Լրահոս
Օրվա լրահոսը

Մակար Պետրոսյան. «Ժամանակ է պետք, տեսնենք գլխներիս եկածներն ինչ է»

Մայիս 27,2013 19:26

Վերջերս կարկտահարությունից տուժած տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսություններ մեծ վնասներ կրեցին, իսկ առավել տուժել են խաղողի այգիները, որոնց վերականգնման համար առնվազն 2-3 տարի է անհրաժեշտ: Որքանո՞վ կտուժի մեր երկրի տնտեսության գերակա ճյուղ հայտարարված կոնյակագործությունը Aravot.am-ը փորձեց ճշտել որոշ կոնյակագործներից: Եթե օրինակ Երեւանի կոնյակի գործարանից մեզ վստահեցրել էին, որ խաղողի այգիների վնասներն իրենց արտադրության ծավալներին չեն ազդի, ապա «ՄԱՊ» ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս տարի իրենք էլ իրենց սպիրտի պաշարների հաշվին վնաս չեն կրի, սակայն, թե մյուս տարի ինչ կլինի, դեռ պարզ չէ:

«ՄԱՊ» ընկերության գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կոնյակի արտադրության բոլոր գործարաններն էլ սպիրտի պաշարներ ունենում են, սակայն իրենք Երեւանի կոնյակի գործարանի չափ չեն կարողանում սպիրտ ռեզերվացնել. «Անցյալ տարի Երեւանի կոնյակի գործարանն իր սպառվածից ավելի էր պաշարել, մեր տարբերությունն այդքան մեծ չէ, մենք, ասենք, վաճառել ենք X ծավալի, չենք կարող 2X-ի դնենք տեղը: Մեր արտադրության ծավալները չեն նվազի` ռեզերվի հաշվին, մյուս տարի նորից շատ կառենք ու կդնենք տեղը, բայց այլ հարց է`թե որքա՞ն խաղող կարող ենք գնել կամ ընդհանրապես ի՞նչ գնով կկարողանանք գնել: Խաղողի այգիները վերականգնելու համար 3 տարի է պետք, ու հնարավոր է խաղողի դեֆիցիտ առաջանա շուկայում, իսկ դա կբերի գների բարձրացման, ու հարց է առաջանում`մենք որքանո՞վ կկարողանանք բարձր գնով խաղող գնել ու արդյոք կկարողանանք բարձր գնով առած խաղողից ստացած կոնյակի սպիրտը նորմալ գնով վաճառել, իսկ եթե թանկացնեմ`որքանո՞վ կթանկացնեմ: Սրա համար լուրջ տնտեսական հաշվարկ է պետք, բայց հիմա շատ շուտ է դրա համար, որովհետեւ դրա շղթայական էֆեկտը, այսինքն  խաղողի վրա ինչ կերպ է անդրադառնում` ծավալային մասով, գնային մասով, այդ թվերը դեռ պատարստ չեն: Այ եթե մյուս տարի մեզ անհրաժեշտ քանակությամբ խաղող կարողանանք մթերել, մենք խնդիր չենք ունենա»:

Aravot.am-ի այն հարցին էլ, խաղողի դեֆիցիտի դեպքում, ինչպե՞ս են հաջողացնելու իրենց ուզած ծավալի խաղող գնել, քանի որ պահանջարկն առաջարկից շատ է լինելու, խաղողի կռիվ չի՞ լինի գործարանների միջեւ, պարոն Պետրոսյանն ասաց. «Պետք է պարզենք` եթե մեր նախատեսած ծավալից շատ է կարկուտը տարել, օրինակ` եթե կա 150 հեկտար խաղող, որից մենք ձեռք ենք բերում 70 հազարը, ինչքա՞ն մարդ կա պայմանագրային մասից դուրս է մնացել, այսինքն եթե մի ֆերմերինը տարել է, ես կարո՞ղ եմ մյուս ֆերմերից գնել, թե՞ չեմ կարող: Մենք հիմա չենք կարող ստույգ ասել, ֆերմերն էլ չի կարող ասել, որովհետեւ կարկուտը խփել ա խաղողի վազին, կան դեռ ողկույզներ, որ խաղող պիտի դառնան, բայց կարող է էդպես էլ չհասունանան ու խաղող չդառնան, էդպես փոքր էլ մնան: Դեռ խնդիր էլ կա, թե  գյուղացին կկարողանա՞ հավելյալ պարարտանյութ գնել ու խաղողի վազին տալ: Դրա համար ժամանակ է պետք պարզելու իրական վնասները ու հետագայում հաշվելու դրանք, երեւի մեկ ամիս պետք է, կոպիտ ասած`տեսնենք գլխներիս եկածներն ինչ է»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031