Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան․ «Մեզ համար կարևոր է Հայ Հեղափոխական Դաշնակցության ամուր լինելը»

Հուլիս 25,2013 21:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի անցկացման առիթով:

Ողջունելով հյուրերին և կարևորելով կառույցի դերը հայապահպանության գործում` վարչապետը նշել է. «Միշտ հաճելի է հանդիպել Հայ մարմնակրթական ընդհանուր միության երիտասարդներին: Համոզված ենք, որ հայրենասիրական դաստիարակության ոգին պահպանելու և առաջ մղելու գործը լավագույնս հենց դուք եք իրականացնում: Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի լավագույնս կարողանաք այդ առաքելությունն իրականացնել»:

3-Homenetmen--25.07.13

Հ.Մ.Ը.Մ. Լիբանանի ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել հանդիպման մասնակիցներին և ընդգծել, որ իրենց նպատակն է, որպեսզի սփյուռքահայ երիտասարդներն այցելեն հայրենիք: Նա տեղեկացրել է, որ հուլիսի 28-ին «Ազատության» հրապարակում տեղի կունենա Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որոնք տևելու են մեկ շաբաթ: Այս տարի դրանց մասնակցելու է Հայաստանի և սփյուռքի ավելի քան 600 մարզիկ:

2-Homenetmen--25.07.13

Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական վարչության անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին մարզախաղերի կազմակերպմանն օժանդակելու պատրաստակամության համար, ինչում իրենք բազմիցս համոզվել են և խնդրել են աջակցել նաև բանակավայրերի համար ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրված տարածքների բարեկարգման և ընդլայնման հարցում: Նրանք նաև բարձր են գնահատել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն այդ ուղղությամբ:

Ընդգծելով ազգապահպանության գործում սփյուռքում գործող հայ կուսակցությունների նշանակալի դերը` կառավարության ղեկավարը նշել է. «Մեզ համար կարևոր է Հայ Հեղափոխական Դաշնակցության ամուր լինելը, որովհետև այն իր ուսերին մեծ առաքելություն է կրում: Շահագրգռված ենք, որ մեր ավանդական կուսակցությունները միշտ ուժեղ լինեն, որովհետև ձեր հայապահպան առաքելությանն այլընտրանք չկա»: 

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031