Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառատունկ՝ նվիրված Չինար մայրիկի հիշատակին

Հունիս 27,2026 09:40 Share

Հունիսի 24-ին Երևանի պետական համալսարանի Արևելագիտության և այլ օտար լեզունների ֆակուլտետների մասնաշենքի հարևանությամբ՝ Չարենցի փողոցի մայթեզրի կանաչապատ տարածքում, իրականացվեց խորհրդանշական ծառատունկ՝ տնկվեց լիբանանյան մեկ մայրի ծառ։

2026թ․ մայիսի 19-ին Թեհրանում մահկանացուն կնքեց «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Բագրատ Նազարյանի (Մեծ Բրիտանիա) 91-ամյա մայրը՝ 3 որդի և 2 դուստր ծնած Չինար Ավետյան-Նազարյանը։ Ցավակցությունում Չինար մայրիկի մասին գրված է․ «Նազարյան գերդաստանի պատվական հարս, մայր և տատիկ»։ Չինար մայրիկի հիշատակին էր նվիրված ծառատունկը։

Ներկա էին «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանը, հոգաբարձունների խորհրդի նախագահ, գրականագետ, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, անդամներ՝ գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը, գրականագետ Սամվել Մուրադյանը, բարերար Մեծ Բրիտանիայից Թոնի Կահվեն, Աշոտ Պողոսյանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի նախկին գլխ․ խմբագիր Արթուր Ղարագյոզյանը, Չինար մայրիկի որդիներից Բագրատն ու Վիգենը, հարազատներ։

ԵՊՀ Արևելագիտության նախկին դեկան, իրանագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի կողմից կազմակերպված ծառատունկներն Արցախում շատերն են հիշում ու երանի տալիս այդ օրերին։ Գ․ Մելիքյանի կազմակերպմամբ Քաշաթաղի տարածքում, հատկապես Բերձորի մերձակայքում, տարիների ընթացքում, բացի ընդհանուր ծառատունկերից, ծառեր էին տնկվում, պուրակներ ու ծառուղիներ հիմնվում՝ նվիրված նշանավոր հայազգիներին, հիմնադրամի բարերարներին ու հարազատներին, հայ ժողովրդի բարեկամներին։

Ինչպես ընդունված է՝ Գ․ Մելիքյանը բոլոր ծառատունկների ժամանակ, իսկ դրանք հարյուրավոր են, առաջին ծառը տնկելիս, գինեթասը ձեռքին, ասմունքում է Լևոն-Զավեն Սյուրմելյանի (24․ 11 1905, Տրապիզոն – 03․ 10 1995, Կալիֆոռնիա, ԱՄՆ) 1924թ․ գրած «Ասացվածք ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը․

Տե’ր, օրհնե’ ծառն այս մատղաշ։
Ես կտնկեմ զայն ահա
Փխրուն և սև հողին մեջ, ուր պապերս կպառկին.
Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,
Ու արևուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրա:
Պիտի բանա ծառն այս մեծ իր բազուկներն ու հոգին,
Գրկած իր մեջ պապերուս արևոտ շունչը անմահ,
Տե’ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղոթք մը ըլլա~,
Ու փաթթվիլ իր մարմնույն գան սիրողները գյուղին։
Երկաթագիր պատմությունն այս մտերիմ հողերուն
Աչքիս արցունք կբերե… փառք ու մեռել շատ ունի։
Երկիրն իմ հին, ալևոր, որուն ես թոռն եմ վայրի,
Խոկումներով բեռնավոր, երազներով օրորուն…
Մեռելներուս իբրև խաչ՝ ես այս ծառը տնկեցի…

Բարի հիշողություններով խոսեց Չինար մայրիկի մասին և ասաց՝ ամեն մեկս պարտավոր ենք մեր մայրերի հիշատակը վառ պահել։ Իսկ նորատունկ ծառի արմատին գինի հեղեց՝ մեջբերելով պարսկական ասացվածք․ «Եթե գինի ես խմում, մի կաթիլ հողին լցրու»։ Բագրատ Նազարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ մայրիկի հիշատակին ծառ տնկելու առթիվ։ «Մայրս այլևս չկա, բայց այս ծառը կմնա որպես հիշատակ»։ Իրենց երախտիքի խոսքն ասացին նաև Չինար մայրիկի հարազատները։ Գ․ Մելիքյանը տեղեկացրեց՝ ծառի հարևանությամբ կտեղակայվի նաև ցուցանակ՝ Չինար Ավետյան-Նազարյանի անունով, ծննդյան ու մահվան օրերով։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930