«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պատրաստվում է նշելու Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնին ընդառաջ մայրաքաղաքի Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերում իրականացվում են մաքրման ու խնամքի աշխատանքներ` ՀՀ ՊՆ զորամասերի աջակցությամբ:
Այսօր Քանաքեռի կապի զորամասի 20 զինծառայողներ Էրեբունի հնավայրի հարակից տարածքում տնկել են 150 ծառեր, որոնց տնկիները տրամադրել էր Երևանի քաղաքապետարանը:
Աշխատանքների ավարտից հետո, ինչպես և նախորդ տարիներին, զինվորները ծանոթացել են հնավայրին: Արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը նրանց ներկայացրել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի խորհուրդը` ընդգծելով, որ ապրիլի 18-ը հասարակական հիշեցման և միջազգային համերաշխության օր է` հանուն մշակութային անշարժ ժառանգության պաշտպանության:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ` ՀՀ Պաշտպանության նախարարությունն արդեն տարիներ շարունակ աջակցում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին` ցուցադրելով հայրենիքի պաշտպանության և ժառանգության պահպանության անխզելի միասնությունը:
Կարդացեք նաև
«Էրեբունի» արգելոց-թանգարան