս Քինանն ակտիվորեն շրջագայում էր իր Puscifer խմբի հետ միասին, որը նա նկարագրում է որպես մի շարք երաժշտական մտահղացումներ իրականացնող խումբ, որոնք նա հնարավորություն չուներ իրագործելու Tool-ի եւ A Perfect Circle-ի հետ»:

Ի դեպ, 2013-ին Քինանը կշրջագայի Ավստրալիայում, նաեւ իր մյուս երկու խմբերի՝ Puscifer-ի եւ A Perfect Circle-ի հետ:

Հայկական ռոք ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728