Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Հայաստանի ամենախոշոր մթերող ընկերության` «Սպայկայի» նոր արտադրամաս: Տպավորիչ էին շինարարական աշխատանքներին զուգահեռ ընթացող արտադրական եռուզեռը, նոր մասնաշենքում արդեն ներդրված արտադրական կարողությունները:
Նախարարը ծանոթացավ 1000 տոննա տարողությամբ նոր սառնարանային տնտեսությանը, որի հզորությունն ընկերության պատասխանատուների հավաստմամբ` կեռապատկվի, հասնելով 3000 տոննայի:
«Սպայկայի» տնօրինությունը Սերգո Կարապետյանին ներկայացրեց նոր մասնաշենքի հնարավորությունները, ցուցադրեց մթերված ծիրանի վերջին խմբաքանակը` նշելով, որ ծիրանի մթերման այսօրվա գինը 400-500 դրամ է, ընդ որում, վճարումը կատարվում է կանխիկ` հենց տեղում:
Սերգո Կարապետյանը լրագրողների հետ ունեցած իր ճեպազրույցում բարձր գնահատեց ընկերության արտադրական կուլտուրան, հայտնելով որ Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ, որից 3750 տոննան իրացրել է Սպայկա ընկերությունը, իսկ 4500 տոննա արտահանված ծիրանի խմբաքանակում այս ընկերությունն ավելի քան 850 տոննայի ներդրում ունի: Գյուղատնտեսության նախարարն ասաց, որ շուտով կսկսվի նաև ծիրանի վերամշակման փուլը և ինչպես խոստացվել է գյուղացիներին, ամբողջ բերքը կմթերվի ժամանակին և շահավետ պայմաններով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն