Լրահոս
Օրվա լրահոսը

Գենդերային հավասարությունից մինչեւ այլասերում եւ զեբրի ու ձիու խաչասերում

Հունիս 25,2013 21:17

 

«Խտրականության դեմ» եւ գենդերային հավասարության մասին օրենքների դեմ պայքարողներին կոչ արեցին չմոռանալ ավելի հրատապ խնդիրների մասին, որոնք կանգնած են մեր ընտանիքների առջեւ:

Հունիսի 29-ից ուժի մեջ կմտնի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Օրենքով, մասնավորապես, ամրագրվում է, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի և անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է:

Սակայն, ըստ Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի այսօր հրավիրած «Ընտանիքի պաշտպանության գերխնդիրը` սեռական այլասերվածությունների օրինականացման գործընթացին դեմ հանդիման» թեմայով քննարկման մասնակիցների՝ օրենքը, մասնավորապես, նրանում տեղ գտած «գենդեր» բառի սահմանումը խիստ վտանգավոր ձեւակերպում ունի: Ըստ այդմ՝ «գենդերը  տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքն է»:

Քննարկման մասնակիցներից մեկը՝ Հանրային խորհուրդը ներկայացնող Ելենա Վարդանյանը, այնքան էլ համաձայն չէր քննարկման մասնակիցների այն տեսակետին, թե գենդերային հավասարության եւ ընդդեմ խտրականության օրենքները միասեռականություն են քարոզում. «Ես որոշակի կողմնապահություն եմ տեսնում: Երկար տարիներ ծանոթ լինելով գենդերային տեսությանը՝ ես չէի պատկերացնում, որ մի օր կարող է ասվել, թե այդ այլասերվածությունը գենդերի մեղքով է: Գենդերային հավասարությունը չի կարող տանել միասեռ ընտանիքների կամ համասեռամոլության: Ասել, թե սոցիալական կյանքում կանանց ակտիվությունը պատճառ կարող է դառնալ միասեռականության տարածման՝ չի կարելի: Եթե այսօր մենք ունենք ամուր ընտանիքի խնդիր, որը լուրջ վտանգների առջեւ է կանգնած, առաջին վտանգը միգրացիան է, այսօր բազմաթիվ ընտանիքներ ունենք, որ հայրը արտագնա աշխատանքի է, ա’յ, դա է լուրջ մարտահրավերը, եւ ոչ թե այն, որ ուզում ենք, որպեսզի կանայք կրթության եւ աշխատանքի իրավունք ունենան, հավասար հնարավորություններ ունենան: Մենք պետք է պայքարենք, որ կանայք սոցիալական կյանքում իրենց արժանի դերն ունենան եւ այլ ոչ թե ասենք, որ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը խաթարում է մեր կյանքը»: Նա կոչ արեց՝ ճիշտ շեշտադրումներ անել. «Բուժման մեթոդը պետք է լինի առողջ բջիջների զարգացումը, ոչ թե՝ հիվանդ բջիջների դեմ պայքարը: Ինչպե՞ս կարելի է շեշտադրում անել, թե գենդերային իրավունքներից խոսողները ճանապարհ են հարթում դեպի միասեռականության տարածում»:

Ի դեպ, մոտավորապես նմանատիպ մի հարց էլ բարձրացրեց այս քննարկմանը հրավիրված «Հանուն կյանքի» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ռաուլ Ռեյեսը: Նա, ընդունելով, որ հոմոսեքսուալիզմի տարածումը լուրջ վտանգ է ողջ աշխարհում, կոչ արեց չմոռանալ այլ խնդիրների մասին եւս, որոնք կանգնած են ընտանեկան արժեքների դեմ. «Զարմանում եմ, որ այսօր դուք չեք խոսում կանանց հանդեպ բռնությունների մասին, որն ավելի լուրջ խնդիր է աշխարհում: Ես Հայաստանում հանդիպելով բազմաթիվ կրոնական անձանց հետ՝ հարցնում էի՝ դուք գտնում եք, որ մինչեւ ամուսնանալը կանայք պետք է կո՞ւյս լինեն, բոլորն ասում էին՝ իհարկե, այո, այո… հարցնում էի՝ իսկ տղամարդի՞կ, ասում էին՝ դե, ոչ, ինչ կարիք կա… Մենք պետք է լինենք շատ հստակ՝ մեր առջեւ դրված խնդիրներում: Եթե մենք խոսում ենք միասեռականության դեմ՝ որպես անբարոյականություն, մենք պետք է խոսենք ընդհանրապես սեռական կապերի սրբության, մաքրության մասին»:

«Բարեփոխում» ՀԿ նախագահ Կարինե Հակոբյանը հակադարձեց. «Երբ կնոջից ավելի մեծ բարոյականության է պահանջվում, դա մեծ պատիվ է, նշանակում է նրանից ավելի մեծ սպասումներ կան: Դա ամաչելու, խուսափելու բան չէ, դա հետամնացություն չէ»:

Իսկ փիլիսոփա, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ կոչ արեց զգոն լինել, քանի որ Եվրոպայից ներմուծվող արժեքների հետ մեր հասարակույթանը ոչ հարիր օրենքներ էլ են ներմուծվելու. «Եթե տեղի ունենա Ասոցիատիվ պայմանագրի ստորագրումը, մենք պետք է մեր օրենսդրությունը սինխրոնիզացնենք ԵՄ օրենքների հետ, եւ 1200 փոփոխությունները, որ մեզ պարտադրվելու են, վտանգավոր բաներ կարող են պարունակել իրենց մեջ»:

Քննարկման մասնակիցներից մեկն էլ՝ ԵՊՀ-ից կենսաբանական գիտությունների թեկնածու, ֆիզիոլոգ Մարիետա Կարապետյանն էլ նշեց, որ որեւէ կասկած չկա, որ «Խտրականության դեմ» օրինագիծը գլոբալացման ծրագրերից է, որը մեր մշակույթի, մեր ընտանիքի վրա ձեռք է բարձրացնում: Անդրադառնալով այլասերվածությունների ավերիչ բնույթին՝ նա հիշեց ամերիկացի գիտնականներին, որոնք փորձել են ձիուն խաչասերել զեբրի հետ, ոչինչ չի ստացվել, սակայն որոշ ժամանակ անց այդ ձին այլ՝ սովորական ձիուց ունեցել է մտրուկներ, որոնք բծավոր են եղել: Եվ կիոլոգներն էլ հաստատապես գիտեն, որ եթե  ցեղական շունը թեկուզ մեկ անգամ հարաբերվում է փողոցային շան հետ՝ այլեւս խոտանվում է.«Քաղաքակրթությունները կործանվում են միայն եւ միայն այլասերվածությունների պատճառով»: Նա վստահություն հայտնեց, որ տարբեր ֆլեշմոբերը՝ ընդդեմ կարմիր խնձորների եւ այլն՝ դրսից են ֆինանսավորվում՝ մեր ընտանեկան բարձր ստանդարտները կոտրելու նպատակով. «Իմ ամերիկացի բարեկամները, երբ այցելում են, միշտ ասում են՝ ինչ հզոր ազգ եք, ինչ հզոր ընտանիքներ ունեք: Դա դրսի աչքը հանում է, եւ դրա համար փորձում են քանդել: Սա մի ցունամի է, որի դեմը չենք կարող առնել, պետք է մանկապարտեզներից եւ դպրոցներից սկսել պայքարը դրա դեմ»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Լրիվ արհեստական մի օրենք է, հեռու գնացող սատանայաակ պլանների մի փոքրիկ բայց կարևոր քայլ…
    հայկական միջավայրում կինը ընդանրապես միշտ է եղել է հարգված, հավասար իրավունքներով, նույնիսկ ընտանեական հարթակում շատ անգամ ավելի հզոր քան տղամարդը: Ու դա նորևմալ է, ճիշտ է, լավ է: Այն այլանդակությունները, որ տեղի են ունեցել և ունեն, դա ընդամենը այլանդակություններ են, ու մեր ազգի դիմագծի հետ կապ չունեն: Կինը հայկական միջավայրում օրենսդրական պաշպանության կարիք չունի, քանի որ Կինը, Մայրը, Քույրը հայակական միջավայրում հավասարացված է համարյա թե Սրբի կարգավիճակին, որին հանդեպ ամեն մի ոտնձգություն խստորեն պատճվում է առաջին հերթին բարոյական դաշտում, իսկ հետո նաև համապատասխան ֆիզիկական “հաշվետվությամբ” : Ոչ մի դպրոցահասակ տղա չի համարձակվի ձեռք բարձրացնել իր համադարսարանցի աղջկա վրա: Ու դա ներմուծվում է տղայի մեջ մոր կաթի հետ միասին…
    Երբևէ հայ կինը չի բողոքել իր իրավունքների ոտնահարման դեմ , որպես հասարակական համատարած երևույթ:
    Աշխարհի ժողովուրդները բարի կամ չար նախարձով են միշտ նայել, թե ինչպես է հայ /և ընդանրապես ասած կովկասցի/ տղամարդը հարգել, մեծարել ու պաշտել Կին էակին:
    Հիմա դուք մտածեք, թե ո՞ւմ էր պետք այսպիսի օրենքը:
    Լավ է գոնե, որ հայ մտավորականների գերակշիռ մեծամասնությունը, հասկանում է թե ինչը ինչոց է, ու որտեղից է այդ ամենը գալիս:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930