«Ես բացարձակապես հակասություններ չունեմ ԲՀԿ տնտեսական թիմի հետ, ինչո՞ւ պիտի ունենայի: Հասկացեք, որ ես մասնագետ մարդ եմ, որևէ մեկը, որ չի պատկերացնում մոլորակի կլորության մասին, մի բառ է ասում, և ես վերցնեմ իմ արսենալ և օգտագործե՞մ»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ն դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, իսկ ինքը պաշտպանում է այն, այսպես պատասխանեց տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: Շարունակելով նշեց, որ մի քանի մարդիկ են գտնվել, որ այդպես են հարմար գտել, այդպես էլ քվեարկել, դրանում ոչ մի արտառոց բան չկա: Հետո էլ ասաց. «Ես ՀՀ քաղաքացի եմ, մասնագետ»:
Դառնալով ներքաղաքական կյանքին, պարոն Բոստանջյանը նշեց, որ շատ ուժեր շնչահեղձ եղան, այնինչ պետք է մատը պուլսի վրա պահվեր:
Գազի սակագնի բարձրացման առումով Վ. Բոստանջյանը չնայած կոնկրետ չգիտի, թե պատճառը որ դաշտում է՝ ՀՀ-ում, Հայռուսգազարդում, Գազպրոմում, թե ՌԴ-ում, բայց միևնույն ժամանակ նշում է. «Թե ում մեղքն է, ում չափաբաժինը որքան էլ դժվար է ասել, բայց դա հավանական եմ տեսնում ռուսական կողմի մոտ: Բոլոր դեպքերում հարցը պարունակում է նաև քաղաքական երանգ: Եկեք մի պահ հասկանանք, որ կան ազդեցության ոլորտներ, որոնք ղեկավարում են մեծ երկրները, ՀՀ-ն գտնվել է այդ ոլորտներից մեկում: Մենք մեզ թույլ չենք տալիս որոշակիացնել, որ կողմն ենք ուզում գնալ: Այս պարագայում այդ ուժեղ կողմը կարող է ասել, թե եթե այդպես է, իմ ապրանքն այս գնով եմ առաջարկում: Եվ մենք իրավունք չունենք կուրծք ծեծել»:
Նշված խնդիրների հաղթահարման համար պարոն Բոստանջյանը կարծում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է 80-100 հազար դրամով բարձրանա:
Կարդացեք նաև
Դառնալով կարկտահարության հարցին՝ պարոն Բոստանջյանը նշեց, թե «սուտիմուտի մահանեք» բոլորը կարող են անեն. պետք է ոչ թե ասեն, թե մենք ձեզ էժան պարարտանյութ, սերմեր ենք տվել, այլ օրինակ՝ գնել գյուղացի ողջ բերքը, բայց կամք չի դրսևորվում….»:
Հետաքրքրվեցինք՝ Վ. Բոստանջյանը մասնակցելո՞ւ է պատգամավորների նախաձեռնած դրամահավաքին, նա նշեց. «Ես այդպիսի արտիստ բաների չեմ մասնակցում»: Հետո էլ խնդրեց, որ չհրապարակենք իր խոսքերը՝ նշելով, թե ընկերական խոսում ենք: Այնուհետև փոխեց կարծիքը:
Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպի և այն հարցի վերաբերյալ, թե արդյոք համարժե՞ք են այն միջոցները, որոնք ձեռնարկվեցին նրա նկատմամբ, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Իհարկե դա բավարար չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































