«Օրդֆիլմ» կինոընկերությունը՝ «Իդրամ»-ի հետ համատեղ, նորարար մտածողությամբ երիտասարդ ռեժիսորների ու օպերատորների համար մրցույթ է հայտարարել: Aravot.am-ի հետ զրույցում «Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը նշեց, որ «Օրդֆիլմը» միշտ աջակցություն է ցուցաբերում երիտասարդ ստեղծագործողներին՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ստեղծագործականով, պրոդյուսերական եւ այլն: «Անընդհատ փորձում ենք գտնել գործընկերների՝ տաղանդավոր, շնորհալի երիտասարդներ հայտնաբերելու համար: Միգուցե հետագայում նաեւ համագործակցենք նրանց հետ: Մեզ համար կարեւոր է, թե վաղը ովքեր են լինելու կինոդաշտում, որովհետեւ այսրոպեական խնդիրներ լուծելով, ապագա չենք կարող ունենալ»,-ասաց մեր զրուցակիցը: Հայկ Օրդյանը հավելեց, որ մրցանակակրի համար «Օրդֆիլմը» փաթեթ կառանձնացնի եւ մի ամբողջ փաթեթ կնվիրի:
Նրանից հարցրինք՝ եթե 10 միավորանոց սանդղակով գնահատելու լինի մեր կինոդաշտը, քանի՞ միավորի մասին կարող է խոսք լինել: «Երեւի թե հինգ…Պատճառներից մեկն այն է, որ մենք հեռացել ենք մեզանից կոնկրետ կինոյի ասպարեզում: Չեմ ասում, թե պարտադիր պետք է նկարենք խորը ազգային ֆիլմեր, որ միայն մենք կհասկանանք: Բնավ դա նկատի չունեմ: Բայց որ պետք է պահենք ազգային շերտը, այլ կարծիք լինել չի կարող: Թե չէ շատ դեպքերում կապկում ենք եվրոպական, ամերիկյան ֆիլմերին, դրա համար էլ դրսում հետաքրքիր չենք լինում, մինչդեռ իրանական, թուրքական կինոն ընդունվում է Եվրոպայի կողմից՝ իրենց ազգային շերտի շնորհիվ: Ամենամեծ խնդիրը դա է, դաշտի ու դպրոցի պակասը: Այսօր ծայրահեղությունից ծայրահեղության ենք դիմում. կա՛մ հեղինակային կինո ենք նկարում, ռեժիսորներ կան, որ միայն իրենց համար են նկարում ու իրենք իրենց արածի վրա ուրախանում, ոմանք էլ գնում եմ փոփ-կորնային ֆիլմերի ճանապարհով՝ մոռանալով կինոարվեստի մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































