Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի ընտրող. «Ուզում եմ, որ վաղվա օրը լավ լինի»

Փետրվար 21,2013 20:33

Կապանում նախագահական ընտրություններին ակտիվորեն մասնակցում էին նաեւ թոշակառուները, ովքեր մեծ կարեւորություն էին տալիս ընտրելու իրենց իրավունքին եւ պարտադիր համարում  իրենց մասնակցությունը: Զարի տատն արմատներով Գորսից է, բայց տարիներ շարունակ Կապանում է ապրում, ասում է պարտադիր մասնակցում է երկրում անցկացվող բոլոր ընտրություններին եւ այս անգամ էլ բացառություն չէր:  «Ես որպես էս երկրի տար տիրական ըմ քյացած ընտրության, տի լած չի, որ մասնակցած չընիմ ընտրություններին: Էս անգամ քյացալըմ իմ օզած թեկնածուին ընտրալ,  սաղեն ծանոթ չըմ լա,  բայց մին երկու թեկնածուին գուդումըմ լա», – ասաց  81-ամյա թոշակառուն: Կապանի բոլոր ընտրատեղամասերում կհանդիպեիր ակտիվորեն քվեարկող  տարեց կապանցիների, ովքեր իրենց յուրաքանչյուր ձայնն արժեւորում էին երկրի ապագայի համար:

Ռոզա Միքայելյանը, ինչպես նախորդ ընտրություններին, այս ընտրությանն էլ է մասնակից դարձել: Անտարբեր չի երկրի ապագայի հանդեպ եւ մի շարք ցանկություններ ունի վաղվա օրվա հետ կապված:  «Ուզում եմ, որ վերահսկողություն լինի առողջապահության եւ մյուս ոլորտներում, աղքատության նվազեցման ուղղված բարեփոխումներ արվեն, հարուստ եւ աղքատ ընտանիքների միջեւ հսկայական տարբերություններ չլինեն այսուհետ: Անգամ հիվանդանոցում պառկած  ժամանակ տաքսի եմ վերցրել ու անպայման գնացել ընտրության: Ուզում եմ, որ վաղվա օրը լավ լինի. հիվանդներն առողջ լինեն, չքավոր ընտանիքին, հիվանդ  ընտանիքին վերահսկող լինի, աղքատներին  էլ օգնեն մի քիչ», – նշեց Ռոզա տատը, ով առողջական բազմաթիվ խնդիրներ ունի այսօր, իսկ ընտանիքում` սոցիալական մեծ դժվարություններ, որոնց լուծման համար բազմիցս են պրոբլեմների առջեւ  կանգնում:

Ի տարբերություն այս կապանցիների, մարզկենտրոնի բնակիչ Արարարտն ընտրությանը չի մասնակցել, ասում է, որ իր պատճառներն ուներ: «Ի՞նչ ընտրության գնամ, մեկ ա  գնամ-չգնամ իրանք իրանցն ընտրելու էին, մեր ձայնին չեն նայում», «էս մի ընտրությանը չեմ գնացել, սպասում էի 5000 դրամ տան, բայց տենց էլ չտվեցին, ես էլ չքվեարկեցի», «Ես մայրաքաղաքից եմ եկել ու հարազատներիս հետ մասնակցել ընտրությանը: Մենք ընտանիքով մեր որոշումը միաձայն կայացրել էինք նախքան ընտրությունները, եւ Կապանի արդյունքներից կարելի է ասել դժգոհ չենք: Ամեն դեպքում ընտրության գնալը ճիշտ է, կարծում եմ` յուրաքանչյուրիցս մեծ բան է կախված ու չպետք է անտարբեր լինենք մեր  վաղվա օրվա հանդեպ», – մյուս կապանցիների պես իր կարծիքն հայտնեց Երեւանում սովորող կապանցի Լիլիթը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728