Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԻ ԱՆՎՃԱՐ ՍՑԵՆԱՐ

Հունիս 12,2013 11:39

Անվանումը՝ Հայի վերջին խելքը (Վազգեն Սարգսյանի հեռակա թույլտվությամբ)

Պատվիրատու՝ հայտնի և անհայտ շահառուներ

Հիմնական դերակատարներ՝ առայժմ 50 հազար ոչխար, հովիվներ՝ կանանցով, երեխաներով

Թռուցիկ դերերում՝ բնապահպաններ

Գործողության վայրը՝ Հայոց աշխարհ

Պաստառին (էկրան) Հայաստանի Հանրապետության գծապատկերն է, ներսում՝ ճերմակ դատարկություն: Հայտնված երկկողմ սլաքը ցուցում է երկրի առավելագույն երկայնքը՝ 360, լայնքը՝ 200 կմ: Այնուհետ դատարկությունը ներկվում է հոծ կանաչով, տարբերակելի են հայտնի վայրերը: Լսվում է բացվող դարպասի ճռինչ, խոյերի, մաքիների բռբռոց, գառների մայուն, և Հայաստանի հարավային սահմանում նշմարվել է սկսում ոչխարի հոտը: Էկրանը կիսվում է. մի հատվածում դանդաղ առաջացող գլուխներ են, մյուսում՝ լուսագիր. 50 հազարը բաժանած 500-ի, հավասար է 100 հոտ: Յուրաքանչյուր հոտին ուղեկցող առանվազն  3 հրացանակիր հովիվ, հավասար է 3 հարյուր զինյալ, նրանց կանայք՝ թիվը հայտնի չէ, լամուկները՝ ամսեամիս ավելացող, ազգությունը՝ անորոշ… Վայոց ձոր և Գեղարքունիքի մարզ մղվող հոտերի շարժը փորձում են կասեցնել բնապահպանները, վահանակներին՝ Մի անապատացրեք երկիրը, Ոչ սյունիքի վաճառքին, Անշահավետ գործարք, Հետևանքն աղետալի է, Ժողովրդագրական սպառնալիք… Հիդրա հիշեցնող հոտը, խժռելով, կճղակների տակ ճզմելով պաստառները՝ շարունակում է անկասելի ընթացքը: Ետքից կանաչ, խոտի ծեղ չկա, համատարած գորշություն է. ոչ այն է բրդի միատարր զանգված, ոչ այն է՝ ամայուտ: Սևանի մոտ հոտը ճյուղավորվում է: Դիլիջանի ոլորաններ խուժողներին և Կոտայքի սարահարթ իջվարողներին կանգնեցնել ջանացող բնապահպաններն առավել սակավ են: Լսվում է մի քանի կրակոց և … այլևս ոչ մի խոչընդոտ: Քիչ անց կենդանի հորձանքն Արագածի փեշերին է, Արարատյան դաշտում, Շիրակում, Լոռվա, Տավուշի անտառներում… Կանաչի հետք բացարձակ առկա չէ, մռայլությունը մեղմում են մի քանի կապույտ երակներ և Սևանի հայելին: Խոշոր պլանով՝ կճղակավորի անմեղսունակ հայացք, ապա՝ ցամաքում են գետերը, ի չիք է Սևանը. ողջ Հայաստանը մակաղած ոչխարի փարախ է, այսուայնտեղ՝ վրաններ: Սլաքը ցույց է տալիս Արցախը: Վայրկյան անց հոտից առանձնացած ճյուղավորումները Քարվաճառով, Կովսականով այնտեղեն… Միջին պլանով՝ իլիկ մանող խուփբերան կին: Գլխիկին կծիկվողը Հայաստանի, ազատագրյալ Արցախի սահմանագիծն է: Փաթույթը հաստանում է, թելը՝ պրծնում: Հայոց աշխարհը Թուրքիայից, Ադրբեջանից, Ատրպատականից, Նախիջևանից, Վիրքից զատող, կողմնորոշիչ գիծը բացակայում է: Անապատային քամու սույլ…

Վերջում՝ մեծատառ լուսագիր. Է~Ն ԱՌԱՋԻՆ ՉՈԲԱՆԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒՑ ԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ, ՉԷ՝ ՄԵՐ ԿԱՆՉԵԼ-ԲԵՐԵԼՈՒՑ ԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ (Վազգեն Սարգսյան, «Հայի վերջին խելքը», 1989):

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

արձակագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Նոր հայերը մեր երկիրը մի քանի հարյուր տարով հետ են տանում… Եթե նրանք ոչ լրիվ միջնակարգ կրթություն ստացած լինեին, գոնե պատմության դասերից կհիշեին Ավստրալիայում անգլիացիների գաղութատիրության տարիներին ծնունդ առած հայտնի միտքը` «ոչխարները կերան մարդկանց»… Արամ ջան, շատ դիպուկ ու ճիշտ ես նկատել մեր վաղվա օրը, նմում է ուղեղիկները շարժեն, բայց շարժելու համար, գոնե այն պետք է լինի…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930